Մատչելիության հղումներ

Լեյլա Յունուսը տեղափոխվել է ԱԱՆ մեկուսարան


Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուս, արխիվ

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուս, արխիվ

Տեղափոխման պատճառները իրավապահները չեն մեկնաբանում։

Հուլիսի 30-ից Ադրբեջանի Քյուրդախանի քննչական մեկուսարանում պահվող ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը նախօրեին տեղափոխվել է ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարան։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Յունուսի ղեկավարած Խաղաղության և ժողովրդավարություն ինստիտուտի փորձագետ Ազադ Իսազադեն հայտարարել է, որ երեկ առավոտյան ժամանել է Քյուրդախանի մեկուսարան, որպեսզի ծանրոց հանձնի Յունուսին, սակայն մեկուսարանի ղեկավարությունը հայտնել է, որ ձերբակալված իրավապաշտպանը տեղափոխվել է ԱԱՆ-ի մեկուսարան, որտեղ, ի դեպ, Լեյլա Յունուսի ամուսինն է գտնվում՝ Արիֆ Յունուսը։ Տեղափոխման պատճառները Ադրբեջանի իրավապահները չեն մեկնաբանել։

Քյուրադախանի մեկուսարանում երկուևկես ամիս գտնվելու ընթացքում Լեյլա Յունուսը պարբերաբար ահազանգում էր իր նկատմամբ գործադրվող հոգեբանական և ֆիզիկական ճնշումների մասին։ Ադրբեջանի իրավապահները, մինչդեռ, հերքում են իրավապաշտպանի հայտարարությունները բանտային պայմանների վերաբերյալ՝ պնդելով, թե դրանք իրականությանը չեն համապատասխանում, մտացածին են։

«Լեյլա Յունուսի ասածներից և որևէ մեկը չհաստատվեց։ Ես միանշանակ հայտարարում եմ, որ դրանով նա ընդամենը նպատակ ունի միջազգային կազմակերպությունների շրջանում հեղինակություն նվաճել», - նախօրեին մասնավորապես հայտարարել է Ադրբեջանի քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Հուսեյն Ալիխանովը։

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ Ալիխանովը հավաստիացրել է, թե իր ղեկավարած կառույցն ուսումնասիրել է Լեյլա Յունուսի բոլոր հայտարարությունները, այդ թվում՝ ծեծի մասին պնդումները, սակայն պարզվել է, որ դրանք բոլորը «սուտ են և իրականությանը չեն համապատասխանում»։

«Լեյլա Յունուսն առաջին հերթին կին է, և ոչ ոք չի կարող նրա հետ թույլատրելիի սահմանն անցնել: Նրա հետ ամեն ինչ լավ է, որևէ խնդիր չունի, այդ թվում՝ ինքնազգացողության հետ։ Նա պարզապես ուզում է իր անձի նկատմամբ ուշադրություն հրավիրել, ուզում է այդ ձևով դիպլոմների, մեդալների և տիտղոսների արժանանալ», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Հիշեցնենք՝ Յունուս ամուսինները ձերբակալված են հայրենիքի դավաճանության մեղադրանքով։ Նրանցից բացի, Ադրբեջանում մի քանի ամսվա ընթացքում տարբեր պատրվակներով բանտեր նետվեցին տասնյակ իրավապաշտպաններ, քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ և բլոգերներ։

Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնաճնշումները դադարեցնելու՝ տարբեր պետությունների, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կոչերը արդյունք չեն տալիս։

XS
SM
MD
LG