Մատչելիության հղումներ

logo-print

ԲՀԿ-ն «ետ չի կանգնի» իշխանափոխության գաղափարից


«Բարգավաճ Հայաստանը» նահանջել չի կարող, և եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը հրաժարվի սահմանադրական բարեփոխումներից, կուսակցությունը ետ չի կանգնի իշխանափոխության գաղափարից: Այս մասին Ազատությանը տված հարցազրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Առայժմ ԲՀԿ-ն նշում է, որ իշխանափոխության գաղափարից նահանջել չի պատրաստվում, բայց թե ինչ ճանապարհով է դա իրականացնելու՝ արտահերթ, թե հերթական ընտրությունների միջոցով, հստակ չէ: Ստեփան Մարգարյանի փոխանցմամբ՝ ի սկզբանե որևէ մեկը չի կարող ասել, թե գործընթացները ինչպես կընթանան։

Մարգարյան.- Այն, որ իշխանափոխություն լինելու է այսպես, թե այնպես, որևէ մեկը չի կասկածում։ Ուժերի միջև խնդիր կարող է լինել ճանապարհային քարտեզը՝ ինչպիսի ճկուն ճանապարհային քարտեզ մենք կկարողանանք առաջարկել հանրությանը։ Եվ այն, որ մենք ունենք մեր կարմիր գիծը, որից իշխանությունների հետ խոսակցության ընթացքում նահանջի տեղ չկա, դա ևս ակնհայտ է։ Օրինակ, մենք որևէ ձևով չենք համաձայնի սահմանադրական փոփոխություններին։ Սա կարմիր գիծ է։ Սահմանադրական փոփոխությունները նշանակում են պարզապես ստեղծել մի իրավիճակ, երբ երկրում ձևավորվում է իշխանություն առանց պատասխանատվության և հավերժ։

«Ազատություն».- Եթե իշխանությունը համաձայնեց ետ կանգնել սահմանադրական բարեփոխումներից, ԲՀԿ-ն ետ կկանգնի՞ արտահերթ ընտրությունների գաղափարից։

Մարգարյան.- Ցանկացած իրավիճակ և նույնիսկ ճանապարհային քարտեզ հայտարարելուց հետո էլ առաջացած ամեն մի իրավիճակում մեր բնական արձագանքը կախված կլինի իշխանությունների ադեկվատությունից։ Այսօր մենք դեռ չենք տեսնում դա։ Այնպես որ ԲՀԿ-ն որևէ քայլից ետ կանգնելու կամ որևէ տեղ նահանջելու խնդիր չունի և չի էլ կարող։

«Ազատություն».- Եթե իշխանությունը գնա զիջումների և հրաժարվի սահմանադրական բարեփոխումներից կամ երկրի կառավարման մոդելը փոխելուց, ԲՀԿ-ն միևնույն է արտահերթ լուծումների է գնալո՞ւ, թե արդեն հաշվի առնելով, որ իշխանությունը հրաժարվել է վերարտադրվելու քայլից, կսպասի 2017-ի և 2018-ի ընտրություններին։

Մարգարյան.- Այնպես չէ, որ եթե իշխանությունները հրաժարվում են սահմանադրական փոփոխություններից, դրանով երկրի առջև ծառացած բոլորը հարցերը լուծվում են։ Ո՛չ։ Մենք գնալու ենք այդ հարցերը լուծելուն։ Դա կլինի աստիճանաբար կամ միանգամից, փաթեթով կամ ճանապարհային քարտեզով, արտահերթ, թե հերթական... մենք գնալու ենք դրանց լուծմանը։ Դրա մեջ որևէ խնդիր չի բացառվում, բայց ի սկզբանե որևէ մեկը չի կարող ասել, թե ինչպես կգնա։ Մենք գնում ենք խնդիրների լուծմանը։ Կլուծվի հերթականով, կլուծվի՛։ Չի լուծվի՛, ուրեմն արտահերթով կգնանք։

«Ազատություն».- Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 10-ին ելույթ չունեցավ՝ խոստանալով դա անել հոկտեմբերի 24-ին։ Արդյոք այդ կերպ որոշակի ժամանակ տրվե՞ց իշխանություններին նաև սահմանադրական բարեփոխումների հարցում զիջումների գնալու համար։

Մարգարյան.- Պարոն Ծառուկյանը առաջիկա հանրահավաքում կհայտարարի իր կողմից պատկերացրած ծրագիրը, իր ճանապարհային քարտեզը, իր կողմից առաջ քաշած հարցերը և դրանց լուծման ճանապարհները։ Ինչո՞ւ ոչ այդ օրը... բազմաթիվ պատճառներ կարող եմ ասել, բայց քննարկել ենք այդպես, որ այդ օրը խոսեր Տեր-Պետրոսյանը, հետո կխոսի Ծառուկյանը։ Սա հատուկ իշխանությունների համար արված քայլ չէ։

«Ազատություն».- Դուք այս պահին իշխանություններից որևէ քայլ չեք ակնկալո՞ւմ։

Մարգարյան.- Մենք չենք նստել, սպասում։ Մենք գնում ենք մեր քայլերով։ Իշխանությունները ունե՞ն ասելիք, խնդրեմ, կարող ենք հանդիպել, քննարկել, խոսել, թե ինչ են ասում իրենք։ Ի վերջո մի ամբողջ ժողովուրդ դուրս է եկել փողոց, ես չեմ կարծում, որ իշխանություններն ասելու բան չունեն։ Առայժմ մենք լսել ենք բաներ, որոնք ընդամենը ոչ ադեկվատության ժանրից են, իրավիճակը չպատկերացնելու ժանրից են։ Եթե իրենք իսկապես մի քիչ խորը և լուրջ մտածեն, կարծում եմ, ասելու բան կունենան։ Բայց դա իրենց որոշելու խնդիրն է։ Մենք գնում ենք մեր հայտարարած ճանապարհային քարտեզով, հոկտեմբերի 24-ին կհայտարարենք այն, ինչ պատրաստվում ենք դրանից հետո անել և կգնանք այդ ճանապարհով։

XS
SM
MD
LG