Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարության նախաձեռնությունը ապագա մայրերին ստիպում է բողոքի ակցիաներ անցկացնել


Առաջիկա հինգշաբթի օրը ապագա մայրերը պատրաստվում են Կառավարության շենքի մոտ բողոքի ցույց անցկացնել ընդդեմ օրենսդրական վերջին նախաձեռնության, որով իշխանությունները մտադիր են կրճատել աշխատող մայրերին հղիության ու հետծննդյան արձակուրդի ընթացքում տրվող գումարը:

Ըստ Կառավարության հավանութանն արժանացած նախագծի, եթե մայրը մեկ տարուց պակաս է աշխատել, արձակուրդի ընթացքում կստանա իր միջին աշխատավարձի 40 տոկոսը, 1-3 տարի աշխատանքային ստաժի դեպքում՝ 60 տոկոսը, իսկ 3 տարի և ավելի ստաժի դեպքում՝ 80 տոկոսը:

«Սինոփիս Արմենիա» ընկերության աշխատակից Մարիա Նիկողոսյանը, ով շուտով երկրորդ երեխան է ունենալու, հաշվարկել է, սակայն, որ իր դեպքում վնասներն ավելի մեծ կլինեն, քանի որ առաջարկվող նախագծով նաև վերին շեմ է սահմանվել․ առաջին և երկրորդ երեխայի համար գումարը չպետք է գերազանցի 2 միլիոն 400 հազարը, իսկ երրորդ և հաջորդ երեխայի համար 3 միլիոն 500 հազարը:

«Կստացվի իմ միջին աշխատավարձի երևի մի 50 տոկոսը», - «Ազատւթյան» հետ զրույցում ասաց նա՝ շարունակելով․- «Երբ մեզանից հարկ են վերցնում, հարկը վերցնում են ամբողջ ուժով, և ոչ մեկը չի հարցնում, դու տանը անչափահաս երեխա ես պահում, մեծահասակ, թոշակառու․․․ իսկ երբ փոխհատուցում են տալիս, այդ ժամանակ․․․ եկեք քչացնենք: Ինչի՞ համար քչացնեք»:

Նիկողոսյանը չի պարտաստվում ձեռքերը ծալած նստել: Նա այլ կանանց և հասարակական կազմակերպությունների հետ միասին մտադիր է մասնակցել բողոքի ցույցերին:

Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանի խոսքով՝ օգնության փոխարեն Կառավարությունը պատժում է բարձր աշխատավարձ ստացող և մայրությունն աշխատանքի հետ համատեղող կանանց: Նա համոզված է, որ դա արվում է բյուջեն լրացնելու նպատակով․ - «Ուրիշ տեղերից թող այդ բյուջեն լրացնեն: Այնքան ծախսեր են անում, որ ընդունելի չէ․ լիքը շինարարական բաներ․․․ այդ տեղերից թող կրճատեն ու տան չաշխատող մամաներին»:

Ահարոնյանն ասաց, որ ծրագրում են մի շարք ակցիաներ, որպեսզի իրենց խոսքը լսելի դարձնեն:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ևս մտահոգված են: Ասում են՝ նախագիծը մինչև շրջանառության մեջ դնելը անհրաժեշտ կարգով իրենց չի ներկայացվել:

Օմբուդսմենի գլխավոր խորհրդական Աննա Սաֆարյանի խոսքով, օրինագծում միջազգային իրավունքի տեսանկյունից խնդրահարույց մի շարք կետեր կան․ - «Աշխատանքի միջազգային կազմակերպության 191 ընդհանուր հանձնարարականի համաձայն, պետությունը պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի մայրության նպաստը հնարավորինս համապատասխանի կնոջ ամսեկան վաստակի չափին»:

Փաստաբան Կարեն Մեժլումյանի խոսքով, եթե Ազգային ժողովն ընդունի այս առաջարկը, կխախտվի աշխատող կանանց՝ փոխհատուցում ստանալու Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը: Կառավարությունը, ըստ Մեժլումյանի, փորձում է հերթական աճպարարությամբ շրջանցել օրենքն ու փոխհատուցումը ձևակերպել որպես նպաստ․ - «Մայրացած կինը 140 օրվա գումար ստանալու իրավունք ունի, և այդ գումարը պետք է համարժեք լինի նրա աշխատավարձին, որովհետև «վճարովի արձակուրդ» է գրված Սահմանադրության մեջ: Այս օրենքով փոխվում է այդ փիլիսոփայությունը, մոտեցումը, և որպես նպաստ է նշվում: Նպաստի դեպքում պետությունը որքան ուզի, այնքան էլ կվճարի»:

Հատկանշական է, որ Կառավարությունը այս փոփոխությունը հիմնավորում է սոցիալական արդարությունը վերականգնելու ցանկությամբ՝ խոստանալով վճարել նաև չաշխատող մայրերին: Բայց քանի որ բյուջեում բավարար միջոցներ չկան, դա անում է աշխատող մայրերի հաշվին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG