Մատչելիության հղումներ

10 տարի բնակարանի սպասող մարդիկ անելանելի վիճակում են


10 տարի բնակարանի սպասող մարդիկ անելանելի վիճակում են
please wait

No media source currently available

0:00 0:04:23 0:00

67-ամյա Վաչիկ Թադևոսյանի երկու որդիների ընտանիքներով արդեն տասը տարի վարձով են բնակվում: Կառավարությունը դեռ 10 տարի առաջ գերակա շահ է ճանաչել Ամիրյան 4 հասցեում գտնվող նրանց բազմաբնակարան շենքը` խոստանալով նույն տեղում բնակարան տրամադրել: Այդտեղ, սակայն, շքեղ հյուրանոցային համալիր է կառուցվել, և տասնյակ ընտանիքներ ցայսօր խոստացված բնակարանները չեն ստացել:

Խճճված այս պատմության տուժածներից է նաև Լևոն Պետրոսյանը, ով նույնպես 10 տարի վարձով է բնակվում: Դատական մի քանի հայցերից հետո ի վերջո ստացել է բնակարան՝ առանց աստիճանավանդակների, կոյուղագծերի ու միջնորմների: Մինչդեռ ստորագրված պայմանագրերի համաձայն, բնակարանները պետք է լինեին մասամբ նորոգված:

Հիմա երկու տասնյակ հարևաններով պահանջում են ապահովել պայմանագով խոստացված պայմանները․ - «Աստիճանավանդակները, լիֆտը․․․ ամբողջը պիտի կատարվի, կամունիկացիան պիտի իջեցվի, բայց իրենք տան մեջի կամունիկացիան չեն քաշում, այդ տան մեջի հարցերը մեր վրա ա»:

Այս մարդկանց խոսքով՝ իրենք 2004 թվականին պայմանագիր են կնքել ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի հետ, ով այդ պահին փաստաթղթերով եղել է քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Գասպարյանի մահից հետո, ըստ բնակիչների, շենքի՝ իրենց պատկանող հատվածի շինարարական աշխատանքները դադարել են: Մեր այցելության ժամանակ շենքում շինարարություն էր ընթանում միայն 8-րդ հարկում, որը, ըստ բնակիչների, պատկանում է վարչապետ Աբրահամյանի ընտանիքին:

Անօթևան մնացած մարդիկ հիմա հանգուցյալ պատգամավորի իրավահաջորդ կնոջից են պահանջում իրենց բնակարանները: Ի պատասխան սակայն, Անահիտ Մնացականյանը խորհուրդ է տալիս դիմել վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Վերջինս հրաժարվեց խոսել նաև մեզ հետ, երբ տեղեկացավ, որ զանգահարողը լրարգրող է:

«Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ վարչապետի ընտանիքը որևէ առնչություն չունի շենքի բնակելի հատվածի հետ», - «Ազատության»֊ն ասաց վարչապետի խոսնակը:

Բնակիչներն անելանելի դրության մեջ են հայտնվել․ ասում են, որ խնդրին ծանոթանալուց հետո փաստաբանները հրաժարվում են իրենց օգնել: Չի արձագանքում նաև քաղաքապետարանը։

Քաղաքապետարանից, սակայն, «Ազատությանը» փոխանցեցին, որ իրենք ստորագրել են արդեն բազմաֆունկցիոնալ դարձած շենքի միայն շահագործված հատվածի շինարարական աշխատանքների ավարտական ակտը:

Շենքի շինարարական մասի ղեկավար Էդգար Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում հերքեց, թե այս պահին այնտեղ շինարարություն չի ընթանում՝ պնդելով, թե բնակիչները իրենց բնակարանները կստանան 7 ամիս հետո:

«Բնակիչները հիմա էլ կարող են գալ, իրենց տներում վերանորոգման աշխատանքներ իրականացնել», - ասաց Մանուկյանը: Դիտարկմանը, թե շենքում վերելակ չկա, կոյուղագծեր չկան, նա արձագանքեց - «Վերելակները պատվիրված են, վերելակների շախտաներում հենց հիմա աշխատանքներ կատարվում են»:

Նշենք սակայն, որ մեր այցելության պահին, սակայն, շինարարության հետք անգամ չկար:

Թե ինչպե՞ս է լուծվելու անօթևան մնացած բնակիչների խնդիրը դեռ պարզ չէ: Հստակ է սակայն, որ 2015 թվականին լրանում է բնակիչների կնքած անժամկետ պայմանագրերի վաղեմության ժամկետը, ինչը ենթադրում է, որ բնակիչները այլևս որևէ մեկից խնդրի լուծում պահանջելու իրավական հիմք չեն ունենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG