Մատչելիության հղումներ

Երեկ առաջին անգամ հեռարձակվել է “Настоящее время” («Ներկա ժամանակ») ռուսալեզու նոր հեռուստատեսային լրատվական ծրագիրը՝ նախատեսված Ռուսաստանին սահմանակից նախկին խորհրդային երկրների համար:

“Настоящее время”-ն «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի Ձայն»-ի համատեղ նախագիծն է՝ Վրաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի և Ուկրաինայի հանրային և մասնավոր հեռուստաընկերությունների և ինտերնետ-պորտալների հետ համագործակցաբար:

Հենվելով տարածաշրջաններում, եվրոպական մայրաքաղաքներում, Պրահայում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի և Վաշինգտոնում «Ամերիկայի Ձայն»-ի կենտրոնակայաններում թղթակիցների ցանցի վրա՝ նախագիծը ներկայացնում է ամենօրյա 30-րոպեանոց թողարկումներ ուղիղ եթերում՝ նորություններ, հարցազրույցներ, ինքնատիպ ռեպորտաժներ և քաղաքական երգիծանք: Նախագիծն առաջարկում է տեղեկատվություն, որն անհասանելի է պետության կողմից վերահսկվող ռուսաստանյան լրատվամիջոցներում, դրանով իսկ ներկայացնելով «իրականության ստուգում» տեղական իրադարձությունների վերաբերյալ:

«Այս նախագծով ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցները մեծացնում են հակազդեցությունը անչափ ցինիկ և անխոհեմ տեղեկատվական արշավին, որը սնում է ագրեսիան ու բռնությունը Ուկրաինայում և նախկին Խորհրդային Միության այլ շրջաններում», - հայտարարել է Ջեֆ Շելը՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի Ձայն»-ի աշխատանքը համակարգող ԱՄՆ-ի Հեռարձակման կառավարիչների խորհրդի (BBG) նախագահը: «Նախագիծը կներկայացնի անկողմնակալ, ստուգված լրագրություն: Փաստեր և ոչ թե սուտ», - շեշտել է նա:

Բացի հեռուստատեսային լսարանից՝ ծրագիրը հասանելի կլինի YouTube-ում, նորությունների ինտերնետային պորտալներում և սոցիալական ցանցերում: 2015 թվականին նախատեսվում է նախագծի, շուկայում դրա ներկայության, արբանյակային և առցանց տարածման ընդլայնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG