Մատչելիության հղումներ

logo-print

Ջոն Բասը ստանձնեց Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը


Ջոն Բասը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ

Ջոն Բասը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ

Մինչ այդ ամերիկացի դիվանագետը ցուցադրել է թուրքերենի իր իմացությունը:

Հոկտեմբերի 20-ը Թուրքիայում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջոն Բասի առաջին աշխատանքային օրն է:

Սեպտեմբերի 17-ին Սենատի կողմից այս պաշտոնում հաստատված ամերիկացի դիվանագետը Անկարա ժամանեց երկու օր առաջ: Օդանավակայանում նրան դիմավորում էին տասնյակ թուրք լրագրողներ, որոնց էլ Բասն անսպասելիորեն դիմեց մոտ մեկ րոպեանոց թուրքերեն ճառով:

«Ես հենց այստեղ` օդանավակայանում, կցանկանայի շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար և հստակ կերպով ընդգծել` Թուրքիան և Միացյալ Նահանգները ռազմավարական գործընկերներ են: Ես ուրախ եմ հյուրընկալվել ձեր երկրում: Կարծում եմ՝ շատ բան ունեմ ձեզնից սովորելու: Նախկինում բազմիցս եմ այցելել Թուրքիա և ուրախ եմ, որ առաջիկա տարիներին այստեղ եմ ապրելու», - հայտարարեց Բասը` չպատասխանելով, սակայն, Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում հավաքված լրագրողների հարցերին:

Ավելի վաղ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանատան պաշտոնական կայքէջում զետեղվել էր Բասի ուղերձը, որտեղ ամերիկացի դիվանագետը կրկին ցուցադրում էր թուրքերենի իր իմացությունը:

«Բարև ձեզ: Ես Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջոն Բասն եմ», - դիմելով Թուրքիայի քաղաքացիներին՝ ասում էր դիվանագետը, հետագայում, սակայն, անցնելով անգլերենի և մատնաշելով իր նոր մեկնարկող պաշտոնավարման առաջնահերթությունները:

«Ես աշխատել եմ 5 նախագահների և 9 պետքարտուղարների օրոք` թե՛ Պետդեպարտամենտում և թե՛ Սպիտակ տանը: Իմ 26-ամյա դիվանագիտական գործունեության ընթացքում ես հիմնականում կենտրոնացած եմ եղել այն խնդիրների վրա, որոնցում Թուրքիան առանցքային դերակատարություն է ունեցել: Միացյալ Նահանգները հավատարիմ է Թուրքիայի անվտանգության ապահովմանը, բարգավաճմանն ու ժողովրդավարական զարգացմանը նպաստելու պարտավորություններին: Որպես դեսպան՝ ես մեր երկու երկրների կառավարությունների միջև կապը կպահպանեմ ամենաբարձր մակարդակում», - հայտարարում էր Բասը:

Հիշեցնենք, որ Ջոն Բասը Մերձավոր Արևելքին և Հարավային Կովկասի տարածաշրջանին ամենաքաջածանոթ ամերիկացի դիվանագետներից մեկն է: Նախկինում նա զբաղեցնում էր Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի, Պետդեպարտամենտի գործադիր քարտուղարի պաշտոնները, մի քանի տարի շարունակ աշխատել է Իրաքում: 2004-2005 թվականներին Բասը աշխատել է Սպիտակ տանը՝ որպես փոխնախագահ Դիք Չեյնիի հատուկ խորհրդական եվրոպական և եվրասիական տարածաշրջանի հարցերով:

XS
SM
MD
LG