Մատչելիության հղումներ

Մոսկվան լեհերին համոզում էր «բաժանել» Ուկրաինան


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, արխիվ, Կրեմլ, Մոսկվա, 8 փետրվարի, 2008թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, արխիվ, Կրեմլ, Մոսկվա, 8 փետրվարի, 2008թ.

Ռուսները հրապարակումն անվանում են «կեղծիք»։

«Ղրիմով Պուտինն ամբողջությամբ իր ձեռքը վերցրեց իշխանությունը»

Արևմտյան մամուլում հրապարակվել է սկանդալային նոր հաղորդագրություն. Լեհաստանի նախկին արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին, ով այսօր զբաղեցնում է խորհրդարանի` Սեյմի խոսնակի պաշտոնը, Politicо ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում ասել է, թե ռուսները դեռ մի քանի տարի առաջ լեհերին փորձել են ներգրավել Ուկրաինան մասնատելու գործում։

2008 թվականին նախագահ Վլադիմիր Պուտինը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ մասնավոր զրույցում իբրև թե ասել է, որ «Ուկրաինան արհեստական պետություն է, իսկ Լվովը լեհական քաղաք է»։

Սիկորսկու փոխանցմամբ, Տուսկը չի արձագանքել՝ ենթադրելով, որ ռուսները գաղտնալսում են այդ զրույցը։

«Կարծում եմ, Ղրիմի բռնակցմամբ Պուտինի վարչակարգը հոգեբանորեն փոխվել է։ Դա այն պահն էր, որը համոզիչ էր դարձել նրա շրջապատում մինչ այդ եղած բոլոր կասկածողների համար։ Այդպես էր Նապոլեոնի հետ Աուստերլիցից հետո, այդպես էր Հիտլերի դեպքում Փարիզը գրավելուց հետո։ Այդ պահից Պուտինն ամբողջությամբ իր ձեռքը վերցրեց իշխանությունը»,- ասել է Սիկորսկին։

Արևմտյան վերլուծաբանները նշում են, որ այսօր Պուտինի շրջապատում էապես նվազել է ազատ շուկայի կողմնակից տնտեսագետների, ինչպես նաև նախագահին նվիրված մեծահարուստների ազդեցությունը։ Պուտինն ավելի սերտ է շփվում հատուկ ծառայությունների և պաշտպանության նախարարության ղեկավարների հետ։

«Տարեցտարի նրա շրջապատն ավելի փոքրաթիվ է դառնում, Պուտինը հիմա հաշվի է առնում միայն հատուկ ծառայությունների և զինվորականների կարծիքը»,- Politicо-ին ասել է Կրեմլին մոտ կանգնած մի պաշտոնյա, ով խնդրել է չհրապարակել իր անունը։

Հանդեսի լրագրող Բեն Ջուդան գրում է, որ Մոսկվայում հիմա վախի մթնոլորտ է, բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարվում են սմարթֆոններից, գերադասում են հին մոդելների բջջային հեռախոսները, մասնավոր կարևոր զրույցներից առաջ դրանք ոչ միայն անջատում են, այլև հեռախոսից դուրս են հանում մարտկոցները՝ հուսալով, որ այդպես հաստատ կկանխեն գաղտնալսումը։

Նրանք ենթադրում են, որ անզգույշ խոսքի հետևանքով կկորցնեն պաշտոնը, կենթարկվեն հալածանքների։

Կրեմլն արդեն արձագանքել է այդ հրապարակմանը։ Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ այդ Politicо հանդեսը կեղծիք է տպել։

Ըստ վերլուծաբանների, լեհ-ռուսական հարաբերությունները ուկրաինական ճգնաժամի հետևանքով սրվել են։ Վարշավան ամենասկզբից խստորեն դատապարտել է ռուսների կողմից Ղրիմի բռնակցումը, ՆԱՏՕ-ին կոչ է արել ամրացնել դիրքերն Արևելյան Եվրոպայում։

Դոնալդ Տուսկն, ով այս տարվա դեկտեմբերի 1-ից Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինելու է Հերման Վան Ռոմպոյին, վարչապետության օրոք Եվրոպային առաջարկել էր հանդես գալ համատեղ ճակատով, ստեղծել համաեվրոպական էներգետիկ միություն և այդպիսով վերջ տալ կախվածությանը Ռուսաստանից։

Ի պատասխան եվրոպական պատժամիջոցների, Ռուսաստանն արգելել է պարենի ներմուծումը Լեհաստանից, ինչից էապես տուժել են լեհ գյուղացիները։ Ապա լեհերը Սլովակիայից Ռուսաստան վերադարձող պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին արգելել են անցնել լեհական օդային տարածքով։

Եվ վերջապես հոկտեմբերին լրտեսական սկանդալ է սկսվել այն բանից հետո, երբ Լեհաստանում ռուսների օգտին լրտեսելու մեղադրանքով ձերբակալել են երկու կասկածյալի։

ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի գերմանացիների հայտնած տվյալները

Գալիք ուրբաթ` հոկտեմբերի 24-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկելու է Ուկրաինայի խնդիրը։ Ենթադրվում է, որ խորհուրդը կանդրադառնա գերմանական հետախուզության հրապարակած նոր տվյալների, որոնք ապացուցում են, որ այս տարվա ամռանը մալայզիական «Բոինգը» «ԲՈԻԿ» հրթիռով ռուս անջատականներն են վայր գցել։

Ռուսական աղբյուրներն անմիջապես քննադատել են Spiegel հանդեսի հրապարակումը՝ պնդելով, որ գերմանացի փորձագետների ներկայացրած տվյալներն արժանահավատ չեն։

Եվրոպան պահպանեց պատժամիջոցները

Մինչդեռ, երեկ Լյուքսեմբուրգում Եվրամիության արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայի հարցը և որոշել են պահպանել Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները։

«Մենք նորից կոչ ենք արել ամբողջությամբ և արագ իրականացնել Մինսկի համաձայնությունները։ Փաստելով, որ կա որոշ առաջխաղացում, մենք նշել ենք, որ խաղաղության գործընթացը չափազանց փխրուն է»,- ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG