Մատչելիության հղումներ

ԴԱՀԿ ծառայության պետը չի թաքցնում, որ միլիոնատեր է


ԴԱՀԿ ծառայության պետը չի թաքցնում, որ միլիոնատեր է
please wait

No media source currently available

0:00 0:03:47 0:00

Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության պետ Միհրան Պողոսյանը ունեցվածքի հայտարարագիր երբևէ չի ներկայացրել, սակայն դատական մի հայցից հստակ է, որ 38-ամյա գեներալը առնվազն միլիոնատեր է։

Միհրան Պողոսյանը դատարան էր դիմել՝ պահանջելով քաղաքացի Գևորգ Աֆանդյանից հօգուտ իրեն բռնագանձել պարտքով տված 5 միլիոն 146 հազար 842 դոլարը։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական խորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը ենթադրում է՝ Պողոսյանը կամ հաջողակ գործարար է, կամ էլ բիզնեսը զարգացնելու այլ ճանապարհ է գտել։

«Ասել, որ այդ գումարները անօրինական հարստացման ճանապարհով են, ես պիտի շատ մեծ պատասխանատվություն վերցնեմ, բայց զուտ կասկած կամ մտադրություն, մտահոգություն, որ դրանք չէին կարող ուղղակի լինել շատ մաքուր ստեղծված գումարներ, իհարկե, բոլորի մոտ էլ առաջանում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տիգրանյանը։

Պաշտոնական կենսագրությունը փաստում է՝ միլիոններ պարտքով տվող Պողոսյանը մշտապես պետական պաշտոններ է զբաղեցրել. 22 տարեկանում՝ 1998 թվականին համալրել է Ազգային անվտանգության ծառայության շարքերը, հետո նույն համակարգում պաշտոններ զբաղեցրել։ 31 տարեկանում նշանակվել է ԴԱՀԿ-ի ծառայության պետի տեղակալ, իսկ արդեն 2008 թվականին՝ 32 տարեկանում, դարձել ծառայության պետ։

«Ազատության» հետ զրույցում Միհրան Պողոսյանը չթաքցրեց, որ հայցն ինքն է ներկայացրել դատարան։

Հարցին, թե ինչպե՞ս է նման հարստություն կուտակել, Պողոսյանը պատասխանեց. - «Դուք մոռանում եք, որ պարոն Պողոսյանը՝ Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը, եղել է կազմակերպության ղեկավար և ինքը զբաղվել է բիզնեսով»։

Պողոսյանի պաշտոնական կենսագրությունում միայն մեկ հիշատակում կա բիզնեսի մասին. նշված է, որ 1997 թվականին նա հիմնադրել է «Քեթրին գրուպ» ընկերությունը, որը, ըստ պաշտոնական կայքի, սկզբնական շրջանում զբաղվել է միայն մրգի ներկրմամբ, հետո հետզհետե ընդլայնել է գործունեությունը։ Այժմ Պողոսյանի հիմադրած ընկերությունը Հայաստան է ներկրում մանկական սնունդ, ձիթապտուղ, հրուշակեղեն, մակարոն, լիմոնադ, պարարտանյութ, մեքենաներ, զբաղվում է նաև անասնաբուծությամբ։

Հարկադիր կատարման ծառայության պետը, սակայն, «Ազատության»-ը ասաց, որ 5 միլիոն դոլարը ոչ թե բիզնեսի եկամուտն է, այլ «Սթար» սուպերմարկետների ցանցին վարձակալության տրված գույքից ակնկալվող գումարը։

«Տույժ-տուգանքներ, հաշվարկներ, այսինքն՝ պայմանագրով սահմանված հաշվարկ էր արված, դրա մասին էր խոսքը», - ասաց Պողոսյանը։

Չնայած Պողոսյանի բացատրությանը, թե դա «Սթար»-ի չվճարած գումարն էր, դատարան ներկայացրած հայցում հստակ գրված է, որ այդ գումարը Գլխավոր հարկադիր կատարողը ինքն էր պարտքով տվել։ Դատական գործը մարտին կարճվել էր, կողմերը գումարը վերադարձնելու շուրջ համաձայնության էին եկել։

Հետաքննող լրագրողների ընկերակցության ղեկավար էդիկ Բաղդասարյանն փաստում է՝ Պողոսյանը միլիոններ կուտակած միակ պաշտոնյան չէ, թեև օրենքը արգելում է նրանց գործարարությամբ զբաղվել, սակայն շատերն են գտել շրջանցելու ճանապարհը՝ բիզնեսը հանձնում են հավատարմագրային կառավարման։

«Բայց Հայաստանում, չգիտեմ, դա որևէ կապ չունի, գրեթե բոլոր պետական պաշտոնյաները բիզնեսի մեջ են։ Հայաստանի տնտեսության մեծ մասը կառավարում են հենց պետական պաշտոնյաները», - ասաց Բաղդասարյանը։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական խորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը ամեն տարի ուսումնասիրում է պաշտոնյաների ներկայացրած եկամուտների հայտարարագրերը, վստահ է՝ այս ապագայում էլ ոչինչ չի փոխվի, եթե օրենքում չվերացվի նրանց տրված սողանցքը։

«Կարծում եմ, որ եթե մարդը մտադիր է անցնել պետական ծառայության, ընդհանրապես պիտի հեռու մնա բիզնեսից, ոչ միայն լինի հիմնադիր և հանձնի հավատարմագրային կառավարման՝ ստանա շահույթ, այլ ընդհանրապես որևէ բիզնեսի մեջ պետք է ներգրավված չլինի», - ասաց Տիգրանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG