Մատչելիության հղումներ

Սպանություն տաքսի ավտոմեքենայում


Անցած շաբաթ օրը քաղաքացի Լևոն Բունիաթյանի սպանության դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել են սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հոկտեմբերի 11-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում գտնվող ռուսական զորամասի հարևանությամբ՝ գնացքի գծերի մոտ, հայտնաբերվել էր Լևոն Բունիաթյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ սպանությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին՝ ժամը 1-ի սահմաններում, տաքսի ավտոմեքենայի մեջ: Առերևույթ հանցագործություն կատարած անձը (ուղևոր) կրակել է իր հետ նույն տաքսի ավտոմեքենայի սրահում գտնվող Լևոն Բունիաթյանի գլխի շրջանի ձախ քունքային մասին՝ նրան ապօրինաբար զրկելով կյանքից, այնուհետև նույն տաքսի ավտոմեքենայով Բունիաթյանի դին տեղափոխել է Ծարավ Աղբյուրի փողոցի հարևանությամբ տեղակայված զորամասին հարող տարածք և թողել գնացքի գծերի մոտ, որտեղ ևս մեկ ստուգողական կրակոց է արձակել Բունիաթյանի ծոծրակային հատվածին և նստելով նույն տաքսի ավտոմեքենան` հեռացել, ասված է հաղորդագրությունում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` առերևույթ հանցագործություն կատարած անձը ներգրավվել է որպես մեղադրյալ, փոխանցում է Քննչական կոմիտեն՝ առանց հրապարակելու տվյալ անձի ինքնությունը:

Դեպքի առթիվ Հայաստանի քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք) 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությունը Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG