Մատչելիության հղումներ

Նախագահը մասնակցել է «Շախմատը դպրոցներում» միջազգային գիտաժողովին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը «Շախմատը դպրոցներում» գիտաժողովի ժամանակ, Երևան, 17-ը հոկտեմբերի, 2014թ․
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը «Շախմատը դպրոցներում» գիտաժողովի ժամանակ, Երևան, 17-ը հոկտեմբերի, 2014թ․

Հայաստանի նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում մասնակցել է հոկտեմբերի 16-18-ը անցկացվող «Շախմատը դպրոցներում» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը:

Հայաստանի կրթության և գիտության նախարարության, Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ), Հայաստանի շախմատային ֆեդերացիայի և Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպված և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ անցկացվող գիտաժողովին ելույթներով հանդես են եկել Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը:

Սերժ Սարգսյանն այնուհետև Կիրսան Իլյումժինովի և «Շախմատը դպրոցներում» միջազգային գիտաժողովի մասնակիցների հետ ներկա է գտնվել շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի քանդակի բացմանը` նրա անունը կրող Շախմատի տանը: Քանդակը, որ Տիգրան Պետրոսյանի շախմատային արքա դառնալու կապակցությամբ 1965 թվականին ստեղծել է հայ նշանավոր քանդակագործ Արա Սարգսյանը, ավելի քան կես դար գտնվել է քանդակագործի հարազատների մոտ` նրա տուն-թանգարանում: Տիգրան Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ Արա Սարգսյանի ընտանիքը որոշել է այն նվիրել Շախմատի տանը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նորաստեղծ շախմատի դպրոցի բացման արարողությանը: Դպրոցում կարող է անվճար ուսանել 5-8 տարեկան մինչև 350 երեխա, ինչպես նաև Երևանի այլ վարչական շրջաններում գործող դպրոցների սաները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG