Մատչելիության հղումներ

Եռյակը հույսը դնում է իշխանության «հայրենասիրության վրա»


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի խոսքով` առաջարկելով Հանրապետականին մինչև հոկտեմբերի 24-ն անցնցում հանձնել իշխանությունը, եռյակը հույսը դնում է նրանց հայրենասիրության վրա:

«Հնարավոր է, իմ ցանկությունը, ինչպես և մեր գործընկերների ցանկությունը ուտոպիստական է կամ մենք վարդագույն ակնոցներով ենք նայում, [բայց] մենք չենք ցանկանում, որ մեր երկրում իսկապես խոշոր ցնցումներ լինեն, որովհետև այդ ցնցումների հիմքը կա: Ուզում ենք մոտենալ հարցին այն տեսանկյունից, որ, Հայաստանի քաղաքացի լինելով, իրենք կունենան, այնուամենայնիվ, հայրենասիրության որոշակի պաշար, պետական մտածողության որոշակի պաշար և, իրավիճակը իսկապես համապատասխան գնահատելով, կգնան այդ քայլին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի պատկերացնում, թե ինչպես կարելի է ինքնակամ հանձնել իշխանությունը: «Ազատության» հետ զրույցում նա ասաց, թե հոկտեմբերի 10-ին ամենայն ուշադրությամբ հետևել է ելույթներին, որոշ ելույթների երկրորդ անգամ է անդրադարձել, սակայն իշխանափոխության հիմքեր չի տեսել: Մանավանդ որ ընդդիմադիրների սպասումները մարդկանց թվի առումով, ըստ նրա, ժողովուրդը չի արդարացրել. - «Ցայտնոտի մեջ էին, ինձ թվում է: Եվ իրենք պարզապես այդ իրավիճակից չէին կարողանում դուրս գալ հանրահավաքից հետո և ինչ-որ ջղաձիգ հայտարարություններ են կատարում»:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով, մինչդեռ, հոկտեմբերի 10-ին իրենք անցկացրել են նորանկախ Հայաստանի պատմության ամենաբազմամարդ հանրահավաքներից մեկը, և է’լ ավելի շատ մարդ են ակնկալում 24-ին:

«Ժառանգության» փոխնախագահը խնդիրներից խուսափելու համար Հանրապետականին խորհուրդ տվեց հանձնել իշխանությունը. - «Իշխանության ներկայացուցիչները մեր հայրենակիցներն են, հայեր են, իրենք հույս ունեն, որ հետագայում ևս մեր երկրում իրենց գործունեությունը ծավալելու են: Եվ կարծում եմ, որ, այս տեսանկյունից ելնելով, շատ ճիշտ կլինի, որպեսզի մենք կարողանանք իսկապես փոխադարձ երկխոսությամբ դուրս գանք այս իրավիճակից` առանց ցնցումների»:

Վահրամ Բաղդասարյանը խոստացավ, որ ընդդիմադիրների հանրահավաքները չեն խոչընդոտվելու. - «Որևէ բան մեր կողմից չի լինելու: Իշխանության կողմից, ոստիկանության կողմից: Այսինքն եթե իրենք են հրահրելու դա, այդ դեպքում արդեն իմացեք, որ այս պետության պատասխանատվությունը մենք ենք վերցրել, այս ժողովրդի պատասխանատվությունը: Նման բան, բնականաբար, թույլ չենք տա: Ես ամենամեծ կողմնակիցներից եմ. ընդհակառակը` եթե ժամանակս ների, ես էլ եմ ցանկանում գնալ այնտեղ լսել, որովհետև ես տեսնում եմ նրանց դեմքերի արտահայտությունը, նրանց խոսքը: Կարող է կանգնեմ մի տեղ, որ երբ որ թալանից են խոսում, նայեմ աչքերին, երբ որ ընտրական կեղծիքներից են խոսում, նայեմ աչքերին»:

Բաղդասարյանն ասաց, թե իրական իշխանափոխությունն առաջարկում է Հանրապետականը` սահմանադրական փոփոխություններով. - «Իրենք ցանկանում են մարդկանց փոխել… Հերթով վերցրեք հարթակին կանգնածներին. Լևոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան… սրանք բոլորը ժամանակին եղել են մի իշխանության մեջ, որտեղ եղել են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը: Սրանք եղել են մի իշխանություն: Որից հետո եկել է «Բարգավաճ Հայաստան»-ը, Գագիկ Ծառուկյանը, մնացածները. բոլորը եղել են այդ իշխանության մեջ: Հիմա ասում են` էն հին իշխանության մի մասս եկեք գանք նորից իշխանության և ասենք` իշխանափոխություն: Իշխանափոխությունը դա մոդելի փոփոխությունն է, որը մե'նք ենք առաջարկում»:

Նրա կարծիքով, ոչ իշխանական ուժերը նաև իրար հետ հակասություններ ունեն. դա ինքը պարզորոշ տեսել է հոկտեմբերի 10-ին. - «Նրանց առաջնորդներից մեկը քննադատում է Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունը, և անմիջապես հաջորդ առաջնորդը հակադարձում է` երկու տասնյակ մարդկանց ջղաձգություններով նման հայտարարություններ անել… Այսինքն` քաղաքական ուժին նա վերաբերվում է, որ ընդամենը երկու տասնյակ են և բոլորը ջղաձիգ են: Եվ չի հնչում պատասխանը, որովհետև վտանգավոր էր այդ պատասխանը: Եթե նա արձագանքում էր, դա նշանակում էր, որ տվյալ քաղաքական ուժը կարող է այդ հարթակից զրկվել... որը իրենց համար բավականին կործանարար կլիներ: Իսկ լռությունը նշանակում էր, որ համաձայն է»:

Հարցին` եթե Հանրապետականը չհամաձայնի ինքնակամ հանձնել իշխանությունը, ի՞նչ են անելու ոչ իշխանական ուժերը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. - «Թե ինչ կլինի հետո, ես, բնականաբար, չեմ կարող ասել: Հնարավոր է իշխանափոխություն լինի, հնարավոր է իշխանափոխություն չլինի: Հարյուր տոկոս երաշխավորված որևէ մեկը ոչինչ չի կարող այս պահին ասել, քանի որ և' իրադրությունն է լարված, որը նպաստավոր հիմք է իշխանափոխության համար, և' հնարավոր է, որ իշխանությունն այնպիսի քայլեր կատարի, որ… կամ ընդդիմությունը անհրաժեշտ քայլերը չկատարի, որը չբերի իշխանափոխության: Բայց եթե մենք չունենանք իշխանափոխության գործընթաց հիմա, ցավով պետք է ասեմ, որ ես այլևս որևէ շանս չեմ տեսնի իշխանափոխության, որևէ շանս չեմ տեսնի երկրի ոչ միայն զարգացման, այլև դրական փոփոխությունների»:

XS
SM
MD
LG