Մատչելիության հղումներ

logo-print

«Քաղաքացիական պայմանագիրը» քննադատում է ոչ իշխանական ուժերի հանրահավաքը


Փաշինյանի նախաձեռնած միավորումն անընդունելի է համարում Սերժ Սարգսյանի վարչախմբի հետ սակարկելը:

Եռյակի նպատակը հեղափոխությունը չէ, այլ՝ հերթական խորհրդարանական ու նախագահական ընտրությունների նախապատրաստությունը: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իր այս գնահատականը հիմնված է հոկտեմբերի 10-ին ոչ իշխանական ուժերի հնչեցրած ելույթների վրա։ Վելուծելով դրանք՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագիրը» եզրակացրել է, որ անցած ուրբաթ օրը ոչ իշխանական ուժերը բաց տեքստով Սերժ Սարգսյանի վարչախմբին առաջարկել են սակարկել քաղաքական իշխանության կիսման, բաժանման, փոխանցման շուրջ՝ անտեսելով հրապարակ եկած ժողովրդի կարծիքը։

«Ընտրվում է այնպիսի մարտավարություն, որ քաղաքական դաշտում ուրիշ որևէ մեկը հանկարծ նախապատրաստություններ չտեսնի, ամբողջ քաղաքական դաշտը պահեն, որ այս է՝ մարտին իշխանափոխություն է լինելու, չէ՝ ապրիլին, չէ՝ հետո հունիսին․․․ ու ինչպես քաղաքական պրոցեսը 2008 թվականից հետո ամեն օր ասելով, որ՝ օր առաջ, ժամ առաջ, հասցրին հերթական նախագահական և խորհրդարանական ընտրությունների, հիմա էլ նույն պրոցեսն է տեղի ունենում: Ես, գիտեք, այն նախորդ պրոցեսին մասնակից եմ եղել, ես իմ բաժին պատասխանատվությունը ստանձնում եմ, բայց կներեք՝ նույն բանը երկրորդ անգամ կրկնելը առնվազն ճիշտ չէ», - նշեց Փաշինյանը:

«Քաղաքացիական պայմանագրի» անդամներն անհրաժեշտ են համարում հանրային-քաղաքական նոր օրակարգի ձևավորումը: Այդ նպատակով քննարկումներ կծավալեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, իրենց գնահատականները կիսող ընդդիմադիր քաղաքական ուժերի, Արցախի և Սփյուռքի հանրային-քաղաքական շրջանակների, ակտիվ անհատների հետ: Նպատակն՝ իշխանափոխությունն է։ - «Բայց կեղծ խոստումներ չենք տալու»,- հայտարարեց Փաշինյանը։

«Այս ժողովուրդը, ի վերջո, արժանի է, որ իր քաղաքական էլիտան անընդհատ իրեն տոկի տված վիճակում չպահի: Մենք այսօր և՛ կազմակերպական առումով, և՛ մնացած առումներով պատրաստ չենք ոչ միայն խոսել․․․ հիմա ուզո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանի և նրա կլանի, ընտանիքի մասին այնպիսի ճառեր կարող եմ ասել, որ բոլորդ կփշաքաղվեք: Բայց խնդիրը դա չէ, խնդիրը դա ասելուց հետո, մարդկանց խոստանալուց հետո, խոստումները կատարելն է: Մենք մարդկանց առաջ մեր խոստումներում լինելու ենք ժուժկալ, բայց մեր ցանկացած խոստում հասցնելու ենք իր նպատակին, իր լրումին», - նշեց նա:

«Քաղաքացիական պայմանագրի» անդամ Սասուն Միքայելյանն ասաց, թե երբ կգործեն։

«Ինչքա՞ն մարդ է պետք այս ընդդիմությանը, որ իշխանափոխություն անի: Իսկ որ գա ժամանակը, մենք այդքան մարդ կարողանանք հավաքել հրապարակ, հաստատ համոզվեք, որ կգնանք իշխանափոխության», - ասաց նա:

Սասուն Միքայելյանը ոչ իշխանական եռյակին մեղադրեց Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրման թիկունքն ապահովելու մեջ:

«Փողոցը պահեցին ոչ իշխանական ուժերը, իսկ իշխանությունը ստորագրեց պայմանագիրը Մաքսային միության հետ կապված», - ասաց նա:

«Քաղաքացիական պայմանագրի» անդամները նաև քննադատեցին Սերժ Սարգսյանի նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունները։ Փաշինյանի ձևակերպմամբ՝ «այդ մեծ աֆյորան» քաղաքական կլանի իշխանությունը հավերժացնելու նպատակ ունի։

«Ես այդ կլանի անբաժանելի մասն եմ համարում Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական արբանյակներին, ես այդ նույն շրջանակում եմ նայում և՛ սահմանադրական փոփոխությունները, և՛ սահմանադրական հակափոփոխությունները: Դրանք, ըստ էության, մի մեծ նույն քաղաքական աֆյորայի երկու տարբեր կողմերն են», - ասաց նա:

«Սահմանադրական ճանապարհով իշխանափոխության չես հասնի», - կարծում է Սասուն Միքայելյանը, ճանապարհը մեկն է՝ թավշյա հեղափոխությունը։

Ողջ քննադատությամբ հանդերձ, Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ եթե ոչ իշխանական եռյակը պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, իրենց նախաձեռնությունը կպաշտպանի այն։

«Ես ասել եմ, որ Սերժ Սարգսյան անունով նախագահ Հայաստանի Հանրապետությունում չեմ ճանաչում, և ուրեմն՝ նրա հրաժարականի պահանջը օրինաչափ, իրավաչափ պահանջ է», - նշեց նա:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG