Մատչելիության հղումներ

logo-print

Անցում թվային հեռարձակման․ փորձագետներն ահազանգում են


2015-ի հուլիսից Հայաստանում հնարավոր չի լինի դիտել տեղական հեռուստաալիքները, եթե հեռուստացույցը թվային ընդունիչ չունի: Այս ժամկետը նախկինում մեկ անգամ հետաձգվել է, տեխնիկական հարցերն արդեն քիչ թե շատ լուծված են և պատասխանատուները հայտարարում են, որ այս անգամ վերջնաժամկետները փոփոխության ենթակա չեն։

Մինչդեռ ոլորտի փորձագետները նկատում են՝ տեխնիկապես պատրաստ լինելը դեռ քիչ է, տասնյակ հարցեր մնում են անպատասխան։

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանն ասում է՝ հասարակությունը իրազեկված չէ։

«Վրաստանը փորձում է այդ հարցը ավելի պարզ լուծել, որովհետև իրենք հասկանում են, որ քիչ է մնացել և այդ տեղեկատվությունը պետք է տարածել շատ պարզ ձևերով: Ձևերից մեկը նույն սոցիալական գովազդն է, և երկրորդը՝ շատ պարզ նամակներ, որոնք ուղարկում են բոլոր ընտանիքներին», - ասում է Սարգսյանը:

Կապի և տրանսպորտի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը խոստացավ վաղը նախարարութան կայքում տեղեկատվություն հրապարակել թվայնացման գործընթացի մասին, բայց դեռևս հստակ չէ, թե ինչպես են օրինակ թոշակառուները տեղեկանալու հեռուստացույցը փոխելու կամ այսպես կոչված դեկոդեր ձեռք բերելու, այն հեռուստացույցին միացնելու մասին։

Հայտնի չէ նաև, թե ո՞վ է Հայաստան ներկրելու այդ դեկորդերները, երբ է այն ներկրվելու, որքան է այն արժենալու, թեև թվային համակարգին անցնելուն մնացել է ընդամենը 8.5 ամիս։ Այս հարցերին չի կարողանում պատասխանել նաև թվայնացման տեխնիկական պատասխանատու «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության ղեկավար Գրիգոր Ամալյանը։

«Կարող եմ այս հարցին պատասխանել ողջամիտ անորոշության չափով՝ դեկոդերների ընտրությունը, բացի զուտ տեսական և պարամետրային տվյալներից, ենթադրում է նաև փորձարկումներ և այնուհետև նոր ընտրություն: Իմաստ չուներ, ենթադրենք, մեկ տարի առաջ այդ միջոցները բյուջեից առանձնացնել, երբ գիտես, որ դրա ռեալ անհրաժեշտությունը ծագելու է շատ ավելի ուշ», - մեզ հետ զրույցում պարզաբանում է Ամալյանը:

Որպես սոցիալական օգնություն պետությունը խոստանում է 2.5 միլիոն դոլար հատկացնել դեկոդերներ ձեռք բերելու և 100 հազար անապահով ընտանիքների տրամադրելու համար: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նկատում է, որ իրականում աղքատ մարդկանց թիվը Հայաստանում միանշանակ ավելի մեծ է և պետք է նրանց նույնպես ապահովել համապատասխան սարքերով։

«Հակառակ դեպքում կստացվի, որ տասնյակ հազարավոր ընտանիքներ, որոնք իրականում անապահով են, կբախվեն սոցիալական անարդարության հետ», - ասում է նա:

Թվայնացման գործընթացում ոչ միայն տուժում են վերջին սերնդի հեռուստացույց չունեցող մարդիկ, այլև մի շարք մարզային հեռուստաընկերություններ, որոնք գումար չեն ունեցել ժամանակակից տեխնիկա ձեռք բերելու համար, չեն մասնակցել թվային հեռարձակման լիցենզավորման մրցույթին ու հետևաբար առաջիկա հուլիսից կզրկվեն եթերից։ Լոռի հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանն ասաց որ չեն մասնակցել թվային հեռարձական մրցույթին՝ վստահ լինելով, որ գործընթացն ի սկզբանե քաղաքական շարժառիթներ է ունեցել:

«Պատճառը նա էր, որ մենք գիտեինք, որ մեզ չի տրամադրվի այդ լիցենզիան, այսինքն՝ մենք մրցույթում հաղթող չենք ճանաչվի: Այսինքն՝ քաղաքական ենթատեքստ ունի», - նշեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG