Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին


«Հայաստանում բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձևավորված սերտ, բարիդրացիական հարաբերությունները, որոնք խարսխված են մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամության հիմքերի վրա», - հայտարարել է պաշտոնական այցով Իրանում գտնվող Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ:

«Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Ձեռք բերված պայմանավորվածությունները հիմնականում իրականացվում են, ինչը վկայում է երկու երկրների միջև առկա բարեկամական և գործնական կապերն ավելի խորացնելու երկուստեք վճռականության մասին», - նշել է Աբրահամյանը:

Հասան Ռոհանին, իր հերթին նշել է, որ Իրանը պատրաստակամ է օժանդակել հայկական կողմի նախաձեռնություններին, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացմանը:

Կառավարություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները կարևորել են էներգետիկ, գյուղատնտեսական, մշակութային համագործակցության խորացումն ու ընդլայնումը:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հնարավորություն է ընձեռում ստանձնել այդ կառույցի անդամների և օտարերկրյա գործարար համայնքների համար կապող օղակի դերակատարություն: Աբրահամյանը նաև ընդգծել է, որ Հայաստանում նպաստավոր պայմաններ են ստեղծվել ներդրումների համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի և տարածաշրջանային խնդիրներին. վարչապետը նշել է, որ Հայաստանը հետամուտ է միայն խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը և տարածաշրջանում կայունության ապահովման անհրաժեշտությունը:

Հովիկ Աբրահամյանը Հասան Ռոհանիին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` ներկա գտնվելու 2015 թ. ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:

Իրանի նախագահը Հայաստանի նախագահին ու հայ ժողովրդին է փոխանցել իր ջերմ բարեմաղթանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG