Մատչելիության հղումներ

Միջնորդները այս անգամ մտադիր չեն այցելել Ստեփանակերտ:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները զուսպ արձագանքեցին «Ազատության» հարցին՝ կիսո՞ւմ են արդյոք Ադրբեջանի արտգործնախարարի լավատեսությունը, թե փարիզյան հանդիպումից լուրջ տեղաշարժ է ակնկալում:

Հինգշաբթի երեկոյան Երևան ժամանած միջնորդներին ընդունեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, նախատեսվում է, որ այսօր նրանք կհանդիպեն նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հոկտեմբերի 15-ին Բաքվում ռուսաստանցի և ֆրանսիացի համանախագահներ Իգոր Պոպովի և Պիեռ Անդրիոյի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ այս ամսվա վերջին Փարիզում նախատեսված Ֆրանսիայի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից պաշտոնական Բաքուն լուրջ տեղաշարժ է ակնկալում և ղարաբաղյան հակամարտության լուծման խաղաղ պայմանագրի «արագացված նախապատրաստման» կողմնակից է:

Ղարաբաղյան հակամարտության կողմերից որևէ մեկը տևական ժամանակ է, ինչ չէր խոսել բանակցություններում ակնկալվող «լուրջ տեղաշարժի» մասին: Ուշագրավ է նաև այն, որ Մամեդյարովի այս հայտարարությունը հնչեց օգոստոսին հայ - ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում տեղի ունեցած՝ 20 տարի առաջ կնքված զինադադարից հետո աննախադեպ բախումներից շատ չանցած:

«Տեսնենք, թե ինչ արդյունքների կհանգեցի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը», - ասաց Պիեռ Անդրիոն:

Ռուսաստանցի համանախագահը ընդհանրապես խուսափեց խոսել իր ակնկալիքների մասին:

Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը չի միացել տարածաշրջանային այս այցին՝ ընտանեկան պատճառներով:

«Ազատության» հարցին՝ փարիզյան հանդիպումից առաջ այցելելո՞ւ են Ստեփանակերտ, Անդրիոն հակիրճ պատասխանեց․ - «Այս անգամ՝ ոչ»:

Իսկ թե այս անգամ ինչու են շրջանցելու Ստեփանակերտը, ֆրանսիացի համանախագահը բավական յուրահատուկ ձևով բացատրեց․ - «Որովհետև մենք այցելել ենք նախորդ անգամ, իսկ այս անգամ չենք այցելելու»:

Ի դեպ, երկու օր առաջ Մամեդյարովը նաև նշել էր, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել մի քանի հարց ընդգրկող կառուցվածքային առաջարկներով:

«Ազատության» հարցին՝ նո՞ր առաջարկներ են ներկայացվել, ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը արձագանքեց․ - «Գիտեք, ամեն հին առաջարկում միշտ նորի տարր կա»:

«Ադրբեջանը ցույց է տալիս, որ պատրաստ չէ կարգավորմանը»

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ միջնորդների հետ հանդիպման ժամանակ Նալբանդյանը նրանց ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Փարիզում նախագահների հանդիպմանն ընդառաջ բազմապատկվել են հրադադարի ռեժիմի խախտումները ադրբեջանական զինուժի կողմից, ինչը դարձել է Բաքվի սովորական գործելաոճը՝ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպումներից առաջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանը, ձևացնելով, թե իբր պատրաստ է սկսել խաղաղության պայմանագրի մշակումը, մի կողմից փորձում է հիմնախնդրի շուրջ քննարկումները տեղափոխել այլ հարթակներ, մյուս կողմից` ձախողել միջնորդության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցմանն ուղղված վերջին տարիների բանակցային գործընթացը, որի շրջանակներում տեղի են ունեցել բազմաթիվ գագաթնաժողովներ, ընդունվել են ամենաբարձր մակարդակով հայտարարություններ, կայացել են բազմաթիվ հանդիպումներ: Նախարարը շեշտել է, թե իրականում իր ապակառուցողական քայլերով Ադրբեջանը ցույց է տալիս, որ պատրաստ չէ հիմնախնդրի կարգավորմանը։

Նալբանդյանը նաև համանախագահների և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել առ այն, որ նույն նպատակով ադրբեջանական կողմը, ցանկալին իրականության տեղ մատուցելով, մտացածին հայտարարություններ է անում, թե իբր համանախագահների կողմից առաջարկվել է փորձագետների մակարդակով բանակցություններ սկսել կարգավորման՝ Բաքվի համար նախընտրելի տարրերի շուրջ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, թե վերոհիշյալը փաստում է, որ Փարիզում կայանալիք հանդիպումից առաջ Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց է տալիս իր անլուրջ մոտեցումը:

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG