Մատչելիության հղումներ

Փոստանջյանը պահանջում է առաջիկա հանրահավաքի օրակարգում ներառել իր առաջարկները


Զարուհի Փոստանջյան, արխիվ
Զարուհի Փոստանջյան, արխիվ

Ընդդիմադիր պատգամավորը համոզված է, որ համակարգային փոփոխությունը հնարավոր է միմիայն դրանք իրագործելու դեպքում:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ոչ իշխանական եռյակին է ներկայացրել 8 կետերից բաղկացած առաջարկություններ, որոնք նա պահանջում է ընդգրկել հոկտեմբերի 24-ի հանրահավաքի օրակարգում:

«Եվ բոլոր քաղաքական ուժերը, ովքեր նախկինում ունեցել են կապ այս համակարգի հետ, այդ կապը պետք է կտրվի: Առաջարկները դրան են միտված, և այն անձինք ովքեր հայտարարում են այդ մասին, ովքեր ցանկություն ունեն, որ իրապես համակարգը փոխվի և իրենք անկեղծ են, նրանք պարտադիր պետք է այդ կապը խզեն, որովհետև առանց դրա համակարգը երբևէ իրենց միջոցով չի կարող փոխվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավորը:

Ազգային ժողովում նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսելուց բացի, Փոստանջյանը պահանջում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին ճանաչի որպես հանցագործներ, հետամուտ լինի նրանց քրեական հետապնդմանը և օրինական դատավճռով ազատազրկմանը, ինչը պետք է վերահաստատեն նաև Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգություն»-ը:

Հարցին՝ արդյոք իրատեսակա՞ն է համարում, որ կուսակցությունների առաջնորդները այս մասին կբարձրաձայնեն, Փոստանջյանն արձագանքեց․ - «Եթե իրենք ասում են և պնդում են, որ իշխանության փոփոխման և համակարգի փոփոխման կողմնակիցն են, ապա այս իշխանությունը պետք է իրապես անջատ լինի Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից, և անջատումը ոչ թե պետք է լինի խոսքերով կամ հայտարարություններով, այլ հստակ՝ որ նրանց մենք ճանաչում ենք որպես հանցագործների և հետամուտ ենք լինելու մինչև օրինական ուժի մեջ մտած նրանց դատապարտումը և ազատազրկումը»:

Փոստանջյանը առաջարկում է, մասնավորապես, ապօրինի սեփականաշնորհված և ձեռք բերված գույքի վերադարձ պետությանը, հակակշռող և զսպող օրենքների ընդունում, ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրում, լյուստրացիայի մասին օրենքի ընդունում, Ընտրական օրենսգրքի փոփոխություն:

Պատգամավորը կարծում է, որ ոչ իշխանական ուժերը պետք է պահանջեն վաղաժամկետ դադարեցնել քաղաքական հետապնդումների գործերում ներգրավված դատավորների գործունեությունը, իսկ նույն գործերում ներգրավված Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության և բանակի պաշտոնատար անձինք պետք է հետապնդվեն և դատապարտվեն:

Եզրափակելով պահանջների իր ցանկը՝ պատգամավորը կարևորում է նաև արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումը:

«Եթե հայտարարվում է, որ իրապես անկեղծ են և ժողովրդական է այդ շարժումը, ապա պետք է նա ընդգրկի ժողովրդի պահանջները: Եթե անկեղծ լինեին, ես հավատայի և ամեն ինչը անկեղծ լիներ, ես ինքս էլ մասնակիցը կլինեի», - նշեց Փոստանջյանը, ով, հիշեցնենք, ոչ իշխանական ուժերի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին չէր մասնակցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG