Մատչելիության հղումներ

Հայեցակարգով «քաղաքական առաջին ջութակի դերը» վերապահվում է վարչապետին


Արդարադատության նախարարության կայքում հրապարակվել է նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը հայեցակարգի վերաբերյալ:

Արդարադատության նախարարության կայքում այսօր հրապարակված սահմանադրական փոփոխությունների հայեցակարգով ամրագրվել է կիսանախագահականից խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու անհրաժեշտությունը:

«Ազգային ժողովը՝ որպես օրենսդիր իշխանություն, վերահսկողություն կիրականացնի գործադիր իշխանության բարձրագույն մարմնի՝ կառավարության նկատմամբ»,- նշված է հայեցակարգում:

Ըստ հայեցակարգի, «գործող կառավարման համակարգի համեմատ սկզբունքորեն նոր դեր պետք է իրականացնի Հանրապետության Նախագահը:

Հայաստանի նախագահի լիազորությունների կրճատման հնարավորության վերաբերյալ «Ազատության» հարցին ի պատասխան սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ներկայացուցիչ, սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը ասաց.- «Այո՛, հանրապետության նախագահի լիազորությունները կտրուկ կկրճատվեն, եթե անցում կատարվի խորհրդարանական համակարգին։ Բայց բոլորին այդպես չէ, որ նախագահի այդ կրճատված լիազորությունները անցնելու են խորհրդարանին։ Նախագահի այդ լիազորությունների առյուծի բաժինը անցնելու է կառավարությանը և վարչապետին»։

Ըստ հայեցակարգի, նախագահին պետք է ընտրի Ազգային ժողովը կամ ավելի լայն ընտրական կոլեգիան՝ խորհրդարանի լիազորությունների ժամկետը գերազանցող ժամկետով (մասնավորապես, քննության առնելով նաև սփյուռքի ներկայացուցիչների ընդգրկումը):

«Սփյուռքի ներկայացուցիչների ընդգրկումը քննարկման առարկա է լինելու բարեփոխումների երկրորդ փուլում»,- ասաց Պողոսյանը։

Նախագահի ընտրության հարցում սփյուռքի ներկայացուցիչներին ներգրավելու հնարավորության հարցը Վենետիկի հանձնաժողովի քննարկման առարկա չի դարձել:

Եթե հայեցակարգի նախնական տարբերակով նախատեսվում էր, որ նախագահն ընտրվում մեկ անգամ առավելագույնը 7 տարի ժամկետով, վերջնական տարբերակով նախագահի ընտրության ժամկետը պետք է գերազանցի խորհրդարանի լիազորությունների ժամկետը: Ինչո՞ւ է հայեցակարգի վերջնական տարբերակից դուրս մնացել նախագահի ժամկետը. Վարդան Պողոսյանը մեկնաբանությամբ՝ նախագահի պաշտոնավարման ժամկետ ամրագրելը վաղաժամ է։

Ըստ հայեցակարգի, «Հանրապետության նախագահը չպետք է ունենա վերընտրման իրավունք, որպեսզի նրա պաշտոնավարման ընթացքում ավելի լիակատար կերպով ապահովվի նրա անկախությունը քաղաքական ուժերից»։

Վենետիկի հանձնաժողովն ուշագրավ դիտարկում է արել նախագահի ընտրության կարգի հնարավոր փոփոխության վերաբերյալ: «Ընտրական համակարգը փոխելու վերաբերյալ որոշմանը պետք է հատուկ ուշադրություն դարձնել, քանի որ մարդիկ, որոնք մինչ այժմ սովոր են Հանրապետության նախագահի ուղղակի ընտրությանը, կարող են իրենց զրկված զգալ ընտրելու իրավունքից: Եթե նման փոփոխություն է կատարվելու, ապա ընտրազանգվածը և քաղաքացիական հասարակությունը պետք է պատշաճ կերպով տեղեկացվեն պատճառների մասին»,- նշված է Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ:

Հայեցակարգով Հանրապետության նախագահի լիազորությունների վերաբերյալ հատվածում կա «համաստորագրում» տերմինը: Համաստորագրման ենթակա իրավական ակտերի տեսակները նախատեսվում է ընդգրկել սահմանադրական փոփոխությունների նախագծում, եթե այսօր հրապարակված հայեցակարգը հավանության արժանանա:

«Քանի որ նախագահը իր ակտերի մեծամասնությունը ընդունում է կառավարության կամ ղեկավարի, կամ համապատասխան նախարարի առաջարկությամբ, ապա այդ ակտերը կրկնաստորագրվում են համապատասխան նախարարի կամ վարչապետի կողմից։ Այդ ինստիտուտը տարածված է պառլամենտական համակարգում»,- մեկնաբանեց սահմանադրագետը։

«Համար առաջին քաղաքական ջութակի դերը»

Ուշագրավ է, որ ներկայիս կիսանախագահական համակարգում վարչապետի և նախագահի միջև բաժանված գործադիր իշխանության լիազորությունների պայմաններում հայեցակարգով առաջարկվող տարբերակով վարչապետի իրավասությունների վերաբերյալ հանգամանալից անդրադարձ չկա։

«Մենք վարչապետի լիազորություններին կոնկրետ չենք անդրադարձել։ Վարչապետը գլխավորելու է կառավարությունը, վարչապետը լինելու է դժվար փոփոխելի, դրա համար նախատեսված է այսպես կոչված կոնստրուկտիվ անվստահության քվեն, որի իմաստը կայանում է նրանում, որ վարչապետին կարելի է փոխարինել միայն այն ժամանակ, երբ միաժամանակ հնարավոր է ընտրել նոր վարչապետ։ Իսկ վարչապետի լիազորությունները պառլամենտական համակարգում գրեթե տիպական են և մեծ առանձնահատկություններ չկան։ Վարչապետը և դե յուրե, և դե ֆակտո գլխավորելու է կառավարությունը և խաղալու է համար առաջին քաղաքական ջութակի դերը»,- պարզաբանեց սահմանադրագետը։

Համար առաջին քաղաքական ջութակի դերաբաշխման հարցը պատճառ հանդիսացավ, որ անցած ամիսներին իշխանության պնդումներին հակադարձելով՝ իշխանափոխության պահանջներով հանրահավաքներ նախաձեռնած խորհրդարանական ուժերը սահմանադրական փոփոխությունները մեկնաբանեն որպես իշխանության վերարտադրության փորձ:

Վերջին հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր․- «Հարյուրավոր բացասական արձագանքներից հետո միայն հիմարը կամ իրեն հիմարի տեղ դնողը կհավատա ու կփորձի ուրիշներին էլ հավատացնել, որ վարչախումբը այդ փոփոխությունները նախաձեռնել է ոչ թե սեփական իշխանությունը հավերժացնելու նկատառումով, այլ միայն ու միայն, բացառապես, իր հոր արև, երկրի ու ժողովրդի բարօրության համար»։

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սահմանադրական փոփոխությունների նպատակն արդար չի համարում։ «Դրա նպատակն է երկարաձգել այս բռնազավթած իշխանությունը և նորից սպասարկել այս բռնազավթիչների շահը», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

XS
SM
MD
LG