Մատչելիության հղումներ

Շարմազանով. Ընդդիմության պնդումները մտացածին են


Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշումը, ինչպես հայտարարել է նրա խոսնակ Արման Սաղաթելյանը, «ըստ ամենայն, հայտնի կլինի հաջորդ տարվա փետրվար-մարդ ամիսներին»: Ընդդիմությունը համարում է, որ դա իշխանության նահանջ է` համաժողովրդական ճնշման արդյունքում:

«Ազատություն»-ը այս առնչությամբ զրուցել է Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:

«Ազատություն». – Ինչո՞վ է պայմանավորված վերջնական դիրքորոշումն արտահայտելու այս հետաձգումը… Ոչ իշխանական ուժերը և ընդդիմությունը պնդում են, որ համաժողովրդական ճնշման արդյունքում Սերժ Սարգսյանը գնաց այդ նահանջին:

Շարմազանով. - Եթե Դուք ուշադիր ընթերցել եք պարոն Արման Սաղաթելյանի հայտարարությունը, ապա կարող եք հանգել այն եզրակացության, որ ընդդիմության մեր գործընկերների պնդումները մտացածին են: Նախագահի խոսնակը շատ հստակ և ամբողջական տվել է պատճառները, թե ինչու փետրվար և մարտ ամիսներին: Որպեսզի քաղաքական լայն քննարկում անցնի. սա այն փաստաթուղթը չէ, որ հապշտապ եզրակացությունների կարիք կա: Սա միայն խոսում է նրա մասին, որ Հանրապետության նախագահը ցանկացած բարեփոխում իրականացնելու ժամանակ հաշվի է առնում հասարակական և քաղաքական, նաև իրավական շրջանակների ամբողջական կարծիքը: Իսկ եթե մեր ընդդիմադիր գործընկերները պետք է պատճառներ կամ առիթներ փնտրեն, որպեսզի ուրախանան, ապա խնդիր ես այդտեղ չեմ տեսնում:

«Ազատություն». - Ճնշում չկա՞ր… այդ բազմահազարանոց ցույցերը, հանրահավաքները:

Շարմազանով. - Իհարկե ոչ:

«Ազատություն». - Դրանք ազդեցություն չունեցա՞ն:

Շարմազանով. - Ես չեմ կարծում և համոզված եմ, որ ոչ: Պարոն Սաղաթելյանը իր հարցազրույցում ամեն ինչ շատ հստակ նշել էր:

«Ազատություն». - Սերժ Սարգսյանն ընդունե՞ց այս հայտարարությամբ, որ այսօր չկա քաղաքական կոնսոլիդացիա այն բարեփոխումների շուրջ, որ նա նախաձեռնել է:

Շարմազանով. - Նախագահը ընդունեց, և նախկինում էլ նրա կարծիքն այդպես է եղել, որ ցանկացած լուրջ բարեփոխում, այդ թվում նաև սահմանադրական բարեփոխումները, պետք է լուրջ քննարկումներ անցնի:

Հարկ է նկատել, որ Հանրապետականներն ընդհանուր առմամբ լավատես են և կարծում են, որ առաջիկա ամիսներին սահմանադրական բարեփոխումների հարցում քաղաքական լայն կոնսոլիդացիա կլինի։ Կուսակցության ղեկավար անդամներ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը մատնանշում են Դաշնակցությանն ու արտախորհրդարանական ուժերին:

«Դաշտում եղանակ ստեղծող ամենաազդեցիկ ուժերը՝ Հանրապետականը, գտնում է անհրաժեշտությունը Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, երեկ Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ ՀՀՇ-ն գտնում է, «Ազատ դեմոկրատները» կարծեմ գտնում են և շատ-շատ կուսակցություններ», - պնդեց Շարմազանովը:

Գալուստ Սահակյանն ասաց․ - «Ես չեմ կարծում, որ այդ կոնսոլիդացիան չի լինի, որովհետև Հայաստանի Հանրապետությունում երեք կուսակցություններ չեն: Մենք ունենք բավականին արտախորհրդարանական ուժեր․ միայն Հանրապետական խմբակցությունում հինգ կուսակցությունների լիդերներ են նստած: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, կարծես թե, դրականորեն քննարկում է»:

Դաշնակցությունը, ի դեպ, արդեն իսկ դրական է գնահատում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ փոփոխությունների այն ուղղությունը, որ իրենք էին առաջարկում, հայեցակարգում որդեգրված է․ - «Սա արդեն մեզ հույս է տալիս, որ կարելի է շարունակել աշխատել այդ հայեցակարգի վրա և աշխատել սահմանադրական փոփոխությունները իրականացնելու ուղղությամբ: Համակարգային փոփոխությունը իսկապես ենթադրում էինք անցում ամբողջական կառավարման նոր համակարգի՝ խորհրդարանական համակարգի, ինչը այս հայեցակարգով ամրագրված է»:

Դաշնակցությունը նույնպես համաձայն չէ ՀԱԿ-ի պնդումներին, թե Սերժ Սարգսյանը ճնշման արդյունքում հետաձգեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հաստատումը․ - «Որևէ փոփոխության մասին խոսել իրենք չեն պատրաստվում․ այս հետաձգումը ինչո՞ւ դրա հետ պիտի կապվի․․․ Ուրիշ բան, եթե եռյակը ենթադրում է, որ դրանից հետո պետք է հայտարարի Սերժ Սարգսյանը, որ ինքը հրաժարվում է սահմանադրական բարեփոխումների գործընթացից: Բայց այդպիսի հայտարարություն մենք մինչև հիմա չենք լսել: Եթե դա տեղի ունենա, սա կլինի ամենամեծ բացթողումը թե՛ մեր երկրի համար, թե՛ նաև ընդդիմության համար: Եթե մեր ամբողջ նպատակն այն է, որ հասնենք նրան, որ սահմանադրական փոփոխություններ տեղի չունենան, և այդ պահանջը մեր գերնպատակն է, ուրեմն ողբա՛մ մեր վիճակը»:

Չնայած Հանրապետականն ու Դաշնակցությունը վստահեցնում են, թե եռյակի ճնշումը որևէ ազդեցություն չի ունեցել, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պնդում է, որ Սերժ Սարգսյանը հետաձգեց սահմանադրական բարեփոխումների միջոցով վերարտադրվելու իր ծրագիրը, քանի որ վախեցավ հոկտեմբերի 24-ին նախատեսված հանրահավաքից:

«Մի ամբողջ նոր ընդվզման ալիք առաջացրեց ժողովրդի մեջ․․․ Ինքը դրանից վախեցավ՝ հաշվի առնելով հոկտեմբերի 24-ի հանրահավաքը: Բնականաբար, ինքը այս քայլը անում է հաշվարկով, որ ժամանակ շահի և, իր հաշվարկով, երբ որ ժողովրդի այս ընդվզման ալիքը մարի, ինքը նոր այս սահմանադրական փոփոխությունների փաթեթը պարտադրի մեր Հանրապետությանը: Սա է իր հաշվարկը, և հիմա մեր բոլորիս պարտքն է ամեն ինչ անել, որ այդ հաշվարկը չիրականանա», - «Ազատության» հետ զրույցը եզրափակեց ընդդիմադիր գործիչը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG