Մատչելիության հղումներ

ՀՀԿ խմբակցության ղեկավար․ «ԱԺ դահլիճում զգացի ալիևյան նավթադոլարների հոտ»


ՀՀԿ խմբակցության ղեկավար․ «ԱԺ դահլիճում զգացի ալիևյան նավթադոլարների հոտ»
please wait

No media source currently available

0:00 0:03:36 0:00

ՀՀԿ խմբակցության ղեկավար․ «ԱԺ դահլիճում զգացի ալիևյան նավթադոլարների հոտ»

Ազգային ժողովում ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկումը ուղեկցվել է պատգամավորների լեզվակռվով:

Խորհրդարանում երեկվանից մեկնարկած Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) տարեկան զեկույցի քննարկումը այսօր էլ շարունակվեց թեժ մթնոլորտում։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի համար նման բուռն քննարկումները պատահական չէին, քանի որ ըստ նրա՝ Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ մարդու իրավունքները ոտնահարված չլինեն: Որպես օրինակ պատգամավորը նշեց դատական համակարգը՝ հայտարարելով, որ եթե գտնվի գոնե մի քաղաքացի, ով հավատում է դատական համակարգի անկախությանը, ապա նրա անունը պետք է Գինեսի ռեկորդների գրքում գրել։

«Այլապես հնարավոր չէ որևէ սթափ տրամաբանությամբ բացատրել, թե ինչպես է հնարավոր մի անչափահաս երիտասարդի, օրինակ՝ Շահեն Հարությունյանին, հասկանալի չէ, թե ինչի համար դատապարտել թեկուզ 4 տարի, թեկուզ պայմանական ազատազրկման, մինչդեռ մեկ այլ երիտասարդի՝ Սյունյաց արքունիքից, խիստ կոնկրետ հանցագործության համար որևէ մեկ օր անգամ պատժի չենթարկել», - ասաց Զոհրաբյանը:

Իրավիճակը հատկապես թեժացավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ելույթի ժամանակ, ով նախ անդրադարձավ որոշ պատգամավորների երեկվա պահվածքին։

Երեկ, հիշեցնենք, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ընթերցել էր, իր ձևակերպմամբ՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ, իսկ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել էր Մարտի 1-ի դեպքերը։

Բաղդասարյանը առանց անուններ նշելու հայտարարեց, թե երեկ «դահլիճում ալիևյան նավթադոլարների հոտ է առել», ինչից հետո Նիկոլ Փաշինյանը պահանջեց ընդհատել նրա ելույթը։

«Երբ որ Ազգային Ժողովի նախագահ կլինեք, կընդհատեք: Ես գիտեմ՝ երբ եմ ընդհատում», - արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Փաշինյանին միացավ նաև Զարուհի Փոստանջյանը: Պատգամավորների միջև լեզվակռիվ սկսվեց, Հանրապետական խմբակցության ղեկավարն էլ Գալուստ Սահակյանին խնդրեց կարգուկանոն ապահովել:

«Ես էլ ձեր ելույթից եմ նավթադոլարների հոտ առնում», - տեղից հակադարձեց Նիկոլ Փաշինյանը։

«Մեր մեծերը խորհուրդ են տալիս, որ չվիճենք տգետների, անբարոյականների, սակավամիտների, սադրիչների հետ, քանի որ դրանք այդ գործը լավ են տիրապետում, և մենք կպարտվենք: Այդ իսկ պատճառով ես չեմ ցանկանում իջնել այդ մակարդակին և նման բանավեճերի մեջ մտնել: Ւսկ պոռոտախոսներին ցանկանում եմ ասել՝ ինքներդ ձեզ մեկ անգամ հայելու դեմ կանգնեք և ասեք՝ ի՞նչ եք արել այս երկրի համար», - ասաց Բաղդասարյանը:

Բաղդասարյանի ելույթի շարունակությունը արդեն ՄԻՊ զեկույցի մասին էր: Նա ասաց, որ թեև գնահատում են պաշտպանի աշխատանքը, բայց, օրինակ, հանձնաժողովի նիստերին կամ միջոցառումներին Կարեն Անդրեասյանը անձամբ չի ներկայանում, նաև պատգամավորներին հանձնարարականներ է տալիս, ինչը նա կապեց օմբուդսմենի երիտասարդ լինելու հետ։

Բաղդասարյանին հակադարձեց օմբուդսմենը՝ ասելով, որ ԱԺ եկել է փոխգործակցության ակնկալիքով։ Քանի որ խիստ ծանրաբեռնված է, չի հասցնում ներկայանալ նիստերին, բայց եթե որևէ պատգամավոր ամբիցիաներից ցածր է համարում համագործակցել իր աշխատակազմի հետ, ապա նա կթողնի գործերը, և անձամբ կներկայանա նիստերին։

«Իմ տարիքը ինձ բավականացնում է անելու այս աշխատանքը պատշաճ, և կան շատ տարեց և երիտասարդ մարդիկ, որոնք էդպես էլ չեն օգնում մարդու իրավունքների պաշտպանությանը», - ասաց Անդրեասյանը:

ՄԻՊ զեկույցի քննարկումը ավարտվեց: Այն ԱԺ-ի կողմից ընդունվեց ի գիտություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG