Մատչելիության հղումներ

Աբրահամյանը հանդիպել է Իրանի փոխնախագահին, ԱԳ նախարարին


Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին ողջունում է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին, Թեհրան, 20-ը հոկտեմբերի, 2014թ․

Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին ողջունում է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին, Թեհրան, 20-ը հոկտեմբերի, 2014թ․

Այսօր Թեհրանում կայացել է պաշտոնական այցով Իրանում գտնվող Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հանդիպումը:

«Այսօր կարելի է փաստել, որ հայ - իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում», - ասել է Աբրահամյանը՝ համոզմունք հայտնելով, որ երկու երկրների միջև համագործակցությունը նպաստում է նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը:

Ջահանգիրին նշել է, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունները զիջում են առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին, և վստահություն է հայտնել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը կնպաստի տնտեսական համագործակցության ակտիվացմանը:

Աբրահամյանը, իր հերթին, ասել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը նոր հեռանկարներ կբացի երկրի տնտեսության հետագա զարգացման, ինչպես նաև հնարավորություններ՝ օտարերկրյա ներդրումների համար:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին և դրանց հեռանկարներին:

Աբրահամյանը Ջահանգիրիին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

Հանդիպմանը հաջորդել է Իրանի փոխնախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարությունը լրատվամիջոցների համար:

Նույն օրը Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Հանդիպման մասնակիցները քննարկել են տարածաշրջանային խնդիրներին և երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորել տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG