Մատչելիության հղումներ

Սահմանային անցակետերում խստացվել է հսկողությունը էբոլայի դեպքերը հայտնաբերելու համար


Առողջապահության նախարարության ներկայացուցիչները պնդում են, որ էբոլայի տարածումը Հայաստանում քիչ հավանական է, քանի որ այն տարածող կենդանիներ Հայաստանում չկան:

Օդանավակայանում ու Հայաստանի բոլոր սահմանային անցակետերում տեղադրվել են հատուկ սարքեր, որոնք կարող են հայտնաբերել բարձր ջերմությամբ մարդկանց: Հենց բարձր ջերմաստիճանն է էբոլա տենդով վարակվածության սկզբնական նշաններից մեկը:

Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ եղանակային անկայունությամբ պայմանավորված՝ հիմա շատ են գրիպով հիվանդ մարդիկ, ովքեր նույնպես ջերմում են, սարքը ֆիքսում է նաև նրանց: Բոլորի հետ մի քանի րոպե առնվազն պետք է զրուցել՝ պարզելու թե, արդյոք վարակի համար ռիսկային երկրից չի եկել, կամ էբոլա տենդով հիվանդ մարդու հետ չի շփվել:

Ասոյանն ասում է, որ ինչպես բոլոր երկրները, այնպես էլ Հայաստանն ապահովագրված չէ վարակից: Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 22 օր: Եթե անգամ մարդն առաջին մի քանի օրերին է վարակվել էբոլա տենդով և գալիս է Հայաստան, դժվար է այն հայտնաբերել:

«Այդ շրջանում նրա մոտ որևէ ախտանիշ չկա․ ո՛չ ջերմություն, ո՛չ ցան, ո՛չ արյունահոսություն, որևիցե կերպ հնարավոր չի․․․ Միայն բարդ վիրուսաբանական անալիզ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ասոյանը:

Ասոյանի խոսքով՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, օրինակ, հատուկ համազգեստներ, բժշկական դիմակներ, ձեռնոցներ ու անհրաժեշտ հողաթափեր կան: Միայն այստեղ կան մեկուսացված 15 հատուկ հիվանդասենյակներ, որտեղ կարող են շուրջ 60 հիվանդ ընդունել: Սակայն այս հիվանդասենյակները հատուկ էբոլայով հիվանդների համար չեն նախատեսված, այլ բոլոր սուր վարակիչ հիվանդություններով հիվանդների:

Առողջապահության նախարարությունը, ուղղորդվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներով, մասնագետներին հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը պետական օդային ու ցամաքային սահմանների անցակետերում, հետևել տեղադրված ջերմացուցիչներին, որոնք հնարավորություն են ընձեռում հեռավորության վրա հայտնաբերելու ջերմող հիվանդներին, խստացնել հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբանների աշխատանքները՝ կասկածելի դեպքերի հայտնաբերման ուղղությամբ:

Նախարարությունում պնդում են, որ սահմանային հսկիչ կետերի աշխատողներն ապահովված են անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով ու ախտահանիչ նյութերով:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը, ով նաև հանրապետության գլխավոր վարակաբանն է, վստահեցնում է, որ իրենց կենտրոնի բոլոր աշխատակիցները, որոնց թիվը մի քանի տասնյակ է, պատրաստ են աշխատել էբոլա տենդով հիվանդների հետ:

Ասոյանը չի բացառում, որ կլինեն նաև այնպիսիք, ովքեր մահացու այս հիվանդությամբ վարակվելու մտավախություն ունենալով, գուցե նաև հրաժարվեն աշխատել էբոլա տենդով հիվանդի հետ: Բայց հավաստիացնում է, որ իր փորձառու մասնագետները պատրաստ են, և նրանց թիվը մեծ է․ - «Մեր անձնակազմը տարիներ շարունակ սպասարկել է, ունեցել ենք սիբիրախտի դեպքեր, խոզի գրիպ․․․ Անձնակազմը պատրաստ է»:

Հիշեցնենք, որ վարակի վաղ նախանշաններն են տենդը, գլխացավը, հոդացավը, մկանների և կոկորդի ցավը, փորլուծությունը, փսխումը և ստամոքսի ցավը: Որոշ դեպքերում էլ՝ մաշկային ցան, աչքերի կարմրություն, զկռտոց, ինչպես նաև ներքին ու արտաքին արյունահոսություն կարող է առաջանալ:

Տենդով վարակված մարդկանց մինչև 90 տոկոսին մահվան ելք է սպառնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG