Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընդդիմությունը իշխանություններից պահանջեց ազատ արձակել քաղբանտարկյալներին


Ադրբեջան - Հակակառավարական հանրահավաքը Բաքվում, 12-ը հոկտեմբերի, 2014թ․
Ադրբեջան - Հակակառավարական հանրահավաքը Բաքվում, 12-ը հոկտեմբերի, 2014թ․

Ազգային խորհրդի նախագահի խոսքով՝ Ադրբեջանում 105-ից ավելի քաղբանտարկյալ և խղճի կալանավոր կա:

«Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով Ադրբեջանի միացյալ ընդդիմությունը կիրակի օրը հանրահավաք անցկացրեց՝ իշխանություններից պահանջելով դադարեցնել քաղաքացիական ակտիվիստների հետապնդումները, ազատ արձակել քաղբանտարկյալներին և խղճի կալանավորներին: Հնչեցին նաև երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականը պահանջող կոչեր:

«Ադրբեջանի ներկայիս փուլը բռնությունների փուլ է: Այն ապագա չունի։ Մենք այստեղ վճռական «ոչ» ենք ասում անարդարություններին, անօրինականություններին և բռնություններին: Այսօրվա ռեժիմը ճաղերի հետևում է պահում և խոշտանգում Ադրբեջանի լավագույն զավակներին և դուստրերին՝ Ինթիգամ Մամեդովին, Իլդար Մամեդովին, Լեյլա Յունուսին, Անար Մամեդլիին և շատ ուրիշներին», - ասել է Հասանլին:

Ազգային ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները ամբողջ աշխարհի աչքին վարկաբեկվել են որպես կոռուպցիոն և պետական միջոցները գողացողներ:

«Իշխանությունները փորձում են կոտրել յուրաքանչյուրին, ով իրենց դեմ հանդես է գալիս ճշմարիտ խոսքով: Ադրբեջանի լավագույն զավակները բանտերում են: Մենք պահանջում ենք նրանց ազատ արձակել», - հայտարարել է Քերիմլին:

Հանրահավաքը վարող Աբուլֆազ Գուբանլին հայտարարել է, որ Իլհամ Ալիևը, ով երկիրը կառավարում է կոռուպցիայի և բռնությունների միջոցով, պետք է հրաժարական տա:

Հանրահավաքի ընթացքում մի քանի անհայտ մարդիկ փորձել են բարձրացնել «Իսլամական պետություն» խմբավորման սև դրոշը: Կազմակերպիչները դա գնահատել են իշխանությունների կողմից կազմակերպված սադրանք՝ ընդդիմությանը վարկաբեկելու համար: Հանրահավաքի մասնակիցներն այդ անձանց իսկույն առանձնացրել են և հանձնել ոստիկաններին:

Ջամիլ Հասանլին իր ելույթում ասել է․ - «Այսօր սադրիչ փորձեր արվեցին, բարձրացվեց «Իսլամական պետության» դրոշը, որին ամբողջ աշխարհը դատապարտում է մահապատիժների և ահաբեկչության համար: Մեր հանրահավաքում կարող են բարձրացվել միայն Ադրբեջանի և Եվրամիության դրոշները: Մեր նպատակը Եվրոպային ինտեգրվելն է»:

Հաղորդելով հանրահավաքի մասին՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակիցը նշում է, որ հանրահավաքի վայրում և մոտակա մետրոյի կայարանի մոտ շատ ոստիկաններ կային: Իշխանությունների թույլտվությամբ ընդդիմությունը հանրահավաքն անցկացրել է Բաքվի ծայրամասում գտնվող «Մեխսուլ» մարզադաշտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG