Մատչելիության հղումներ

logo-print

Փոստանջյան․ ԲՀԿ-ն դեռ չի կտրել իշխանությունների հետ կապը


Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ «Ժառանգությունում» որոշում չունեն Րաֆֆի Հովհաննիսյանի՝ գալիք նախագահական ընտրություններում չառաջադրվելու վերաբերյալ:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր հրապարակեց եռյակի միասնական օրակարգի իր առաջարկը, ըստ որի «Ժառանգությունը», Հայ ազգային կոնգրեսն ու «Բարգավաճ Հայաստանը» պետք է սկսեն նախագահ Սարգսյանին պաշտոնանկ անելու՝ իմպիչմենտի գործընթաց։

Հաջորդ կետով ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի օլիգարխները պետք է վերադարձնեն ապօրինի ձեռք բերած ունեցվածքը, ԲՀԿ-ն էլ պետք է հայտարարի, որ ճանաչում է Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին որպես հանցագործների և հետամուտ է լինելու նրանց քրեական հետապնդմանը։

Մինչդեռ, հիշեցնենք, եռյակի նախորդ համապետական հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ առաջիկա քայլերի օրակարգը միայն եռյակի լիդերներն են որոշելու։ Այս դիտարկմանը Փոստանջյանն արձագանքեց. - «Դա ավտորիտար բնույթի հայտարարություն է, որը բնորոշ է Լևոն Տեր-Պետրոսյանին առաջին ավտորիտար բնույթի Սահմանադրությունը, որն ընդունվեց 1995 թվականին դա իր կողմից, իր ցանկությամբ, իր առաջարկությամբ, դրույթներով ավտորիտար Սահմանադրություն էր, համաձայն որի հակակշիռների և զսպումների մեխանիզմները գրեթե բացակայեցին»:

Փոստանջյանը նաև պնդեց, որ Տեր-Պետրոսյանի այս հայտարարությունը անակնկալ է եղել ժառանգության համար՝ նշելով, թե Տեր-Պետրոսյանը միանձնյա էր կայացրել այդ որոշումը, իր ելույթը համաձայնեցված չէր:

Չծրագրված է եղել նաև Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը, որը համաձայնեցված չէր եռյակի մյուս առաջնորդների հետ, քանի որ, պարզվում է՝ հանրահավաքին ելույթ ունեցած Հովհաննիսյանն ու Տեր-Պետրոսյանը դրանից առաջ այդպես էլ չէին հանդիպել։

Հիշեցնենք, իր ելույթում Հովհաննիսյանը դատապարտեց Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը, չնայած մինչ այդ եռյակի անունից հայտարարվել էր արտաքին հարցերին չեն անդրադառնալու։ Րաֆֆի Հովհաննիսյանից հետո ելույթ ունեցած ՀԱԿ առաջնորդն ասաց, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը այլևս անշրջելի իրողություն է, իսկ այդ առթիվ երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի։
Փոստանջյանին հարց ուղղվեց՝ վիրավորական չէի՞ն Լևոն Տեր- Պետրոսյանի խոսքերը Հովհաննիսյանի համար։

«Եթե ինչ-որ մեկը փորձում է վիրավորել, դա արդեն խոսում է այդ մարդու բարոյական կերպարի մասին և դա էլ է արժանանում գնահատականի հասարակության կողմից: Վիրավորողին իհարկե ընդունում են որպես անբարո մարդ», - ասաց «Ժառանգության» պատգամավորը:

Փոստանջյանը նաև հերքեց այն տեսակետները, թե «Ժառանգությունը» եռյակում լուրջ դերակատարում չունի և ընդամենը ապահովում է «+1»-ը, պնդելով, թե կուսակցությունը բավականին լուրջ դերակատարում ունի, քանի որ «հենց «Ժառանգությունն է, որ երբևէ չի եղել այս կամ այն իշխանության հետ որևիցե գործարքի մեջ»:

Նպատակներին հասնելու և ազնիվ գործելու համար կարևոր է, որ բոլոր ուժերը, ովքեր նախկինում կապ են ունեցել գործող իշխանությունների հետ, վիրահատական միջամտությամբ կտրեն այդ կապը։

«Ազատության» հարցին, թե արդյոք Փոստանջյանը համարում է, որ ԲՀԿ-ն կտրել է իր կապը իշխանությունների հետ, պատգամավորն արձագանքեց․ - «Շատ դժվար է իհարկե: Հիմա նույն Դաշնակցությունը ինքն իր մեջ պետք է գտնի այդ ուժը և գնա այդ վիրահատական քայլին»:

Զարուհի Փոստանջյանը հնարվոր է, որ առաջիկա հանրահավաքին էլ չլինի հարթակին: Ամեն ինչ կախված է այն օրակարգից, որը կձևավորի եռյակը դրանից առաջ։ Ինքը՝ Փոստանջյանը պնդեց, թե կողմնակից է արտահերթ նախագահական ընտրություններին, ընդ որում՝ թեև 2013-ի նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, թե դա իր առաջին ու վերջին առաջադրումն է, նրա դաշնակից Փոստանջյանն ասաց, որ «ժառանգությունում» իրենք նման որոշում չունեն։

XS
SM
MD
LG