Մատչելիության հղումներ

Սպանություն Առինջում. ամուսինների վրա հարձակվել են իրենց մեքենայում


Երեկ երեկոյան ոստիկանության բուժվարչության Ավանի հոսպիտալից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի ձախ քունքային շրջանի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Կոտայքի մարզի Առինջ գյուղի 55-ամյա բնակիչ Լևոն Ավետիսյանը, ով գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը։

«Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ երեկ երկու անհայտ անձինք, որոնցից մեկը՝ դիմակավորված, նախապես դարանակալելով Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան երկրորդ փողոցի թիվ 9 տանը՝ ժամը 19:45-ի սահմաններում նկատել են Հայաստանի քաղաքացի Լևոն Ավետիսյանի BMW մակնիշի ավտոմեքենան և սպանելու դիտավորությամբ ինքնաձիգից կրակահերթ արձակել մոտեցող մեքենայի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վարորդ Լևոն Ավետիսյանը, ստանալով մահացու հրազենային վնասվածք, կորցրել է մեքենան ղեկավարելու հնարավորությունն ու բախվել պատին», - ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում, - «Լևոն Ավետիսյանի կինը՝ Ն. Ավետիսյանը, ստացել է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք: Դիմակավորված անձը մոտեցել է մեքենային և զենքի սպառնալիքով Ավետիսյանի կնոջից հափշտակել կանացի պայուսակը և դիմել փախուստի։ Ն. Ավետիսյանը տեղափոխվել է հիվանդանոց»։

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով՝ «մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանություն շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով», և 235-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է ապօրինի զենքին:

Վերոնշյալ հոդվածներով նախատեսվում է նվազագույնը՝ 8 տարվա, առավելագույնը՝ ցմահ ազատազրկում։

Քննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական և քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG