Մատչելիության հղումներ

Արա Զոհրաբյան․ Պետք չէ ՄԻԵԴ-ում արջի ծառայություն մատուցել պետությանը


Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան, արխիվ

Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան, արխիվ

Փաստաբանների պալատի նախագահի խոսքով՝ դատավորը ինքը պետք է նպաստի, որ եվրոպական չափանիշները ներդրվեն Հայաստանում։

Նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը:

Շուրջ մեկ տասնյակ հայտերից մրցութային հանձնաժողովն ընտրել էր մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանին, միջազգային իրավունքի մասնագետ Արայիկ Ղազարյանին և Գլխավոր դատախազության աշխատակից Նելիկ Հարությունյանին:

Սերժ Սարգսյանը արտգործնախարարին կարգադրել է այս ցանկն ուղարկել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով, որը երեք թեկնածուներից մեկին հաստատելու է Եվրադատարանում Հայաստանը ներկայացնող դատավորի պաշտոնում:

Եվրադատարան հայցեր ուղարկող փաստաբանների շրջանում համոզմունք կա, որ Եվրադատարանում Հայաստանի նախկին դատավորն արել է հնարավորը՝ Հայաստանից ուղարկված հատկապես քաղաքական հնչեղություն ունեցող գործերի քննությանը երկրի իշխանություններին հաճո ընթացք տալու համար:

«Ես այդ մտահոգությունը ողջամիտ եմ համարում, բայց ես կարծում եմ և հույս եմ հայտնում, որ այն դատավորը, որը կընտրվի, ուղղակի պետք է գիտակցի մի կարևոր բան, որ դա անելով՝ արջի ծառայություն է մատուցում պետությանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ շարունակելով․ - «Հակառակը՝ դատավորը ինքը պետք է նպաստի, որպեսզի էն իրավական, եվրոպական չափանիշները, որոնք իրավունք ունեն զարգացման, դրանք առավելապես ներդրվեն Հայաստանի Հանրապետությունում, և մեր իրավական համակարգը ուղղակի դրանից ավելի նպաստավոր կաշխատի»:

Արա Զոհրաբյանը նաև Եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի ընտրության մրցութային հանձնաժողովի անդամ է:

«Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել էին, որ Երևանում անցկացվող մրցույթի առաջին՝ փաստաթղթերի ընդունման փուլում արձանագրվել են «խայտառակ խախտումներ»։ Կազմակերպությունը, մասնավորապես, նշել էր, որ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը լրացել էր սեպտեմբերի 24-ին, ժամը 18-ին, մինչդեռ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի և մի քանի այլ թեկնածուների փաստաթղթերը գրանցվել են 18:30-ից հետո: Սա կազմակերպության մոտ կասկածներ է առաջացրել:

«Արմեն Հարությունյանի հարցով քննարկման ժամանակ հանձնաժողովի աշխատակազմը ներկայացրեց փաստաթղթեր, որոնցից կարելի էր հետևություն անել, որ Արմեն Հարությունյանը փաթեթը հանձնել է 2014 թվականի սեպտեմբերի 23-ից մեկ օր առաջ։ Բոլոր դեպքերում, դա, ըստ ներկայացրած դրոշմակնիքի, հանձնված էր առավոտյան ժամը 10-ին, ըստ համացանցով այդ նամականիշի շարժի դինամիկայի երևում է, որ դա մինչև 13:40 հաջորդ փուլին է անցել, բայց կարելի էր տրամաբանորեն հետևության գալ, որ այդ անձը առնվազն մեկ օր առաջ հանձնել էր պատշաճ փաթեթը», - պարզաբանեց Արա Զոհրաբյանը։

XS
SM
MD
LG