Մատչելիության հղումներ

Առաջատար մասնագետները քննադատում են առողջապահության ոլորտը


Մասնագետների խոսքով՝ առանց պետական քաղաքականության ոլորտը բարելավել անհնար է:

Անվանի երկու հայ բժիշկներ քննադատում են Հայաստանի առողջապահության համակարգը՝ պնդելով, թե ոլորտը բարեփոխելու Կառավարության փորձերն անարդյունավետ են:

Հայտնի պլաստիկ վիրաբույժ Արմեն Հովհաննիսյանը, ում ծառայություններից օգտվում են նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաներ, ասում է, թե դրական բարեփոխում է համարում օրինակ՝ 0-7 տարեկան երեխաների անվճար բուժսպասարկման և անվճար ծնունդօգնության համակարգի ներդրումը:

«Բայց առանց պետական աջակցության, բարեփոխումները երկար կյանք չեն ունենա: Առողջապահության ոլորտը, ինչպես նաև շատ ոլորտներ մեր երկրում, ահավոր հիվանդ է և լուրջ բարեփոխումների կարիք ունի: Հիմնական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, ցավոք սրտի, չեն բերում դրական տեղաշարժերի», - վստահ է վիրաբույժը:

Եթե պետությունը լուրջ ներդրումներ կատարի կրթական ոլորտում, ապագայում որակյալ մասնագետ ունենալու հույսը կմեծանա: Եթե բժշկական հիմնարկները ֆինանսավորվեն համաչափ, հաշվի առելով առողջապահական կարիքները երկրի ողջ տարածքով, ապա մատուցվող ծառայությունն էլ կլինի որակյալ ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև մարզերում: Այս և մի շարք այլ հարցերում պետական հոգածություն զրուցակիցս չի տեսնում: ©

«Չեմ տեսնում քայլեր, որոնք ուղղված լինեին վաղվա օրը մեր լավացնելուն, չեմ տեսնում, ցավոք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը, ով մտահոգված է այն հանգամանքով, որ ինչպես բոլոր ոլորտներում, այստեղ նույնպես, երիտասարդ մասնագետների լուրջ արտահոսք կա, ովքեր հիմնականում ընդմիշտ են հեռանում:

Նրա խոսքով՝ առնվազն 10 տարի հետո երկրում որակյալ բժիշկ գտնելը լուրջ խնդիր է լինելու:

Հարցը լուրջ է հատկապես մարզային բժիշկների համար: Նրանք շատ քիչ են վաստակում: Ինչ վերաբերում է բուժսպասարկմանը, ապա այն էժան է, որակն էլ՝ ցածր: Լուրջ հիվանդության դեպքում շատ քչերն են վստահում մարզի մասնագետին, գերադասում են վերջին կոպեկը ծախսելով հիվանդին հասցնել Երևան:

Պլաստիկ վիրաբույժ Արմեն Հովհաննիսյանն ու ինտերվենցիոն սրտաբան Արմինե Զարաելյանը նշում են, որ տարիների ընթացքում առաջանում են նոր հիվանդություններ, հետևաբար հարկավոր են նոր մասնագիտացումներ ու նոր սարքավորումներ, որոնք Հայաստանի համար առայժմ մատչելի չեն:

«Զարգացած երկրներում աշխատում են արդեն բջջային տեխնոլոգիաներով: Այս հարցում հետ մնալ նշանակում է վերջնականապես հետ մնալ: Էսօր ամբողջ աշխարհը շատ լուրջ ներդրումներ է կատարում ցողունային բջիջների ուսումնասիրության մեջ․․․ Այսօր այս խնդիրը մնացել է ինչ-որ անհատների հույսին, բայց պետական մոտեցում գոյություն չունի», - ասաց Հովհաննիսյանը:

«91 թվականից սկսած՝ աշխարհում կանանց միոմաները բուժում են ինտերվենցիոն միջամտությամբ: Էստեղ ինչ է արվում՝ հին, էն քարի դարի մեթոդներից են օգտվում: Ասում ենք՝ եկեք ներմուծենք էդ մեթոդը, ասում էն՝ մեր ժողովուրդը էդքան փող չունի, որ մուծի, որ հայ կանանց չխաչենք, չձևենք, ինվալիդ չսարքենք, այլ բուժենք ցիվիլ ճանապարհով», - ասաց Արմինե Զարաելյանը:

Սրտաբանի ու վիրաբույժի համոզմամբ՝ բուժման որակը պետք է ոչ միայն նախարարությունը հսկի, այլ նաև որակյալ ու առաջատար մասնագետներից կազմված ասոցիացիաները: Սակայն, դժբախտաբար, այդպիսի մասնագետները գերադասում են հեռանալ: Այսքանով հանդերձ՝ պահանջել որակյալ բուժօգնություն հաճախ անիրատեսական է:

Սրտի փակ վիրահատությունների մասնագետ Արմինե Զարաելյանը, ով իր դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է եվրոպական մի քանի երկրներում, համեմատելով տարբեր երկրների փորձը՝ եկել է այն համոզման, որ հայաստանյան առողջապահական ծրագրերը ներդրվում են հիմնականում ոչ թե ելնելով առողջապահական կարիքներից, այլ նրանից, թե որքան հեշտ է ֆինանսավորվում տվյալ ծրագիրը: Զարաելյանի պնդմամբ՝ բնակչության վճարունակության վրա հույս դնելով՝ ոլորտում երբեք նոր հաջողություններ չեն արձանագրվի:

«Էդպես չի, դուրս եկեք բնակչությունից, մի մտածեք բնակչության մասին, մտածեք գումարներ բերելու, զարգացնելու, ներդնելու, բերեք գումարներ, մեթոդոլոգիաներ բերեք», - ասաց սրտաբանը:

Ի պատասխան մասնագետների ներկայացրած այս խնդիրների՝ Առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ այս տարվա համար սահմանված գերակա ուղղություններից են համակարգում կոռուպցիոն ռիսկերի կրճատումը, մարզային հիվանդանոցների վերանորոգումը և արդիականացումը, արյունաբանական և ուռուցքաբանական խնդիրներով զբաղվող նոր կլինիկաների հիմնումը, պոլիկլինիկաների զարգացումն ու մարզային առողջապահական կազմակերպություններում մասնագետների բացը լրացնելը:

XS
SM
MD
LG