Մատչելիության հղումներ

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման նկատմամբ վրեժը շիաները փորձում են լուծել սուննի մահմեդական քաղաքացիական անձանցից:

Այս օրերին, երբ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումն Իրաքում իրականացնում է ծայրահեղ դաժան ու խստագույն բռնություններ ոչ միայն ազգային փոքրամասնությունների, այլ նաև շիա մահմեդականների նկատմամբ, շիա մահմեդական զինյալ խմբավորումներն էլ սուննի մահմեդական անզեն քաղաքացիների նկատմամբ են իրականացնում առևանգումներ, հալածանքներ ու մահապատիժներ։ Այս մասին տեղեկացնում է Amnesty International կազմակերպությունն ու հայտնում մտավախություն, որ երկրում տարբեր խմբերի միջև բռնությունները կարող են նոր թափ ստանալ։

Իրաքում շիա մահմեդական խմբավորումներին քրդական ուժերի ու Իրաքի բանակի հետ միասին հաջողվել է հետ մղել սուննի մահմեդականներից կազմված «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալներին։ Սակայն, ինչպես Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն է տեղեկացնում, իրենց գործողությունների ընթացքում շիա մահմեդականներն Իրաքի որոշ հատվածներում իրականացնում են ծայրահեղ դաժան գործողություններ ընդդեմ սուննի ազգաբնակչության։

Amnesty International-ի փորձագետներից Դոնաթելա Ռովերայի խոսքերով՝ շիա մահմեդականներն «Իսլամական պետություն» խմբավորման վայրագությունների պատճառով բոլոր սուննիներին են վերաբերվում որպես այս խմբավորման անդամների։

Բաղդադում, Սամարրայում և Քիրքուքում շիաները սպանել են սուննի հարյուրավոր քաղաքացիների, իսկ իշխանությունները դրանք կանխելու ուղղությամբ ոչինչ չեն անում։ «Ավելին», - ասում է Ռովերան, - «Քանի որ որոշ հատվածներում բանակային ուժերը պարզապես լքել են իրենց դիրքերը, «Իսլամական պետության» դեմ պայքարում իշխանությունները ստիպված իրենց հույսը կապել են շիա ծայրահեղական խմբավորումների հետ»։

Երկրի շիա մահմեդական նոր վարչապետ Հայդեր ալ-Աբադին խոստացել է հաշտության եզրեր գտնել երկրի ազգային ու կրոնական տարբեր խմբավորումների միջև։ Իսկ նրա նախորդին՝ Նուրի ալ-Մալիքիին շատերն են մեղադրել սուննիների ու շիաների միջև թշնամանքը խորացնելու մեջ։

Վերլուծաբանները հիշեցնում են, որ թշնամանքը սուննիների ու շիաների միջև չափազանց խորացել էր նաև 2006-2007 թվականներին, սակայն այն ժամանակ Իրաքի հոգևոր առաջնորդներին հաջողվեց քաոսն առնել վերահսկողության ներքո։ Սուննի Սադամ Հուսեյնի իշխանության տապալումից հետո շիա մահմեդականների հոգևոր առաջնորդ այաթոլա Սիսթանին մեծ ջանքեր կիրառեց այդ ուղղությամբ։ Սակայն նա դա արեց՝ լավ հասկանալով, որ կայունությունը բխում էր շիաների շահերից, քանի որ Սադամից հետո իշխանությունը հիմնականում անցել էր նրանց։ Հարկավոր էին խաղաղ պայմաններ, որպեսզի անցկացվեին ընտրություններ՝ շիաների իշխանությունն է՛լ ավելի ամրապնդելու համար։ Եվ սուննիներին անտեսելու ու Սադամի վրեժը սուննիներից լուծելու քաղաքականության արդյունքում ծնվեց «Իսլամական պետություն» սուննի ծայրահեղական շարժումը, որն էլ դարձավ մեծ վտանգ ոչ միայն Իրաքի ու այս տարածաշրջանի, այլ նաև՝ ամբողջ աշխարհի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG