Մատչելիության հղումներ

«Ազատ դեմոկրատներ»-ը դատապարտում է «Նոյեմբերի 5»-ի գործով վճիռը


Շանթ և Շահեն Հարությունյանները դատարանի դահլիճում, արխիվ
Շանթ և Շահեն Հարությունյանները դատարանի դահլիճում, արխիվ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դատապարտում է Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ հոկտեմբերի 17-ի կայացված դատավճիռը և այն ակնհայտ քաղաքական հետապնդում է որակում։

«Դատավճիռը կայացվել է ելնելով Շանթ Հարությունյանի և նրա կողմնակիցների քաղաքական հայացքներից, ու այդ կերպ կոպտորեն ոտնահարվել է անձի սահմանադրական իրավունքը: Առանձնակի ուշադրության է արժանի այն անընդունելի երևույթը, երբ քաղաքական հայացքների համար հետապնդվում է նաև Շանթ Հարությունյանի անչափահաս որդին` Շահեն Հարությունյանը: Սա ևս խոսում է իշխանությունների անհանդուրժողականության դրսևորման մասին», - ասված է «Ազատ դեմոկրատներ»-ի տարածած հայտարարությունում:

Կուսակցությունը պահեստազորի գնդապետ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճիռը և դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ դատական գործը ևս քաղաքական հետապնդում է համարում:

«Ազատ դեմոկրատներ»-ը համոզմունք է հայտնում, որ «իրեն ժողովրդավար հռչակած պետության համար քաղբանտարկյալների առկայությունը պետք է անընդունելի և անհամատեղելի լինի»։

Երեկ «Նոյեմբերի 5»-ի գործով վճիռը դատապարտող հայտարարություն էր տարածել նաև «Ժառանգություն» կուսակցությունը։

Հիշեցնենք՝ անցած ուրբաթ օրը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Շանթ Հարությունյանին դատապարտեց 6 տարվա ազատազրկման, նրա 14-ամյա որդուն՝ 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ, գործով մյուս 12 ամբաստանյալները դատապարտվեցին 2-ից մինչև 7 տարվա ազատազրկման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG