Մատչելիության հղումներ

Հրանտ Բագրատյան. ԵՏՄ-ը միանալով Հայաստանում մաքսատուրքերի ու գների աճն անխուսափելի է դառնալու


Նախկին վարչապետ Հրանտ Բարգատյանը՝ «Ազատության» Կիրակնօրյա վերլուծական ծրագրում, 12-ը հոկտեմբերի, 2014թ.

Նախկին վարչապետ Հրանտ Բարգատյանը՝ «Ազատության» Կիրակնօրյա վերլուծական ծրագրում, 12-ը հոկտեմբերի, 2014թ.

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանում մաքսատուրքերի ու գների աճն անխուսափելի է դառնալու, Ղարաբաղի հետ սահմանին մաքսակետի տեղադրումը՝ հնարավոր, մինչդեռ ակնկալվող օգուտների ու արտոնությունների մասին մինչև այս պահը որևէ բան չի հաղորդվում, պնդել է նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բարգատյանը՝ «Ազատության» կիրակնօրյա վերլուծական ծրագրում՝ «Ազատության» հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ զրույցում:

«Այստեղ միություն չկա, մենք, պարզապես, ընդունում ենք Ռուսաստանում գործող մաքսատուրքերը որպես մեր տնտեսության հիմք։ Ըստ այդմ, միջին մաքսատուրքը 2.8 տոկոսից կբարձրանա 9.3։ Երբ որ դու ունես 2.8 տոկոս և 9.3, պետության ղեկավարի շնորհքը պետք է այնքան լինի, որ բանակցի, ասի՝ լավ, էս տարածություն, եթե մենք մտնում ենք, ինչի՞ պիտի սենց վնասվի մեր տնտեսությունը։ Կարելի է ասել, որ մեզ տրվում են արտոնություններ, որպեսզի մենք կորուստներ չունենանք, բայց այդ արտոնությունների մասին այդպես էլ խոսք չի եղել։ Ինձ, որպեսզ պատգամավորի, հայտնի չէ՝ ի՞նչ արտոնություններ են տվել», - ասաց Բագրատյանը։

Նախկին վարչապետը փաստում է՝ 2002 թվականից հետո, երբ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը որոշեցին միասնական տնտեսական դաշինք կազմել, երեք երկրներում էլ տնտեսական աճը դանդաղեց:

Հիմա կանխատեսումները բավական հոռետեսական են Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների պատճառով: Բագրատյանի խոսքով՝ տնտեսական լուրջ խնիդրներ ունեցող Հայաստանը, միանալով այդ դաշինքին, է՛լ ավելի է սահմանափակում աճի ու զարգացման իր հնարավորությունները։

«Մենք պետք է կանչենք մեր արտադրողներին և ասենք՝ մասնագիտացեք նրա վրա, որը ղազախական շուկան է, ռուսական և բելառուսական։ Եթե դու չէիր ինտեգրվում որևիցե մեկի մեջ, դու նրան ասում էիր՝ մասնագիտացիր մի գործունեության մեջ, որն աշխարհին պետք է», - ասաց Բագրատյանը։

«Սահմանափակելով Հայաստանի ինքնիշխանությունը՝ Սերժ Սարգսյանն այդպես էլ չհստակեցրեց հաջորդ կարևոր հարցը՝ դրվելու է արդյո՞ք մաքսակետ Ղարաբաղի հետ սահմանին», - հարցնում է նախկին վարչապետը՝ ենթադրելով, որ կողմերը, թերևս, բանավոր համաձայնությունների են եկել, որոնք, սակայն, շատ հնարավոր է մի օր անտեսվեն։

«Ասում են՝ դա տենց կգրվի, բայց իրականում չի իրականացվի։ Իսկ եթե իրականացվի՞, իսկ եթե մի օր Մաքսային միության մաքսավորները՝ զինվորները, գան կանգնեն ասեն՝ հետայսու սա լուրջ մաքսակե՞տ է։ Ես չեմ կարող ասել, թե Սերժ Սարգսյանը կարող էր կամ չէր կարող դա ստորագրել, բայց ինքն է բերել դրան հասցրել», - ընդգծեց նախկին վարչապետը։

Հաշվի առնելով ապագա միության անդամ երկրների տնտեսական հնարավորություններն ու Հայաստանի անդակցության մասով անպատասխան մնացած հարցերը՝ Բագրատյանը ենթադրում է՝ մի քանի տասնամյակ անց հայտնվելու ենք Խորհդային Միությունից շատ չտարբերվող տարածքում, որտեղ այլ դաշնակիցների հետ տնտեսական համագործակցության հնարավորությունները սահմանափակված են, ինքինիշխանությունը՝վտանգված։

«Հետայսու մենք զիջում ենք մաքսատուրքեր սահմանելու իրավունքը այս կառույցին, և, ինչքան ես եմ հասկանում, գուցե սխալվում եմ, ինձ կպարզաբանեն, Հայաստանն ինքը Մաքսային ծառայություն չպետք է ունենա, մեր Մաքսային ծառայությունը պետք է լինի ԵՏՄ-ի Մաքսային ծառայության բաժին։ Ասեմ մոտավորապես էվոլյուցիան՝ հիմա սա տնտեսական միություն է՝ ազատ առևտրի ռեժիմով, անցնում ենք այս ռեժիմը, դառնում ենք Մաքսային միություն, դրանից հետո անպայման կլինի Ֆինանսական միություն՝ միասնական դրամական միավոր, բնական է, որ կլինի, և, իհարկե, հենց որ եղավ դրամական միություն, կստեղծվեն օրգաններ, և առաջին հերթին կստեղծվի այնպիսի օրգան, որը կոորդինացնում է արտաքին քաղաքականությունը», - ասաց Հրանտ Բագրատյանը։

«Նոր միությունը ծառայում է միայն Ռուսաստանին, որի նպատակն է հումք տալ և իր շուրջը ստեղծել երկրների գոտի, որոնք կայսրությանը կմատակարարեն անհրաժեշտ արտադրանքը», - ասում է նախկին վարչապետը՝ և ընդգծում՝ թե ինչ արդյունքներ կունենա Հայաստանն այս միության կազմում՝ դեռ անորոշ է, սակայն, հստակ է, որ անդամակցությունից հետո կավելանա արտագաղթը։

«Հիմա այլևս 2015-ի հունվարի 1-ից հետո գնացողին արտագաղթող անվանել դժվար է, որովհետև մի միության միասնական տարածք է, առաջանալու է մի նոր կատեգորիա՝ Եվրասիական տնեսական միության մշտական բնակիչ. հիմա այլևս իմաստ չկա գնալ Ռուսաստանում աշխատել, փող ուղարկել, ավելի ճիշտ կլինի միանգամից ընտանիքով գնալ, որովհետև Ռուսաստանում բնակչությունը նվազում է, և Ռուսաստանը չի թաքցնում, որ տարեկան մեկից երկու միլին մարդու կարիք ունի, որպեսզի կարողանա սպասարկել տնտեսական աճը։ Ես վախենում եմ, որ շատ սարսափելի տեմպերի հասնի», - ասաց Բագրատյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG