Մատչելիության հղումներ

Հայաստանում ավելացել է հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց թիվը


Հոգեկան խնդիրդիրներ ունեցող երիտասարդի մայրը, ով չի ցանկանում ներկայանալ, ասում է, որ այս գարնանից, ինչ պետությունը որոշեց խնայել և ավելի էժան ու անորակ դեղ տրամադրել հիվանդներին, իրենց ընտանիքը լուրջ խնդրի առևջև է կանգնել:

Սեփական միջոցներով չեն կարողանում որակյալ դեղ գնել, իսկ պետության տրամադրած նոր դեղամիջոցից հիվանդի վիճակը օրեցօր վատանում է:

«Մինչև հիմա «Զիպրեքս» ա ինքը վերցրել, բայց հիմա ասում են՝ դա թանկ է, չենք կարող վերցնել, դուք ինքներդ գնեք: Բայց մենք ինչպես գնենք, եթե թոշակառուն չնչին գումար ա ստանում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ բազմիցս նախարարություն է դիմել այդ հարցով, բայց ոչ մի արդյունք:

Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիայի նախագահ Կարինե Թուխիկյանի խոսքով, այս հարցի շուրջ բողոքները բազմաթիվ են, և պետությունը հիվանդների հաշվին խնայողություններ անելով՝ շարունակում է անարդյունավետ ծախսեր կատարել բյուջեից:

«Բազմիցս համապատասխան կառույցների ղեկավարները գրել են, որ պետությունը գնում է էժան դեղ․․․Մեր հիվանդները դեղ փորձարկման կրիչներ չեն: Էժան դեղ չի կարելի տալ, չի կարելի անորակը տալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թուխիկյանը:

Հայաստանի գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանն ասում է, որ խնդրին ծանոթ են նաև Առողջապահության նախարարությունում և հարցը ուսումնասիրում են: Նա չի հերքում, որ այն դեղամիջոցը, որը հիվանդները ստանում եին նախկինում, իսկապես շատ ավելի արդյունավետ էր․ - «Բայց «Գնումների մասին» օրենքից ելնելով՝ երբ կատարվել են գնումներ, այդ ժամանակ ղեկավարվել են այդ օրենքով, և դժգոհում են հիվանդները, դժգոհում են հիվանդների հարազատները: Դրա հետ կապված Առողջապահության նախարարի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնախումբ, որն ուսումնասիրում է այդ խնդիրները: Մինչև տարվա վերջը մենք այդ հարցի լուծումը կփորձենք տալ»:

Մինչ պետությունը երկար ուսումնասիրություններ է կատարում և տնտեսում դեղերի վրա, հիվանդների վատթարանում անում է: Այս ամենի հետևանքով պետությունը, ի վերջո, ավելի շատ է ծախսում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց հիվանդանոցային բուժման համար: Իսկ հիվանդանոցներում, ինչպես ասաց հոգեկան խնդիրներ ունեցող երիտասարդի մայրը, հաճախ ոչ մարդկային պայմաններ են:

Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում բազմիցս է նշվել հոգեբուժարանների ոչ բարվոք վիճակի մասին: Այսօր ևս օմբուդսմենի տեղակալ Տաթև Խաչատրյանը փաստեց, որ այդ իրավիճակի մեջ դեռևս որևէ փոփոխություն չկա․ - «Վարդենիսի տուն-ինտերնատում մեկ հոգեբույժը սպասարկում է մետ 450 անձ: Սա խայտառակ թիվ է: Սյունիքի մարզային նյարդահոգեբանական դիսպանսերում հոգեբույժի 7 հաստիքից 3-ն է ընդամենը զբաղեցրած: Դա հիվանդի մեղավորությունը չէ․ եթե պետությունը նրան պահում է այդ հաստատությունում, պետությունը կրում է ամբողջ պատասխանատվությունը այդ պահման պայմանների համար»:

ՎԵրջին տարիներին Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց թիվն ավելացել է: Մասնագետները դա հիմնականում պայմանավորում են նաև սոցիալական խնդիրներով:

Սոցիալական աշխատող, իրավաբան Ռուզաննա Զոհրաբյանն ասում է, որ նման խնդիրներ շատ հաճախ ի հայտ են գալիս 18-35 տարեկան երիտասարդ տղամարդկանց շրջանում: Նրանց 80 տոկոսն ունի բարձրագույն կրթություն և քիչ թե շատ տանելի սոցիալական պայամանների պարագայում կարող էին չհիվանդանալ և հասարակության լիարժեք անդամներ լինել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG