Մատչելիության հղումներ

«Դանակը դրել են» Հակոբ Ինջիղուլյանի պարանոցին և սպառնացել


«Դանակը դրել են» Հակոբ Ինջիղուլյանի պարանոցին եւ սպառնացել
please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00

Զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ խոշտանգումները սկսվել են Ադրբեջանում գերեվարվելու հենց առաջին պահերից. դանակը դրել են կոկորդին ու տապալել գետնին. այսպես է 23-ամյա Ինջիղուլյանը նկարագրել գերեվարման օրը՝ անցած տարվա օգոստոսի 7-ին կատարվածն ու դրան հաջորդած զարգացումները։

Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորած Քննչական կոմիտեում է շարունակվում հակառակորդի մոտ հայտնվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հակոբ Ինջիղուլյանը, ով 10-ն օր առաջ վերադարձավ հայրենիք, հարցաքննվել է և մանրամասն նկարագրել կատարվածը։ Ըստ քննչական կոմիտեի հրապարակած ցուցմունքի, երիտասարդը դեպքի օրը երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում, գնացել է դասակի դիրք` ջուր բերելու: Ջրի տարան լցնելուց հետո դասակի հրամանատարից ծխախոտ է խնդրել, ծխելով դուրս եկել։ Մութն ընկել է և վատ տեսողություն ունեցող Ինջիղուլյանը չի կարողացել ճիշտ կողմնորոշվել տեղանքում։ Հեռվում տեսնելով էլեկտրական լույս՝ գնացել է լույսի ուղղությամբ ու նկատել մի տնակ, դուռը բացելով՝ տեսել է չորս մարդ: Հարցրել է՝ որտեղ է գտնվում մարտական կիրառման շրջանը, և երբ զրուցակիցներից մեկը, ինչպես ինքն է պատմել, խոսել է թուրքերեն, արդեն հասկացել է, որ մոլորվել ու հայտնվել է հակառակորդի գյուղում։

Ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական տեղեկատվության, այդ մարդկանցից ամենաերիտասարդը, դանակը դնելով Ինջիղուլյանի վզին, սպառնացել է, հետո բջջային հեռախոսով կապվել ինչ-որ մեկի հետ: Քիչ անց ժամանել են չորս զինվորականներ, Ինջիղուլյանի աչքերը փակել են անթափանց կտորով, նստեցրել մեքենա։ Մոտ 30 րոպե երթևեկելուց հետո ամայի դաշտում կանգնեցրել են ավտոմեքենան, երիտասարդին դուրս հանել և տապալելով գետնին՝ դաժանորեն ծեծել, հետո տարել են երկհարկանի մի շինություն։ Այնտեղ զինվորական համազգեստով մի տղամարդ հայերեն հարցեր է տվել, համոզվելով, որ իրականում մոլորվելու հետևանքով է հայտնվել նրանց տարածքում՝ Ինջիղուլյանին նույն ավտոմեքենայով տեղափոխել են Բաքվի ռազմագաղութ. - «Ծեծ, ծեծ և ծաղրանք, հայհոյանք։ Ասում էին՝ մեր ասածով չշարժվես, մեր ասածով չանես, են չոբանի օրը կընկնես՝ գնդակահարություն էր սպասվում»,- Ինջիղուլյանը Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում էլ վերահաստատել է Հայաստան վերադառնալու օրը լրագրողների հետ զրույցում իր հնչեցրած այս հայտարարությունները։ Ասել է, որ ռազմագաղութում հաճախ իրեն ծեծի է ենթարկել մայորի կոչումով մի տղամարդ, որը բռնություններով ու սպառնալիքով ստիպել է հարցազրույց տալ և ասել այն, ինչ իրեն նախապես կթելադրեն։ Ըստ Ինջիղուլյանի, սպան իրեն ծեծել է նաև Կարմիր Խաչի ներկայացուցիչների հետ հանդիպելուց առաջ՝ ստիպելով ասել, որ չի ցանկանում վերադառնալ Հայաստան, ուզում է գնալ երրորդ երկիր։ Քննչական կոմիտեից նաև տեղեկանում ենք, որ Ինջիղուլյանը գերության ընթացքում Ադրբեջանի նախագահին հասցեագրված դիմում է գրել՝ երրորդ պետություն տեղափոխվելու ցանկության մասին։ Սակայն այստեղ իր ցուցմունքում նա ասել է, որ դա ևս արել է սպառնալիքների և հալածանքների ներքո:

Հիշեցնենք, մոտ մեկ տարի բանակցություններ էին վարվում եվրոպական երկրների հետ, մինչև որ դրանցից մեկը համաձայնեց Հակոբ Ինջիղուլյանին ընդունել։ Այս տարվա օգոստոսի 26-ին նրան տեղափոխեցին երրորդ երկիր, որտեղից էլ երիտասարդը հոկտեմբերի 2-ին վերադարձավ Հայաստան։

ՀՀ Կառավարությանն առընթեր Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանն այսօր «Ազատությանը» տեղեկացրեց, որ Ինջիղուլյանը բժշկական հետազոտություն է անցել Հայաստանում և նրա մոտ առողջական լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել:

«Փառք Աստծո, որ իր առողջական վիճակը նորմալ է եղել։ Նախկինում նմանատիպ դեպքեր ենք ունեցել, որ ուղղակի կես մարդ ենք կարողացել վերադարձնել»,- նշեց նա։

Կապրիելյանի համոզմամբ, Ինջիղուլյանին փրկել են երրորդ երկիր տեղափոխվելու մասին նրա հայտարարությունները։ Նախ դրանից հետո ակտիվացել են Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ու ՄԱԿ-ի ներկայացուցիչների շփումները գերու հետ, բացի այդ, փորձագետի կարծիքով, ադրբեջանական կողմին ձեռնտու չէր, որ նրա մոտ երրորդ երկրում անմիջապես առողջական խնդիրներ հայտնաբերվեին։ Հետևաբար Ինջիղուլյանի հետ, ըստ Կապրիելյանի, չեն վարվել այնպես, ինչպես վարվել են այլ գերիների հետ Հայաստան վերադարձնելուց առաջ:

«Պատկերացնո՞ւմ եք, այդքան աղմուկ բարձրացնելուց հետո, այդպիսի քաղաքական Փի-առ ակցիա անցկացնելուց հետո «տեղավորեցին» այդ տղային ինչ-որ մի երկրում ու շատ կարճ ժամանակ անց այդ տղան կամ մահանում է, կամ մի ծանր հիվանդությամբ է սկսում տառապել... Չէ՞ որ որոշ ատյաններից կսկսեն քարեր նետել հենց Ադրբեջանի վրա, ճի՞շտ է»,- նշեց Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավարը։

Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքից տեղեկացանք, որ նա արդեն շարունակում է զինվորական ծառայությունը Հայաստանում։

XS
SM
MD
LG