Մատչելիության հղումներ

Վրաց - ռուսական բանակցությունների հերթական փուլը մեկնարկում է լարված մթնոլորտում


Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասին (ձախից) և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձե

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասին (ձախից) և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձե

Պատճառը վիճահարույց պայմանագրի նախագիծն է, որ երկու օր առաջ ռուսական իշխանությունները ներկայացրեցին Աբխազիայի խորհրդարանին:

Այսօր Չեխիայի մայրաքաղաքում կմեկնարկի վրաց - ռուսական բանակցությունների հերթական փուլը: Պրահայում կհանդիպեն Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Բանակցությունները, սակայն, մեկնարկում են բավական լարված մթնոլորտում: Պատճառն այն վիճահարույց պայմանագրի նախագիծն է, որ երկու օր առաջ ռուսական իշխանությունները ներկայացրեցին Աբխազիայի խորհրդարանին: «Դաշնակցային հարաբերությունների և ինտեգրման մասին» համաձայնագրի ստորագրման դեպքում Աբխազիան կարող է կորցնել իր ինքնիշխանության զգալի մասը: Այդ փաստաթղթում, մասնավորաբար, առաջարկվում է աբխազական ուժային կառույցները միավորել ոուսաստանյան նմանատիպ գերատեսչությունների հետ, ռուս - աբխազական սահմանը դարձնել լիովին թափանցիկ, Աբխազիայի քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու դյուրացված կարգ սահմանել:

«Այս համաձայնագիրն ուղղակի սպառնալիք է մեզ համար», - երեկ Թբիլիսիում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

«Այս համաձայնագիրը ևս մեկ կոպիտ քայլ է` ուղղված Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ: Համաձայնագրի վերջնական ձևակերպման դեպքում անվտանգության խնդիրների հետ կապված իրադրությունը Սևծովյան ավազանում և Կովկասում զգալիորեն կվատթարանա: Այս համաձայնագիրն ուղղակի սպառնալիք է մեր երկրի պաշտպանունակությանը: Համաձայնագրի գործարկման դեպքում կվատթարանա իրադրությունը մարդասիրական, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում», - հայտարարեց Մարգվելաշվիլին` երկրի օրենսդիր մարմնին կոչ անելով հստակորեն արձագանքել Մոսկվայի վերջին քայլերին:

«Նման համաձայնագրի ստորագրումը իրականում հարցականի տակ կդնի Աբխազիայի ապագան` որպես Վրաստանի անբաժանելի մաս: Ես դիմում եմ Վրաստանի խորհրդարանին` կոչ անելով հստակ դիրքորոշում ձևակերպել Ռուսաստանի կողմից ձեռնարկվող այս քայլերի վերաբերյալ: Երբ դա տեղի կունենա, ստեղծված իրավիճակը կքննարկի Անվտանգության խորհուրդը», - նշում էր Վրաստանի նախագահը:

Ռուս - աբխազական համաձայնագրի նախագծի շրջանառության մեջ դրվելը, ի դեպ, փոխել է նաև Աբաշիձե - Կարասին բանակցությունների օրակարգը: Այդ մասին հայտարարեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն:

«Բնական է, որ Աբաշիձեն և Կարասինը Պրահայում չեն խոսելու գինու կամ բանջարեղենի մասին: Նրանց քննարկման հիմնական թեման լինելու է հենց այս համաձայնագրի նախագիծը», - ընդգծում էր Փանջիկիձեն:

XS
SM
MD
LG