Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Եվրամիության շարունակական աջակցությունը կարևոր է Հայաստանում ընթացող բարեփոխումների համար: Այսօր հայտարարել է Սերժ Սարգսյանը Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպման ժամանակ։

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են բանակցային գործընթացի վերջին զարգացումներին՝ Սոչիի և Նյուպորտի գագաթնաժողովների և ամռանը Հայաստանի հետ սահմանին ու Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում հրադադարի խախտման հետևանքով առաջացած լարվածության մեծացման համատեքստում:

Կողմերը երկուստեք համոզմունք են հայտնել, որ խաղաղ բանակցային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ հնարավոր ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:

Հերբերտ Զալբերը վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը բարձր մակարդակով բանակցությունների անցկացմանն ու բոլոր այն գործնական քայլերին, որոնք կարող են ձևավորվել խաղաղ բանակցային գործընթացում և նպաստել հակամարտության հանգուցալուծմանը:

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ հարցի արդար կարգավորման առանցքը Ղարաբաղի ժողովրդի կողմից ազատ կամարտահայտության միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն է:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին՝ այս փուլում բանակցությունների արդյունքների վերաբերյալ սպառիչ տեղեկությունների և որոշակի պարզաբանումների համար՝ նշելով, որ ստացած տեղեկությունները կզեկուցի ԵՄ անդամ պետություններին:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հոկտեմբերի վերջին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ կայանալիք Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից ակնկալիքների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG