Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները դեմ են սահմանադրական փոփոխություններին


Սահմանադրական բարեփոխումների մեկնարկին՝ ամիսներ առաջ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը գուցե համաձայներ քննարկել հայեցակարգի բովանդակությունը, իսկ հիմա իմաստ չի տեսնում:

Նրա համոզմամբ՝ կասկածից վեր է, որ այս իշխանությունները որևէ լավ բան չեն անելու․ - «Կասկածներ, տարակուսանք, երերանք կար, թե կարո՞ղ է հանկարծ․․․․ Բայց Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակելով, ճանապարհային երթևեկության իրավահարաբերություններում օրական 4 հազար պատժիչ որոշում կայացնելով և դա չփոխելով, Շանթ Հարությունյանի նկատմամբ դատավարությունը ավարտված չլինելով՝ նրան հանցագործ հայտարարելով՝ ամեն ինչ ընկնում է իր տեղը»:

Արտակ Զեյնալյանի խոսքով, Սահմանադրությունը պետք է ժողովրդի կողմից ընդունված փաստաթուղթ լինի՝ երբ նույնիսկ դեմ քվեարկողներն են համոզված, որ այն մեծամասնությունն է հաստատել: Իրավապաշտպանը, սակայն, վստահ է, որ հայաստանցիները չեն մասնակցելու հանրաքվեին, արդյունքները կեղծվելու են․ - «Ուստի բացարձակ էական չէ, թե որքան որակյալ փաստաթուղթ է ստացվել, կամ ինչքան որակով կարող ենք մենք մասնագետներով դա դարձնել»:

Բարեփոխումների հայեցակարգով առաջարկվում է մեծացնել քաղաքական փոքրամասնության լիազորությունները՝ ընդդիմադիրներին հնարավորություն տալով, օրինակ, ընտրվել Վերահսկիչ պալատի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոններում:

«Դրա համար սահմանադրությունը փոխելու կարիք չկա»,- հակադարձում է իրավապաշտպանը՝ շարունակելով․ - «Եթե ուզում են վստահություն ստանալ, հիմա դա կարող են անել օրենքով: Այդ օրենքը որևէ ձևով չի հակասի Սահմանադրությանը: Դա կարող են անել նույնիսկ առանց օրենքը փոխելու, փաստացի: Եվ դրա համար բացարձակ պետք չէ Սահմանադրություն ժողովրդի վրա կամ քաղաքական փոքրամասնության վրա «սաղացնել»»:

Զուտ մասնագիտական առումով Արտակ Զեյլայանը հետաքրքիր լուծումներ տեսել է Սերժ Սարգսյանի սեղանին դրված փաստաթղթում: Դրանց մի մասի հետ սկզբունքորեն համաձայն չէ, բայց ասում է՝ հինգերորդական հարց է․ նույնիսկ էական չէ՝ ուզո՞ւմ են վերատադրվել թե՞ ոչ, քանի որ հստակ է՝ նախաձեռնության հետևում կանգնած մարդիկ ազնիվ չեն․ - «Կարող է լինել մաքուր նախագահական, կարող է լինել մաքուր խորհրդարանական: Այստեղ քաղաքական կամքի մասին է խոսքը, հանրությանը նվիրված լինելու մասին է խոսքը, իրենց որպես ծառայող զգալու մասին է խոսքը՝ տիրոջը ծառայող: Իսկ տերը ժողովուրդն է: Բայց այնինչ՝ դա չկա»:

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի մոտ ծիծաղ է առաջացրել այն, թե ինչպես էր Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովը մարզերում կիսադատարակ դահլիճներում քննարկում նախագիծը․ - «Ա՚յ ընկեր, ձեռքդ բազմաթիվ հնարավորություն է եղել վերականգնել սահմանադրական կարգը ամեն անգամ ապականված ընտրություններից հետո: Անեի՞ր․․․ Սահմանադրությո՞ւնն է քեզ խանգարել»:

Բարսեղյանը ծուղակ է համարում իշխանությունների հետ բովանդակային քննարկման մեջ մտնելը․ ի՞նչ երաշխիք կա, որ նոր Սահմանադրությունն էլ չի ապականվելու․ - «Ոստիկանական պետություն են սարքել տան մեջ, հիմա ասում են՝ գիտեք, կանոնները պիտի փոխենք: Ա՛յ ախպեր, մեզ մի հարցրու, գնա փոխի: Մենք որ ասենք չէ՝ չե՞ս փոխելու»:

Լևոն Բարսեղյանը չի նկատել նախաձեռնություն, հետաքրքրվածություն․ մարդիկ խոսում են ընտրակեղծիքների, արտագաղթի մասին, բայց ոչ Սահմանադրության:

Նա վստահ է, որ պետք է համաժողովրդական բոյկոտի արժանացնել այդ փաստաթուղթը․ - «Նպատակը իր կլանի, Հանրապետական կուսակցության վերնախավի, իր հանցագործ խմբավորման իշխանական երկարակեցությունն է․․․ Բոլոր ռեսուրսները ներդնելու ենք, որ այդ հանրաքվե կոչված խեղկատակությունը տապալվի»:

XS
SM
MD
LG