Մատչելիության հղումներ

Հայտնի լրագրողի նկատմամբ հետապնդումները Ադրբեջանում չեն դադարում


Ադրբեջանի դատախազությունը Խադիջա Իսմայլովային արգելել է հեռանալ երկրից
please wait

No media source currently available

0:00 0:03:10 0:00

Խադիջա Իսմայլովային դատախազությունը արգելել է երկրից բացակայել։

Արդյո՞ք Խադիջա Իսմայլովան կհամալրի ադրբեջանցի քաղբանտարկյալների ցանկը։ Այս հարցը կրկին արդիական դարձավ, երբ կիրակի երեկոյան ադրբեջանական դատախազությունը հայտնի լրագրողին արգելեց երկրից բացակայել։

Մինչ այդ Ադրբեջանում արձանագրում էին, որ Միացյալ Նահանգների նախագահի հայտնի ելույթից հետո, որում Բարաք Օբաման մեկ նախադասությամբ անդրադարձել էր նաև Ադրբեջանին, երկրում նոր ձերբակալության դեպք չի գրանցվել։ Նույնիսկ կիրակի օրը Ադրբեջանում տեղի է ունեցել բողոքի ցույց, որի ընթացքում ակտիվիստներն անգամ պահանջել են նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականը։

Սակայն Ադրբեջանի ամենահայտնի և խիզախ լրագրողի համբավ ունեցող Խադիջա Իսմայլովայի նկատմամբ քաղաքական հետապնդումները չեն դադարում:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառության փոխանցմամբ՝ Իսմայլովային ձերբակալել են Բաքվի օդանավակայանի անցակետում։ Նա Չեխիա էր ուղևորվում` մասնակցելու «Ֆորում 2000» միջազգային կոնֆերանսին, որտեղ պետք է ելույթ ունենար հետխորհրդային երկրներում ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ։

Լրագրողը հայտարարարել էր, որ տեղյակ չէ, թե որն է նման արգելքի պատճառը, և երկուշաբթի օրը դիմել է գլխավոր դատախազություն՝ պահանջելով բացատրություններ տալ իր ազատ տեղաշարժման իրավունքը սահմանափակելու պատճառների մասին։

«Ազատության» ադրբեջանական ծառայությունը ևս նույն հարցով դիմել է դատախազություն։ Դատախազության մամուլի խոսնակ Էլդար Սուլթանովի փոխանցմամբ՝ Իսմայլովային արգելել են բացակայել երկրից մի քրեական գործում իր ներգրավածության պատճառով, սակայն թե ինչ քրեական գործի մասին է խոսքը՝ պաշտոնյան չի պարզաբանել։

Լրագրողը նույնպես անտեղյակ է և հայտարարել է, որ գաղափար չունի ինչպես քրեական գործի, այնպես էլ դրանում իր ներգրավվածության մասին։

Խադիջա Իսմայլովան Ադրբեջանի այն եզակի լրագրողներից է, ում հաջողվել է բացահայտել Ալիևների ընտանիքին պատկանող ստվերային բիզնեսները: Լրագրողն իր հայտնի հոդվածներից մեկում ներկայացրել է Ալիևների ցոփ ու շվայտ կյանքը և Ադրբեջանի խղճուկ իրականությունը՝ աղքատության ցուցանիշներով, կոռումպացված կառավարման համակարգով։

Խադիջայի հերթական սկանդալային հրապարակումից հետո անհայտ աղբյուրները հրապարակեցին լրագրողի անձնական կյանքին վերաբերող մանրամասներ․ նախ՝ սեռական բնույթի լուսանկարներ, ապա՝ տեսագրություն։

Երկրի իրավապահները անգամ չեն փորձել ընթացք տալ լրագրողի արժանապատվությունը վիրավորող այս գործին, փոխարենը՝ նրանք լրագրողին հարցաքննության են կանչում միանգամայն այլ գործի շրջանակներում․ նախկինում ընդդիմադիր քաղաքական գործիչ Էլման Հասանովը, ով հայտնի է որպես Էլման Թյուրքօղլու, Խադիջա Իսմայլովայի դեմ գործ է հարուցել՝ մեղադրելով լրագրողին զանգվածային լրատվամիջոցներում ու սոցցանցերում իր մասին զրպարտանք տարածելու մեջ: Ըստ հիշյալ գործչի՝ խոսքը, մասնավորապես, Խադիջայի տարածած այն տեղեկատվության մասին է, որ Հասանովը գաղտնի համագործակցել է Ազգային անվտանգության նախարարության սպայի հետ, օգտագործել է թմրանյութեր և սեռական կապերի մեջ է եղել ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ մարդկանց հետ:

Իսմայլովան կտրականապես հերքում է իրեն հասցեագրված մեղադրանքները և դատարանից պահանջում ապացուցել իր կապը Թյուրքօղլուի ներկայացրած մեղադրանքների հետ։

Լրագրողի անվան հետ կապված այս իրադարձությունները իրավապաշտպան կազմակերպությունները որակում են իշխանություններին քննադատողների ձայնը լռեցնելու փորձ։

Անցյալ շաբաթավերջին Human Rights Watch-ը հերթական անգամ անդրադարձել է Ադրբեջանում տիրող իրավիճակին՝ կոչ անելով Եվրամիությանը դադարեցնել համագործակցությունը այդ երկրի հետ։

«Դա ամենաքիչն է, որ Խադիջան և նրա գործընկերները պետք է ակնկալեն: Նրանց արտակարգ քաջությունը և այն թանկ գինը, որ նրանք վճարում են իրենց կառավարությունը Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխանեցնելու համար, պահանջում են առնվազն դա», - գրում է հոդվածի հեղինակ Վերոնիկա Սցենտե Գոլդսթոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG