Մատչելիության հղումներ

Բանտարկյալը փորձել է փախչել երկվորյակ եղբոր օժանդակությամբ


Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել դատապարտյալ Տ. Երանոսյանին՝ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկից փախուստի փորձ կատարելու համար։

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Տ. Երանոսյանը, ցանկանալով մասնակցել Ռուսաստանում գտնվող դստեր՝ նոյեմբերին կայանալիք պսակադրության արարողությանը, իրենից արտաքնապես չտարբերվող երկվորյակ եղբոր օժանդակությամբ փորձել է փախուստի դիմել քրեակատարողական հիմնարկից։ «Նախապես ձեռք բերված համաձայնության հիման վրա եղբայրը 2014 թվականի հոկտեմբերի 7-ին այցելել է «Սևան» ՔԿՀ՝ Տ. Երանոսյանին տեսակցության, որի ժամանակ տեսակցությունների համար նախատեսված սենյակի մոտ գտնվող զուգարանում փոխվել են հագուստներով։ Ապա Տ. Երանոսյանը երկվորյակ եղբոր փոխարեն հսկիչ-անցագրային կետից վերցրել է վերջինիս անձնագիրը և դուրս եկել հիմնարկի վարչական տարածք, իսկ եղբայրը Տ. Երանոսյանի փոխարեն գնացել է ՔԿՀ-ի դատապարտյալների բնակելի գոտի։ Սակայն Տ. Երանոսյանը չի հասցրել հատել ՔԿՀ-ի մուտքի պահակակետը և դուրս գալ ՔԿՀ-ի տարածքից, քանի որ բռնվել է ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից», - ասված է հաղորդագրությունում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Տ. Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 1-ին մասով՝ «ազատազրկման վայրից փախուստի փորձ», որը նախատեսում է ազատազրկում՝ մինչև երեք տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG