Մատչելիության հղումներ

Բաքուն Փարիզի հանդիպումից լուրջ տեղաշարժ է ակնկալում


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանը այս ամսվա վերջին Փարիզում նախատեսված նախագահների եռակողմ հանդիպումից լուրջ տեղաշարժ է ակնկալում: Այդ մասին այսօր հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Նա ասել է, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խաղաղ պայմանագրի «արագացված նախապատրաստման» կողմնակից է:

Մամեդյարովը նշել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել մի քանի հարց ընդգրկող կառուցվածքային առաջարկներով:

«Մենք հանգեցինք այն որոշմանը, որ կարող ենք անցնել խաղաղ պայմանագրի մշակմանը կառուցվածքային առաջարկների հիման վրա, որոնք ներառում են նաև հողերի ազատումը և փախստականների վերադարձը: Մենք լիովին պատրաստ ենք նոր փուլին և նույնպիսի քայլի ենք սպասում նաև Հայաստանից», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Մինսկի խմբի համանախագահները այսօր ժամանել են Բաքու և հանդիպել են Ադրբեջանի ղեկավարության հետ: Մամեդյարովի փոխանցմամբ՝ միջնորդների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրանցից պահանջել է Հայաստանի առջև բարձրացնել ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին շուտափույթ ազատ արձակելու հարցը: «Այժմ այդ հարցով զբաղվում է Կարմիր Խաչի կոմիտեն: Նրանց հետ կապ ենք պահպանում և ակնկալում ենք դրական արդյունք մոտակա օրերին», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Հիշեցնենք՝ օրերս Լեռնային Ղարաբաղի դատախազությունը հայտնեց, որ ադրբեջանցի դիվերսանտների գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG