Մատչելիության հղումներ

Վարչապետը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՀ տնօրենին


Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Մակրոտնտեսական հարցերում Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) եղել և մնում է Հայաստանի կարևոր գործընկերը, հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԱՄՆ աշխատանքային այցի վերջին օրը ԱՄՀ-ի տնօրեն Քրիստին Լագարդի հետ հանդիպման ժամանակ։

«Մակրոտնտեսական կայունությունը Հայաստանի անկախացումից ի վեր երկրի կարևորագույն ձեռքբերումներից է, ինչին տարիների ընթացքում մեծապես նպաստել է ԱՄՀ-ն», - ասել է վարչապետը։

Աբրահամյանը նշել է, որ տարեսկզբին ԱՄՀ-ի խորհրդի կողմից հաստատված եռամյա ծրագիրը զարգացման նոր փուլ է նախանշում Հայաստանի տնտեսության համար, վստահություն հայտնելով, որ ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանն ընդհուպ կմոտենա զարգացող շուկաներ ունեցող երկրների ճամբարին:

«ԱՄՀ-ն բոլորի տունն է, և Հայաստանը այդ ընտանիքի լիիրավ անդամն է: Հայաստանը վստահելի գործընկեր է, և մենք շարունակելու ենք համագործակցությունը Հայաստանի հետ ու օժանդակելու տնտեսության զարգացմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումներին», - իր հերթին, հայտարարել է Քրիստին Լագարդը։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG