Մատչելիության հղումներ

Չնայած խոստումներին՝ Գյումրիի մարզադպրոցների վիճակը դեռ անմխիթար է


Եկավ, տեսավ, հեռացավ. Սպորտի նախարարը Գյումրիում էր
please wait

No media source currently available

0:00 0:03:52 0:00

Գյումրիի մարզադպրոցներից շատերի վիճակն անմխիթար է: Դրանք ունեն հիմնանորոգման, մարզագույքով համալրման լուրջ խնդիր: Թեև Գյումրին տարբեր սպորտաձևերում տվել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, սակայն մարզադպրոցների վիճակը դրանից չի փոխվել:

Ամենավատ պայմաններն ունի հունահռոմեական ոճի ըմբշամարտի դպրոցը, որտեղ մարզվում է աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Ժամանակին մարզադպրոցը վերանորոգելու բազմաթիվ խոստումներ է տրվել, նույնիսկ նախագծանախահաշվարկային փաստաթղթեր կազմվել, սակայն գումար այդպես էլ չի տրամադրվել:

Մարզադպրոցի վիճակի ու շինարարության անընդմեջ ձգձգվելու մասին դպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանը բազմիցս է բարձրաձայնել, սակայն, ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվել. կիսաքանդ մարզադահլիճում՝ առանց հատակի, փոշու մեջ մարզվում է աշխարհի չեմպիոնը:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր եկել էր անձամբ մարզադպրոցի վիճակը տեսնելու:

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք անհարմար չէ, որ աշխարհի չեմպիոն տված մարզադպրոցն այս վիճակում է, նախարարը խոստովանեց, որ անհարմար է ու հավելեց, որ շինարարական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։

«Մենք նստած չենք ծալած ձեռքերով, և ասեմ, որ նաև Կառավարության ուշադրության կենտրոնում է, և շատ շուտով կիմանաք ընթացքի մասին», - ասաց Ղազարյանը։

Նախարարը, սակայն, հստակ ժամկետ չմատնանշեց, փոխարենն ասաց, որ ուշադրություն պետք է դարձնեն սպորտին:

Հարցին, թե խոստումներ շատ են եղել, ե՞րբ կլինեն տեսանելի գործողություններ, նախարարը ռուսական ասացվածքը մեջ բերեց. - «Մոսկվան մի անգամից չի կառուցվել։ Չի կարելի միանգամից սարքել ամեն ինչ։ Չի կարելի միանգամից վերափոխել ամեն ինչը կարճ ժամկետում։ Կա նաև գույքային խնդիր, կա համապատասխան գույքային ծրագիր Կառավարության կողմից, որը 2015 թվականին իրականացվելու է», - ասաց նախարարը։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի դպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսայանն ասաց, որ ամաչում է մարզադպրոց հաճախող երեխաներից:

«Այս պայմաններում մարզվելն անթույլատրելի է, էսպիսի դահլիճներում, էս կարգի դահլիճներում, չի կարելի մարզումներ անել, բայց նաև չենք կարող էս երեխեքին դուրս թողնել, էսպիսի արդյունքների ենք հասել։ Հիմա, ի՞նչ է, ճանապարհի կեսին ջնջենք ու սպասենք հաջորդ տարվան, չի լինի, մենք պետք է շարունակենք մեր մարզումները մինչև վերանորոգման աշխատանքները սկսվեն։ 2002 թվականից չի եղել տարի, որ մենք Եվրոպայի և աշխարհի մեդալներ չունենանք, արդյունքներն աճել են, մենք մեր գործն անում ենք, բայց հույս ունեմ, որ հաջորդ տարի էդ աշխատանքները կսկսվեն և տարեվերջին՝ ձմեռվան մոտիկ մենք կունենանք նորմալ դահլիճ, ուրախ կմտնենք մարզումներ կատարելու և, համոզված եմ, որ էդ դեպքում էլ ավելի արդյունքները կբարձրանան», - ասաց դպրոցի տնօրենը։

Չնայած մարզադպրոցներում առկա վատ պայմաններին գյումրեցի մարզիկները շարունակում են մեդալներ նվաճել. սամբո մարզաձևում գյումրեցի ըմբիշ Գրիգոր Մխիթարյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն:

Տարիներ առաջ Կառավարությունը, երբ Գյումրիում առաջին արտագնա նիստն անցկացրեց, քաղաքը սպորտի կենտրոն հռչակեց ու «Սպորտ սիթի» կառուցելու մասին խոսեց, սակայն, դա այդպես էլ բարի ցանկություն մնաց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG