Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հանրությանը չի ներկայացրել տնտեսության զարգացման ռազմավարական ոչ մի ծրագիր, ընդգծում է ՀԱԿ-ի ներկայացուցիչը:

Առաջիկա երեք տարիներին Հայաստանի արտաքին պարտքի ավելի քան 700 միլիոն դոլարով մեծացումը երկիրը դնում է խիստ ռիսկային իրավիճակում՝ համոզված է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցչի խոսքով, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հանրությանը չի ներկայացրել տնտեսության զարգացման ռազմավարական ոչ մի ծրագիր, չկան նաև ներդրումային խոշոր նախագծեր, և նման պայմաններում պարտքի այդպիսի ծավալներով կուտակումը վկայում է, որ իշխանությունները շարունակաբար տապալվում են իրենց տնտեսական քաղաքականությունում:

Ամփոփելով վարչապետի հետ հոկտեմբերի 10-12-ը ԱՄՆ կատարած այցը՝ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը օրերս տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկի հետ «պլանավորված է» 2014-2017 թվականներին իրականացնել 711 միլիոն դոլարի վարկային փաթեթ: Այլ կերպ ասած, ևս երեք տարի` և միայն Համաշխարհային բանկի հետ ձեռք բերված պայմանավորվածության հետևանքով Հայաստանի արտաքին պարտքը կանցնի 4.5 միլիարդ դոլարի սահմանագիծը:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2014-ի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 3 միլիարդ 850.4 միլիոն դոլար:

«Վերցնում ենք այս գումարները, որպեսզի այսօրվա խնդիրները լուծենք՝ միայն դրա համար, ռազմավարական առումով որևէ հարց չի լուծվում։ Երկրորդ՝ վտանգը կա, որ գումարները վերցնելով արդեն, ընդհանրապես պարտքի առումով, մենք մոտենում ենք այն սահմանագծին, որի իրավունքը չունենք խախտելու, ըստ օրենքի։ Եթե ներքին պարտքն էլ, արտաքին պարտքն էլ, երբ որ գումարենք, ստացվում է մոտավորապես 5.2 միլիարդ, եթե դա էլ գումարվի երեք տարվա ընթացքում», - ասաց տնտեսագետը։

Խաչատրյանը հիշեցրեց, որ անցած տարի էլ Կառավարությունը թողարկեց 700 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր, այսինքն՝ 700 միլիոն դոլարով Հայաստանի արտաքին պարտքը աճեց:

«Խնդիրը կայանում է նրանում, որ մենք ամեն տարի 42 միլիոն դոլար, փաստորեն, միայն եվրոպական պարտատոմսերի պարտքն ենք փակում։ Այսինքն՝ ստացվում է, որ մենք աշխատելու ենք պետպարտքերը փակելու համար, կոպիտ եմ շատ ասում։ Մենք վեց տարվա ընթացքում տեսեք ինչքան գումարներ ենք վերցրել՝ մոտավորապես արդեն 2 միլիարդի կարգի, չէ՞, երկու միլիարդ գումար ենք մենք վերցրել միայն ու միայն նրա համար, որ նույն տեղում դոփենք», - ընդգծեց Խաչատրյանը։

Ներկայացվածի ֆոնին, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը խորհուրդ տվեց չանհանգստանալ արտաքին պարտքի աճից:

«Այսինքն, շեշտադրումը ավելի շատ պետք է դնեն՝ մենք դա կարո՞ղ ենք կառավարել, թե՞ ոչ՝ մեկ, որքանո՞վ են դրանք նպաստում մեր տնտեսության արդյունավետության բարձրացմանը, և որքա՞ն է այդ բեռը հետագայում լինելու երկարաժամկետ զարգացման վրա։ Այս հաշվարկները, իհարկե, Կառավարությունը անում է, և երբեք մենք մեր ընդհանուր համախառն ներքին արդյունքի աճի, կամ տնտեսության հետագա աճից առավել բեռ, որը որ մենք չենք կարող սպասարկել, չենք վերցրել», - ասաց էկոնոմիկայի նախարարը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG