Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի հետ խաղին ևս Հայաստանը կներկայանա ոչ ուժեղագույն կազմով


Չի բացառվում, որ այս հանդիպմանը չմասնակցեն նաև Բերեզովսկին և Մանուչարյանը:

Հայաստան - Ֆրանսիա ֆուտբոլային ընկերական հանդիպման նախօրեին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը դեռևս չգիտի` կխաղա՞ Ռոման Բերեզովսկին, թե՞ ոչ: Այսօր ասուլիսի ժամանակ մարզիչը նշել է, որ թիմի դարպասապահը երեկ պառկած է եղել վատառողջ լինելու պատճառով:

«Կքննարկենք և կորոշենք, թե Բերեզովսկին որքանով է պատրաստ վաղվա խաղին»,- ասել է Շալանդը:

Հայաստանի հավաքականը Եվրո-2016-ի կազմակերպիչ Ֆրանսիայի հետ հանդիպմանը կներկայանա առանց իր ուժեղագույն ֆուտբոլիստներից մի քանիսի՝ Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի, Արազ Օզբիլիսի, Գևորգ Ղազարյանի, որոնք, ինչպես և նախորդ մի քանի խաղերում, դուրս չեն գա խաղադաշտ վնասվածքների պատճառով: Ավելին, ընտրանու հիմնական կազմի ֆուտբոլիստներից վնասվածք ունի նաև Էդգար Մանուչարյանը:

Շալանդը նշել է, որ կփորձարկի այլ խաղացողների ևս, թեև մեծ ընտրության հնարավորություն չունի:

Ըստ մարզչի՝ կա մարտավարությանը հարմարվելու խնդիր: Համեմատության համար նա նշեց, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի առաջին հանդիպմանը՝ Դանիայի հավաքականի հետ Կոպենհագենում, հայ ֆուտբոլիստները դաշտում տեղաշարժվել են 1200 կիլոմետր, իսկ անցած շաբաթ օրը Երևանում կայացած երկրորդ հանդիպմանը՝ Սերբիայի դեմ՝ 2100 կիլոմետր: «Կտրուկ փոփոխությունները միգուցե հոգնեցնեն ֆուտբոլիստներին և գցեն տեմպից», - ասել է Շալանդը:

Հիշեցնենք՝ Եվրո-2016-ի I խմբի ընտրական մրցաշարի առաջին երկու հանդիպումներում Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Դանիային և ոչ-ոքի՝ 1:1 ավարտեց խաղը Սերբիայի հետ:

Այս պահին խմբի մրցաշարային աղյուսակի առաջին երկու հորիզոնականները 4-ական միավորով զբաղեցնում են Ալբանիան և Դանիան, Հայաստանը 1 միավորով 4-րդն է:

Անի Մեջլումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG