Մատչելիության հղումներ

logo-print

Իրացման գոտու հերթական «զոհերը» չեն հավատում սեփականատիրոջ խոստումներին


Այսօր Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող բնակիչներին հանդիպեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Մի քանի տասնյակ բնակիչներ, ովքեր պնդում են, որ «Գլենդեյլ Հիլզ»-ն իրենց դարձրել է անօթևան, Կառավարության շենքի առջև այսօր պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: Ոստիկանները, սակայն, Կառավարության շենքի առջևից հրելով հեռացրին ցուցարար-բնակիչներին:

Քիչ անց նրանց ներս հրավիրեց Կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմում-բողոքների քննարկման վարչության պետը՝ արգելելով լրագրողներին նկարահանել հանդիպումը:

Մեզ հաջողվեց պատուհանից հետևել ներսում տեղի ունեցող բանակցություններին: Բնակիչներից մեկը փոխանցեց, որ Կառավարությունից առաջարկել էին դադարեցնել ցույցն ու մի քանի հոգուց կազմված խմբով բարձրանալ վարչապետի մոտ:

Առաջարկը մերժելուց հետո վարչապետն անձամբ իջավ բնակիչների հետ հանդիպման:

Կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանն այդ պահին փակեց անգամ ընդունարանի բաց պատուհանը՝ պատճառաբանելով, թե բնակիչները չեն ուզում, որ մեր տեսախցիկը գոնե հեռվից հետևի վարչապետի հետ բանակցություններին:

Բողոքի այս ալիքը սկսվել է դեռ 2007-ից, երբ Կառավարության կողմից գերակա շահ ճանաչված 5 տարբեր փողոցների 106 ընտանիքներ ստիպված բնակարանները հանձնեցին «Գլենդեյլ Հիլզ» շինարարական ընկերությանը: Բնակիչների հետ կնքած պայմանագրերով ընկերությունը պարտավորվում էր քաղաքի տարբեր հատվածներում նրանց նույն մակերեսով բնակարաններ վերադարձնել:

Անցած 7 տարվա ընթացքում, սակայն, հարցն այդպես էլ չի լուծվել․ մի մասը ստացել են խոստացվածից ավելի փոքր մակերեսով բնակարաններ, մի մասը ստացած բնակարանի սեփականաշնորհման վկայագրերը դեռ չունեն, մյուսներն էլ իրենց բնակարանի համարժեք գումարն են պահանջում, որովհետև այլևս հույս չունեն, որ «Գլենդեյլ Հիլզից» երբևէ բնակարան կստանան:

«Իրանք կարող ա գնան, բայց ես չեմ գնա, մինչև ինձ մի բնակարան չտան», - փոխանցեց բնակիչներից մեկը:

«Բնակիչների կեսը մահացել են՝ բոլորը ջահել-ջահել», - ասաց մեկ ուրիշ բնակիչ:

«Յոթը տարի ա որոնումների մեջ ենք, երեք վարչապետ փոխեցինք էդ ընթացքում»:

Ընկերության ներկայացուցիչ Տիգրան Ասրիյանցը «Ազատությանն» ասաց, որ բնակիչներից շատերն ագահություն են անում ու պահանջում են ավելի մեծ մակերեսով բնակարան, քան նախկինում ունեցել են:

Փակ դռների հետևում ընթացող հանդիպումից վարչապետ Հովիկ Աբրահամյանը դուրս եկավ և վերադարձավ «Գլենդեյլ հիլզի» սեփականատեր, սփյուռքահայ գործարար Վահե Յաղուբյանի հետ:

Այս անգամ մեզ հաջողվեց ներսից հետևել բանակցություններին: Տարիների կուտակված զայրույթը բնակիչները ուղղեցին դեպի Յաղուբյանը:

«Դուք իրավունք չունեք բարոյապես մեզ հետ էսպես վարվելու: Ոնց որ Դուք թքած ունեք՝ եկաք, քանդեցիք, տներից հանեցիք՝ բոլորս սեփականաշնորհված թղթերով, ձեռքներից վերցրեցիք ու գնացիք: Էն մի քանի շենքը կառուցեցիք, երևի եկամուտներ ունեցաք․․․ Բա մեր ճակատագիրն ի՞նչ ա լինելու: Ձեր կնոջ հետ որևէ մեկը էսպես վարվեր, Դուք կհանդուրժեի՞ք: Հիմա ինչ էլ որ ասեք, միևնույնն է, ոչ ոք Ձեզ չի հավատում», - վրդովված ասաց մի բնակիչ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ բնակիչների հետ հանդիպումը շարունակեց արդեն նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով ավելի վաղ մի քանի անգամ հանդիպել էր բնակիչներին և ծանոթ էր խնդրին: Դիմելով Յաղուբյանին՝ պաշտոնաթող Գևորգյանը փաստեց, որ բնակիչների շատ պնդումներ տեղին են:

«Սեպտեմբերի 20-ից եթե պրոբլեմ կար, առաջինը ես պետք է իմանայի դրա մասին», - ասաց Գևորգյանը:

«Ես 70 տարեկան եմ, ես ուզում եմ իմ գումարը Դուք տաք, ես գնամ ինձ համար կենտրոնում տուն առնեմ: Ես մղկտալով․․․ չգիտեի՝ իմ երեխուն էն խոնավության մեջ․․․ իմ երեխեն ու մերս արդեն չկան, ինձ տվեք մի հատ անապատում բուն, կրիշ՝ իմը: Եթե չստանամ, ես էլ իմ մեռելը կբերեմ ձեր դռան դեմը, կասեմ՝ լուծեք հարցերը», - հանդիպման ժամանակ ասաց բողոքող մի բնակիչ:

Հանդիպմանը ներկա քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին բնակիչներից մեկը կրկին մեղադրեց այն բանում, որ իրենք այսօր անօթևան են:

«Ձեզ դուր եկա՞վ, որ նաև ձեր թեթև ձեռքով մենք դրսում հայտնվեցինք, պարոն նախարար», - ասաց բնակիչներից մեկը:

Վարչապետի և արդեն նախկին փոխվարչապետի ներկայությամբ «Գլենդեյլ Հիլզի» սեփականատեր Յաղուբյանը խոստացավ, որ բնակիչների մի մասն իրենց բնակարանները կստանան մինչև այս տարվա վերջ, իսկ մյուսները՝ 2016-ին: Բնակիչների հարցին, թե Յաղուբյանի խոսքերն իրավական ուժ ունեն արդյոք, Արմեն Գևորգյանն ասաց, որ այս պահին ամեն ինչ բարոյական հիմքի վրա է:

Բնակիչները պատրաստ են ամեն ամիս գալ Կառավարության շենք, որովհետև Յաղուբյանի բարոյական խոստումներին այլևս չեն հավատում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG