Մատչելիության հղումներ

Այսօր Պուտինը հանդիպում է Եվրոպայի ղեկավարների հետ


«Ասիա-Եվրոպա» 10-րդ գագաթնաժողովի մասնակիցները հավաքվել են Միլանում, 16-ը հոկտեմբերի, 2014թ.

«Ասիա-Եվրոպա» 10-րդ գագաթնաժողովի մասնակիցները հավաքվել են Միլանում, 16-ը հոկտեմբերի, 2014թ.

Միլանում անցկացվող «Եվրոպա-Ասիա» գագաթնաժողովի մասնակիցները քննարկելու են նաև Ուկրաինայի խնդիրը։

Միլանում մեկնարկած «Եվրոպա-Ասիա» գագաթնաժողովի մասնակիցների թվում Վլադիմիր Պուտինն է։ Ռուսաստանի նախագահը եվրոպական երկրների ղեկավարների հետ վերջին անգամ հանդիպել էր այս տարվա հունիսին Ֆրանսիայում` արևմտյան դաշնակիցների զորքերի Նորմանդիայում ափհանման 70-ամյակին նվիրված արարողությունների օրը։

Ռուսաստանի ղեկավարը Միլանում բոլորի ուշադրության կենտրոնում է։ Այսօր նախատեսված է աշխատանքային նախաճաշ, որին կմասնակցեն Իտալիայի վարչապետ, Եվրամիության խորհրդի նախագահ Մատեո Ռենցին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Ուկրաինայի ու Ռուսաստանի նախագահները` Պետրո Պորոշենկոն ու Վլադիմիր Պուտինը։

Հանդիպման օրակարգում, բնականաբար, Ուկրաինայի հակամարտության կարգավորումն է, կքննարկվի նաև Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսական գազի մատակարարման հարցը։

Ժամանելով Միլան՝ Մերկելն ասել է, որ Ռուսաստանը ոչ ամբողջ ծավալով է կատարում Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման կապակցությամբ ստանձնած պարտավորությունները։

«Այս պահին ամենակարևորը մինսկյան համաձայնությունների իրագործումն է, դժբախտաբար, Ռուսաստանի կողմից այդ հարցում կան շեղումներ», - ասել է կանցլերը։

Եվրամիությունն ընդգծում է, որ հիմա դեռ խոսք չկա Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, եվրոպական որոշ երկրների ղեկավարներ նույնիսկ չէին ցանկանում Պուտինին տեսնել Միլանում։

Մինչդեռ, The Wall Street Journal հանդեսը նշում է, որ իրավիճակը մի քիչ փոխվել է։ «Պուտինն ու Պորոշենկոն հասկանում եմ միմյանց, գուցեև հանդիպման ընթացքում բարելավում լինի, Պորոշենկոն պրագմատիկ քաղաքական գործիչ է, կարող է զրուցել Պուտինի հետ», - ասել է Եվրամիության ներկայացուցիչը հանդեսին։

Պորոշենկոն Իտալիայի կառավարության հրավերով է ժամանել Միլան, նա երկու տարին մեկ գումարվող «Եվրոպա-Ասիա» գագաթնաժողովի աշխատանքային հանդիպումներին չի մասնակցելու, քանի որ Ուկրաինան այդ կազմակերպությանը չի անդամակցում։

Ինքը Պորոշենկոն Իտալիա մեկնելուց առաջ ասել է, որ Միլանում կարևոր հանդիպում կլինի Ռուսաստանի ղեկավարի հետ։

Արևմուտքի փորձագետները նշում են, որ Միլանի հանդիպման նախօրեին ռուսական լրատվամիջոցները փոքր-ինչ մեղմել են Ուկրաինային հասցեագրված որակումները, մասնավորապես՝ այդ երկրի մասին ռեպորտաժներում չեն կիրառում «Կիևի խունտան» եզրը։

Եվրոպական երկրների ղեկավարները նշում են, որ ցանկանում են երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ «Պատժամիջոցները դա չեն բացառում», - ասել է Անգելա Մերկելը։

Երեկ Միլանում ուկրաինական ճգնաժամի մասին է խոսել նաև Ֆրանսուա Օլանդը։ «Անհրաժեշտ է պահպանել հրադադարը և առանց վերապահումների ամբողջությամբ կատարել Մինսկի պայմանավորվածությունները», - ասել է Ֆրանսիայի նախագահը։

XS
SM
MD
LG