Մատչելիության հղումներ

Հաստատվեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը


Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը հաստատեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, նիստից հետո «Ազատությանը» փոխանցեց սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Հանձնաժողովի անդամները տեղեկացնում են, որ հայեցակարգը վաղը կներկայացվի Սերժ Սարգսյանին, ապա կհրապարակվի:

Հանձնաժողովի նիստից առաջ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց.- «Նախագիծը արդեն վաղը կհրապարակվի, հանրապետության նախագահը պետք է կամ հավանության արժանացնի, կամ հավանության չարժանացնի այդ հայեցակարգը, իսկ հայեցակարգի պրոցեդուրայի համար որևէ ժամկետ սահմանված չէ»։

Ըստ իշխանության ծրագրերի, Սերժ Սարգսյանը հայեցակարգը պետք է քննարկի և քաղաքական կոնսուլտացիաներ սկսի քաղաքական կուսակցությունների հետ: Մինչդեռ, իշխանափոխության պահանջ հնչեցնող խորհրդարանական ուժերը բազմիցս հայտարարել են, որ հրաժարվում են մասնակցել սահմանադրական փոփոխությունների քննարկումներին՝ նշելով, որ Հայաստանում Սահմանադրության փոփոխություն կարիք ընդհանրապես չկա:

«Սա քաղաքական գործընթացի արդյունք է»,- քաղաքական դաշտում հնչող համոզմունքի մասին ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը.- «Այսօր մասնագիտական հանձնաժողովն է հավաքվում, իսկ քաղաքական գործընթացները ինչ ցույց կտան, դրանից կախված արդեն կլինի արդյունքը։ Սահմանադրությունը մի գործիք է, որով զարգանում են հասարակական հարաբերությունները։ Եվ եթե ինչ-որ մի պահ, անկախ նրանից քաղաքական փոփոխություններ կան, թե ոչ, անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել հասարակական հարաբերություններում, փոխվում է նաև Սահմանադրությունը»։

Սահմանադրական փոփոխություններին ընդդիմացող, հանրահավաքային ալիքով հանդես եկող Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը» և Ժողովրդական կուսակցությունը իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացը որակում են «իշխանության վերարտադրման փորձ»:

Դավիթ Հարությունյանը «հռետորաբանություն» է որակում այս պնդումները.- «Լուրջ փաստարկ դեռևս որևէ մեկը չի ներկայացրել։ Ի վերջո այս հայեցակարգը ամենևին չի խոսում պատրաստի լուծումների մասին, ընդամենը դնում է խնդիրներ, վերլուծում է իրավիճակը և ուղղություններ է առաջարկում, թե ինչպես կարող է բարեփոխվել Սահմանադրությունը։ Կարծում եմ, շատերը, ովքեր քննադատում են, առիթ չեն ունեցել անգամ տեսնելու հայեցակարգը»։

Ի դեպ, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամները նախօրեին էին վերադարձել Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպումից:

«Որևէ էական փոփոխություն հենց հանդիպման արդյունքում չկա»,- հանդիպման արդյունքների մասին պատմեց հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը.- «Կարծում եմ, ամենակարևոր գնահատականներ էր, որը Վենետիկի հանձնաժողովը տվեց հայեցակարգին։ Դա շատ լավ հիմք է հետագայում սահմանադրական բարեփոխումների տեքստը մշակելու համար»։

Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների նախորդ հանդիպման արդյունքն այն էր, որ մի շարք հարցերի հստակեցումը, այդ թվում 100 տոկոսով համամասնական ընտրությունների հնարավորության հարցը նախատեսվում է հստակեցնել քննարկումների երկրորդ փուլում՝ սկսած վաղվանից, երբ հրապարակվի հայեցակարգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG