Մատչելիության հղումներ

Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը երեքշաբթի օրը հայտարարել է, որ հանրաքվեն չեղյալ է համարվում: Այս որոշմանը նախորդել էր անկախության ջատագով ազգային երեք հիմնական կուսակցությունների հետ 10 ժամ տևած քննարկումները:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը ողջունել է հանրաքվեն չեղյալ համարելու Կատալոնիայի առաջնորդների որոշումը և երկխոսության կոչ է արել:

«Հրաշալի լուր է, որ հանրաքվեն չի անցկացվելու»,- «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ Մադրիդում հայտարարել է Իսպանիայի վարչապետը և նշել.- «Մենք պետք է շատ հստակ քայլեր կատարենք, մենք երկխոսության ու բանակցությունների կարիք ունենք: Մեզանից շատերն են ցանկանում միասին լինել, մենք միասին շատ բան ենք արել»:

Իսկ Բարսելոնայում Կատալոնիայի նախագահ Արթուր Մասն ասել է, թե նոր քվեարկությունը պետք է համապատասխանի օրենքին, սակայն չի մանրամասնել, թե ինչպես: Նա ասել, որ քաղաքացիների հետ խորհրդակցություններ են ընթանում:

«Ասոշիեյթեդ Փրես»-ի փոխանցմամբ՝ ոչ պաշտոնական, խորհրդանշական քվեարկություն է անցկացվելու: Հարցը լինելու է նույնը:

Հանրաքվեից հրաժարվելու հիմնական պատճառը դրա արդյունքները ճանաչելու իրավական երաշխիքների անորոշությունն է: Դեռ երկու շաբաթ առաջ, սեպտեմբերի 30-ին Կատալոնիայի իշխանությունները դադարեցրել էին հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները:

Դրանից մեկ օր առաջ Սահմանադրական դատարանը արտահերթ նիստում որոշել էր հինգ ամսով կասեցնել հանրաքվե անցկացնելու՝ Կատալոնիայի իշխանությունների որոշումը:

Իսպանիայի կենտրոնական իշխանության կարծիքով՝ նման հանրաքվեի անցկացումը հակասահմանադրական է, խախտում է երկրի բոլոր քաղաքացիների իրավունքները: Իսպանիան ունիտար պետություն է և ինքնիշխանության հարցերը պետք է լուծվեն ոչ թե մի շրջանի, այլ երկրի ամբողջ ժողովրդի կողմից, պնդում է Մադրիդը:

Կատալոնիայի առաջնորդները հույս ունեին համոզելու Սահմանադրական դատարանին վերացնելու հանրաքվեն անցկացնելու արգելքը դատական լսումների ընթացքում, որը կարող է տարիներ տևել:

Բայց ի վերջո նրանք հանգեցին այն եզրակացությանը, որ նման մարտավարությունը հեռանկար չունի ու հրաժարվեցին ծրագրած հանրաքվեից՝ փորձելով ուրիշ տարբերակներ փնտրել:

Մինչ այս ամենը, չնայած Մադրիդի ժխտողականությանը, Կատալոնիայի առաջնորդները պնդում էին, որ նոյեմբերի 9-ին նշանակված հանրաքվեն տեղի կունենա: Սեպտեմբերի 19-ին Կատալոնիայի խորհրդարանը Կատալոնիայի նախագահին արտոնել էր անկախության հանրաքվե անցկացնել: Սեպտեմբերի 27-ին Կատալոնիայի նախագահ Արթուր Մասը հանրաքվեն անցկացնելու հրամանագիր էր ստորագրել:

Ավանդաբար անկախության ձգտումներ ունեցող Կատալոնիայում այդ տրամադրությունները ավելի ուժեղացան Իսպանիայի տնտեսական ճգնաժամի ֆոնին: Յոթ ու կես միլիոն բնակչություն ունեցող Կատալոնիան կազմում է Իսպանիայի ամբողջ բնակչության 16 տոկոսը: Իսպանիայի ամենահարուստ շրջաններից մեկը համարվող Կատալոնիան Իսպանիայից տարբերվում է իր լեզվով ու մշակույթով:

Անկախության հանրաքվեն անցկացնելու պահանջով հարյուր հազարավոր կատալոնցիներ դուրս էին եկել փողոց, սակայն հարցումները ցույց են տալիս, որ անկախության կողմնակիցների ու մերժողների թիվը Կատալոնիայում համարյա կիսվում է:

XS
SM
MD
LG