Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի պաշտպանության նախարարությունից ու Ղարաբաղի պաշտպանության բանակից «Ազատությանը» փոխանցեցին, որ կրակոցներն ինտենսիվացել են, ադրբեջանական կողմը քառապատկել է հրադադարի ռեժիմի խախտումները։

Կրակոցներ են արձակում և՛ Ղարաբաղի ուղղությամբ, և՛ Հայաստանի սահմանամերձ Չինարի, Այգեպար, Մովսես գյուղերի ուղղությամբ։ Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանը «Ազատությանը» փոխանցեց, որ երեկ խոշոր տրամաչափի զենքից են կրակել. - «Օգոստոսի 10-ից կրակոցներ չունեինք: Մոտ մի 10-15 օր առաջ սկսվեց դիրքերի վրա կրակոցներ: Գյուղի տարածքի վրա երեկվա դրությամբ ունեցել ենք կրակոց, նախանցած օրը, նրա առաջվա օրը։ Օգոստոսի 10-ից մինչև հիմա ДШК-ից [խոշոր տրամաչափի գնացիր] կրակոց չէր եղել»։

Հայաստանի սահմանամերձ գյուղերում կրակոցներից տուժածներ չկան։ Ինչ վերաբերում է ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին, Ղարաբաղի պաշտպանության բանակից տեղեկացանք, որ հակառակորդը վերջին օրվա ընթացքում 1000-ից ավելի կրակոց է արձակել դիրքերի ուղղությամբ:

Հոկտեմբերի 13-ի ադրբեջանական կողմից արձակված անկանոն կրակահերթի հետևանքով 19-ամյա զինծառայող էր վիրավորվել։ Ոտքից վիրավորված Հովհաննես Թադևոսյանը կրակոցների պահին եղել էր զորամասի մարտական հենակետում։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին մեղադրում է իրավիճակը դիտավորյալ ապակայունացնելու մեջ։ Հայտարարելով վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը քառապատկելու մասին՝ նախարարությունը Բաքվին կոչ է անում զերծ մնալ առաջնագծում լարվածության հետագա սրմանն ուղղված գործողություններից:

«Իրադրության հետագա սրման դեպքում Պաշտպանության բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները հակառակորդին լռեցնելու համար», - նշված է Ղարաբաղի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ևս մտահոգություն է արտահայտել վերջին օրերին լարվածության աճի առնչությամբ՝ հայտարարելով, որ, ըստ հայկական կողմի տեղեկությունների, առաջին գծում կան հակառակորդի դիպուկահարներ, որոնք խախտում են հրադադարը:

«Մենք առնչություն ունենք մի հարևանի հետ, որը մինչև վերջ չի գիտակցում, որ մեր հակամարտության խնդրի լուծման միակ ճանապարհը խաղաղ դիվանագիտական ճանապարհն է, այլընտրանք չկա։ Եվ փոխանակ երկխոսություն, վստահության մթնոլորտ ստեղծի, պարբերաբար լարում է իրավիճակը », - լրագրողների հետ զրույցում ասաց Օհանյանը՝ շարունակելով․ - «Մանավանդ մեզ համար անընդունելի է, երբ այդ լարվածությունը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության սահմաններին, որովհետև հիմնական հակամարտության խնդիրը, կարծում եմ, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև է»։

Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում առկա լարվածությունը պայմանավորեց մի շարք գործոններով, այդ թվում՝ համանախագահների տարածաշրջան այցով ու ամսվա վերջին ակնկալվող Սարգսյան - Ալիև հանդիպմամբ:

«Սա, իհարկե, նրա համար է, որպեսզի մի կողմից ցույց տան համանախագահներին, թե սա հայկական կողմն է խախտում, Ղարաբաղի կամ Հայաստանի զինված ուժերը, մյուս կողմից՝ շանտաժի ենթարկեն միջազգային հանրությանը: Ալիևը պիտի ասի՝ տեսնում եք, ես վերահսկում եմ, բայց բանակը, ժողովուրդը ուզում են ազատագրեն այդ հողերը, ինչքան ես լավն եմ, ինձ պիտի պաշտպանեք և ես կայունությունն ու խաղաղությունը կպահպանեմ տարածաշրջանում», - ասաց Դավիթ Բաբայանը։

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն «Ազատության» հետ զրույցում այս լարվածությունը բացատրեց նաև Ռուսաստանի գործոնով:

«Սերժ Սարգսյանի քննադատական հայտարարություններից հետո, այնուամենայնիվ, դրանք մնացին օդում: Ավելին՝ դրանից շատ կարճ ժամանակ անց հայտարարվեց, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնում է Բաքու։ Եվ այնտեղ պայմանավորվեցին, որ մինչև 5 միլիարդ դոլարի են հասցնում զենքի վաճառքի ծավալները: Բացի դրանից, ադրբեջանական բանակի համար մեր չակերտավոր ռազմավարական դաշնակիցը պետք է նաև կադրեր պատրաստի: Դա լրացուցիչ վստահություն տվեց Ալիևին», - նշեց փորձագետը՝ ընդգծելով, որ այս ամենը տեղի է ունենում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացում. - «Ի վերջո մտնելով այդ մաքսային միություն, Հայաստանը, փաստորեն փոխեց իր կարգավիճակը տարածաշրջանում։ Հանձնեց իր ամբողջ ինքնիշխանությունը, և Ադրբեջանում արդեն կա այն վստահությունը, որ առևտուրը՝ քաղաքական թե ռազմաքաղաքական, պետք է տանել հենց անմիջապես Ռուսաստանի հետ, քանզի Հայաստանն այլևս օբյեկտ է այս դասավորության մեջ, բայց ոչ՝ սուբյեկտ»։

XS
SM
MD
LG