Մատչելիության հղումներ

Լավրով. «Մենք չենք խոնարհվի Արևմուտքի առաջ»


Գերմանիայի հետախուզության պնդմամբ, մալազիական «Բոինգը» ռուս անջատականներն են վայր գցել։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ НТВ հեռուստակայանով ասել է, որ պատժամիջոցներով Ռուսաստանին որևէ բան պարտադրել հնարավոր չէ։

«Մեզ ասում են, թե մենք պետք է նպաստենք Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը, և այդ դեպքում պատժամիջոցները կվերացվեն։ Մեր պատասխանը շատ պարզ է. մենք չենք կատարելու որևէ բան, որը պարտադրվում է, չենք ենթարկվի պայմաններին, չենք խոնարհվի Արևմուտքի առաջ»,- ասել է Լավրովը։

Նրա փոխանցմամբ, արևմտյան երկրների համար ուկրաինական ճգնաժամն ընդամենը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու առիթ է։

«Արևմուտքը ցանկանում է, որ մենք զիջումների գնանք մեզ համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերում և ընդունենք նրանց առաջարկած պայմանները։ Դա անցած դարաշրջանի, գաղութատիրական ժամանակների մոտեցում է»,- ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Այսօր Լավրովը նաև ելույթ է ունեցել նախարարությունում և խոսել է ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին։ Նշելով, որ դրանք հիմա բարդ փուլում են, Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ այնուամենայնիվ, պետք չէ մակերեսային եզրակացություններ անել և պնդել, որ երկու գերտերությունների միջև «սառը պատերազմ» է։

«Միշտ կա դիպուկ փոխաբերություն կիրառելու գայթակղություն, այսօր մարդիկ ինձ հարցնում են, թե արդյո՞ք հիմա «երկրորդ սառը պատերազմն» է, կամ վերադարձ «հին սառը պատերազմին», իհարկե, սա «սառը պատերազմ» չէ»,- հավաստիացրել է Լավրովը։

Այսօր Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը Լյուքսեմբուրգում քննարկելու է Ուկրաինայի արևելքում հրադադարի պահպանման հարցը և Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները վերանայելու հնարավորությունը։ Այդ մասին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության պատասխանատու Քեթրին Էշթոնը։

«Մենք պետք է որոշենք մեր հետագա անելիքը»,- ասել է Էշթոնը։

Նախկինում Եվրամիությունը հայտնել է, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները մասամբ կամ ամբողջությամբ կվերացնի, եթե Ռուսաստանը գործնականում նպաստի Մինսկում սեպտեմբերի 5-ին կնքված համաձայնագրերի իրականացմանը և Ուկրաինայում կայունության հաստատմանը։

Մինչդեռ, Մոսկվան, իր հերթին, սահմանել է նոր հակապատժամիջոցներ և արգելել է Եվրամիության տարածքում արտադրված տավարի մսի և տավարի ենթամթերքի ներկրումը։ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ այդ մթերքում կան վտանգավոր հակաբիոտիկներ։ Դաշնային այդ կառույցը նշել է, որ չի վստահում Եվրահանձնաժողովի տված երաշխիքներին։ Արգելքն ուժի մեջ կմտնի վաղվանից։

Ռուսների ընդունած պատասխան պատժամիջոցները Եվրոպայում հանգեցրել են պարենի գնանկման, իսկ Ռուսաստանում` գնաճի։

Այսօր ուշագրավ հաղորդագրություն է տարածել գերմանական մամուլը։ "Der Spiegel" հանդեսի փոխանցմամբ, Գերմանիայի հետախուզական ծառայությունը պնդում է, որ այս տարվա հուլիսին 17-ին Malaysia Airlines ընկերության MH17 չվերթը կատարող քաղաքացիական ինքնաթիռը BUK հակաօդային հրթիռով ոչնչացրել են ռուս անջատականները, մեղադրանք, որը ռուսները մշտապես հերքում են։

Դոնեցկի ինքնահռչակ «ժողովրդական հանրապետության» փոխվարչապետ Անդրեյ Պուրգինն այսօր անմիջապես հայտարարել է, որ անջատականները կապ չունեն օդանավը ոչնչացնելու հետ։

Իսկ Ռուսաստանի Պետական դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովն էլ ասել է, որ Ռուսաստանը մալայզիական օդանավի ողբերգության հետ առնչություն չունի։ Նա հավելել է, թե, իր կարծիքով, օդանավը կարող էին ուկրաինացի զինծառայողները վայր գցել։

Օդանավի կործանման հետևանքով սպանվել էր 298 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG