Մատչելիության հղումներ

Բնապահպաններն ահազանգում են՝ օրենքն արգելում է հանքի շահագործումը ազգային պարկի տարածքում


Հայաստանի բնապահպանները ահազանգում են, որ Սյունիքի մարզում գտնվող Մեղրասարի ոսկու հանքավայրի նախագծի շուրջ 60 տոկոսը «Արևիկ» ազգային պարկի տարածքում է: Այդ տարածքի բույսերի և կենդանիների տասնյակ տեսակներ գրանցված են Կարմիր գրքում:

Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը «Ազատության» հետ զրույցում ներկայացնելով 2009 թվականին հաստատված «Արևիկ» ազգային պարկի քարտեզը` նշեց, որ այս վայրում «Բնության հատուկ պահպանվող տարածքների» մասին օրենքով արգելված է հանքի շահագործումը:

«Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության տարածքի 320 հեկտարից 186 հեկտարը գտնվում է «Արևիկ» ազգային պարկի տարածքում։ Դա՝ միանշանակ, այնտեղ ոչ մի հանքարդյունաբերություն չի կարող իրականացվել։ Հուսով ենք, իրենք փորձաքննության ժամանակ այս ամենը հաշվի կառնեն, և, իհարկե, բացասական կլինի` պետք է վերանայեն», - ասաց Մանվելյանը։

Շահագործվելիք հանքի նախագիծն այսօր գտնվում է Բնապահպանության նախարարությունում: Այն արդեն հաղթահարել է հանրային լսումների փուլը, և նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ նախագիծն այժմ փորձաքննության փուլում է:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Հայաստանում, ի տարբերություն մի շարք եվրոպական երկրների, հատուկ պահպանվող տարածների փոխարեն ստեղծվում է հանքերի ցանց, իսկ արգելոցների և արգելավայրերի տարածքները չեն ընդլայնվում:

Դանիելյանն ասում է, որ եթե Մեղրասարի հանքը շահագործվի՝ «Արևիկ» ազգային պարկից ոչինչ չի մնա. - «Այն, ինչպես մեզ մոտ են օգտագործում, դա նշանակում է՝ ամբողջ տարածքը դառնում է թունավոր։ Էստեղ և՛ գյուղատնտեսություն դու զարգացնել չես կարող, և՛ ամբողջ կենսաբազմազանությունը կորցնում ես, և մենք միշտ ասում ենք, որ Կառավարության կոզմից հռչակված գերակա ուղղությունները իրար հետ կռվում են՝ մի կողմից ընդերքօգտագործումը, ընդ որում՝ մետաղային, մյուս կողմից՝ տուրիզմը, մաքուր գյուղատնտեսությունը»։

Ըստ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի, հանքավայրերը հիմնականում արգելոցների, արգելավայրերի տարածքներում են, և սա բոլորովին խոչընդոտ չի հանդիսանում շահագործման թույլտվություն ստանալու համար: Սանասարյանի պնդմամբ՝ նախարարությունը այս առումով բացարձակապես արգելակող գործոն չի հանդիսանում ու պարզապես փոխում է հատուկ պահպանվող տարածքների քարտեզները:

Բնապահպանները նաև նշում են, որ Մեղրասարի հանքի շահագործման դեպքում կխախտվի ոչ միայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների» մասին օրենքը, այլև «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին» օրենքները: Նրանց պնդմամբ` այդ տարածքներում արգելվում է նույնիսկ երկրաբանական ուսումնասիրություններ կատարել:

Կարինե Դանիելյանի համոզմամբ՝ օրենքը շահագործողների համար խոչընդոտ չէ. - «Օրենքները վատը չեն, օրենքում ամեն ինչ կա։ Ճիշտ է, օրենքները ունեն սողանցքներ, որտեղից կարելի է ինչ-որ կերպ օգտվել: Իհարկե դա կա, բայց մեր հիմնական խնդիրը դա օրենքների չաշխատելն է»։

«ԱՏ-Մետալս» ընկերության տեխնիկական բաժնի պետ Հարություն Հովհաննիսյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ իրենք հանքի շահագործումը մտադիր են սկսել մինչև տարեվերջ: Ընդերքը օգտագործվելու է 7.5 տարի: «Ազատության» հարցին, թե արդյոք տեղյակ են, որ հանքը ներխուժել է ազգային պարկի տարածք, Հովհաննիսյանն արձագանքեց. - «Ճշտումներ չի եղել, այսինքն՝ ազգային պարկի հաստատված տարածքներ գոյություն չունեն, որ մենք իմանանք` դա պարկի տարածքում է, թե ոչ։ Ես միայն կարող եմ ասել, որ մեր տարածքները ամայի տարածություն են, որտեղ բուսածածկույթն այդքան հարուստ չի, անտառ չկա, որևէ բան չկա»։

Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը անլուրջ է համարում ընկերության ներկայացուցչի այս պատճառաբանությունները, քանի որ հանքի շահագործման դեպքում տուժելու է ոչ միայն ազգային պարկը, այլև հարակից բնակավայրերը:

«Երկու կողմից կարող է ազդեցություն ունենա՝ թե' դեպի Մեղրի, թե' դեպի Քաջարան ու Ղափան։ Պոչամբարը որտե՞ղ է լինելու... սաղ խնդիրներ են», - ասաց Մանվելյանը։

XS
SM
MD
LG