Մատչելիության հղումներ

Ոսկու շուկայի միջադեպի առնչությամբ քրեական գործ չի հարուցվի


Ոստիկանությունը որոշել է քրեական գործ չհարուցել սեպտեմբերի 25-ին Ոսկու շուկայում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի առնչությամբ:

«Ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստվել են նյութեր և 07.10.2014 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին», - ասված է «Ազատության» հարցմանն ի պատասխան Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից այսօր ստացված պաշտոնական գրության մեջ:

Այսինքն, իրավապահները հետաքննել են տեղի ունեցածը և մերժել քրեական գործի հարուցումը, որովհետև պարզել են՝ տեղի ունեցածում «բացակայում է հանցագործության դեպքը»:

Մինչդեռ, այն, ինչ տեղի ունեցավ ճիշտ երեք շաբաթ առաջ Երևանի ոսկու շուկայում, ոչ միայն ամբողջովին տեսանկարահանված առկա է համացանցում, այլև պարզապես ցնցեց հանրությանը:

Սեպտեմբերի 25-ին նաև ոսկու շուկայի բազմաթիվ առևտրակականներ էին հավաքվել Կառավարության շենքի առջև՝ բողոքելու հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հարկային փոփոխություններից: Այս հանգամանքը վրդովել էր շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանին, ով իր օգնականների հետ միասին ոսկու շուկայում կոպիտ կերպով հանել էր տալիս բոլոր այն առևտրականների սեղանիկները, ովքեր համարձակվել են պայքարել իրենց իրավունքների համար:

Աբրահամյանը տեսախցիկի առջև հայտարարել էր, որ հրահանգել է ոսկու շուկայի առևտրականներին չմասնակցել բողոքի ակցիանեերին:

Այստեղ մեջբերենք Հայաստանի Սահմանադրության հոդված 29-ը․ «Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք»:

Սակայն սա էլ ամբողջը չէ. դարձյալ տեսախցիկի առջև ոսկու շուկայի սեփականատերը հայտատարեց, որ լավ է արել՝ սեղաններ է ջարդել. - «Լավ եմ արել... որովհետև անշնորհք ժողովուրդ են, իրենց բիզնեսի մասին մտածում են, իմ բիզնեսին խանգարում են»:

Հայաստանի մարդու իրավունքի պաշտպանի տեղակալը և իրավապաշտպանները «քրեորեն պատժելի արարք», «հանցագործություն» որակեցին տեղի ունեցածը, սակայն ինչպես տեսնում եք ոստիկանությունում այլ կարծիքի են:

«Ւստ օրենսդրության, իրավապահ մարմինները` դատախազությունը, ոստիկանությունը, քննչական մարմինը, իրավունք ունեն... Քրեական գործ հարուցելու առիթ հանդիսանում նաև ԶԼՄ-ում ներկայացված հանցագործության մասին հաղորդումը», - ասաց օմբուդսմենի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը:

«Ազատության» հետ զրույցում դիտարկմանը, թե ստացվում է, որ Հայաստանում յուրաքանչյուր ոք, խախտելով Սահմանադրությունը, կարող է արգելել մարդկանց մասնակցել խաղաղ հավաքների, ջարդել ուրիշի ունեցվածքը և քրեական պատասխանատվության չենթարկվել, Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն արձագանքեց․ - «Իհարկե ոչ: Ցանկացած ջարդարար կստանա ապտիժ, այդ թվում՝ նաև Ձեր հիշատակած անձը: Դա պետք է պատճառաբանի կոնկրետ կարճող մարմինը․ ընթացակարգեր կան՝ դրա օրինականությունը հաստատող մարմինը և այլն: Լրացուցիչ ծանոթանամ, կներկայացնեմ»:

Գեներալ-լեյտենանտ Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ քրեական գործի հարուցման մերժումը ոստիկանությունը, ըստ կարգի, ուղարկել է դատախազություն՝ որոշման օրինականությունը ստուգելու համար։

«Ոսկու շուկայի տիրոջ պահվածքը մի բան է նշանակում՝ այս երկրում ես անպատժելի եմ, ինչ ուզեմ՝ կանեմ», - «Ազատությանը» այսօր ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ շարունակելով․ - «Մենք գիտենք բազմաթիվ դեպքեր, երբ ոչ թե քաղաքացու շահն է պաշտպանվում, այլ այն անձանց, որոնք անպատժելի են, ինչ ուզենան՝ կանեն, ինչպես ուզենան՝ կխոսեն և ինչպես ուզենան՝ կվարվեն քաղաքացու հետ: Ոստիկանությունը ուղղակի անգործության է մատնված»:

XS
SM
MD
LG