Մատչելիության հղումներ

Կատաղի մարտեր Քոբանի ավանի համար


Քոբանի քաղաքը հրետակոծվում և ռմբահարվում է, 13 հոկտեմբերի, 2014թ.

Քոբանի քաղաքը հրետակոծվում և ռմբահարվում է, 13 հոկտեմբերի, 2014թ.

Քուրդ զինյալները մեծ դժվարությամբ դեռ զսպում են Քոբանի ավանը պաշարած «Իսլամական պետություն» զինված կազմակերպության գրոները։

Քրդերին օգնության է հասնում Միացյալ Նահանգների առաջնորդած դաշինքը, որի օդանավերը ռմբահարում են Քոբանիի հարավային թաղամասերի մոտ իսլամիստների դիրքերը և ծանր տեխնիկան։

«Իսլամական պետության» ստորաբաժանումները մոտ մեկ ամիս շարունակ փորձում են նվաճել Քոբանին, բայց այսօրվա դրությամբ գրավել են ավանի միայն մեկ-երրորդը։

Հետզհետե ավելի ակտիվ է գործում Թուրքիան։ Այդ երկրում բնակվող քրդերը բազմահազարանոց ցույցեր են անցկացրել, պահանջելով Անկարայից զորք մտցնել անմիջապես Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Քոբանի և փրկել ավանի քուրդ բնակիչներին։

Ըստ քրդերի, թուրքերը միտումնավոր չեն միջամտում, քանի որ արյունահեղությունը մինչև որոշակի հանգրվան, իբրև թե, ձեռնտու է Անկարային։ Թուրքիայի իշխանությունները հերքում են այդօրինակ մեղադրանքը և պնդում, որ ցամաքային գործողությունն անհրաժեշտ է, սակայն պետք է իրականացվի ոչ միայն թուրքական, այլ մի շարք երկրների բանակների միջոցով։

Այսօրվա դրությամբ թուրքերը պատրաստ են ռազմաուսումնական օգնություն ցույց տալ «Իսլամական պետության» դեմ պայքարող սիրիացի չափավոր իսլամիստներին։ Բացի այդ, «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Անկարան ամերիկացիներն թույլատրել է օգտագործել Ինջիրլիքի ավիաբազան։

Նախքան պատերազմը Քոբանիում բնակվել է մոտ 45 հազար մարդ, գերիշխող մեծամասնությունը` քրդեր։ Պատերազմը սկսվելուն պես բնակչության թիվը հասել է մի քանի հարյուր հազարի, քանի որ ավանում ապաստանել են Սիրիայի տարբեր շրջաններից փախուստի դիմած քրդեր։

Սակայն անցած մի քանի շաբաթում բնակիչների մեծ մասն անցել է սահմանը և հայտնվել է Թուրքիայի տարածքում։ Ըստ Անկարայի, քուրդ փախստականների թիվը մոտ 200 հազար է։

Հիմա Քոբանիում մնացել է 5-10 հազար մարդ։ ՄԱԿ-ը հայտարարել է, որ եթե «Իսլամական պետություն» կազմակերպության ստորաբաժանումները գրավեն ավանը, Քոբանիի բնակիչներին կոտորած է սպառնալու:

Քոբանիի բնակիչներից 28-ամյա Շամսան մեր ռադիոկայանին ասել է, որ իրավիճակը շատ ծանր է։

«Այստեղ կյանք այլևս չկա, իմ աջքերի առաջ Իսլամական պետությունը հրետակոծում է քաղաքս, ես տեսնում եմ, թե ինչպես են իսլամիստներին ռմբահարում կոալիցիայի ինքնաթիռները, վիճակը շատ վատ է»,- ասել է Շամսան՝ նշելով այդուհանդերձ, որ կոալիցիայի գործողությունները ներկայիս պայմաններում միակ փրկությունն են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG